Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. Ես «տարօրինակ հայտարարություն» չեմ արել

Ապրիլ 12,2014 12:15

«Սահմանադրությամբ վարչապետ նշանակելու լիազորությունը պատկանում է երկրի նախագահին. Սա է փաստը»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` ընդգծելով, որ իր այս միտքը երեկ հնչեցրել է թերթերից մեկի լրագրողի հետ զրույցում, սակայն այսօր արդեն հասկացել, որ թերթը այն աղավաղել է և իրականում ներկայացրել ոչ թե իր` պատգամավորի, այլ լրագրողի խոսքերը:

Հիշեցնենք` այսօր «Հայկական ժամանակը» գրել է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տարօրինակ հայտարարություն է արել: Նա ասել է, որ վարչապետ նշանակելու վերջնական որոշումը սահմանադրորեն պատկանում է երկրի նախագահին:
ՀՀ գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը վարչապետ նշանակելու գործում միայն ձեւական դերակատարում ունի: Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը. «ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին»: Սահմանադրության մեջ նշված չէ, թե նախագահը ԱԺ մեծամասնության ներկայացրած անձին կարող է չնշանակել վարչապետ, ինչը նշանակում է, որ այս գործում նրա դերը բացառապես ձեւական է»:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զարգացումները այն ուղղությամբ են գնում, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են սենսացիաներ հորինել այնտեղ, որտեղ դրանք չկան ու չեն կարող լինել, քանի որ բոլոր զարգացումները միտված են մեր երկիրը ավելի ժողովրդավարական ու իրավական դարձնելուն. «Պետք չէ ձուկ որսալ պղտոր ջրում: ՀՀԿ-ն երբեք չի խախտել Սահմանադրության ոգին ու տառը ու այդպես էլ շարունակելու է այսուհետ: Ամեն բան կլինի ըստ Սահմանադրության»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլի 13-ին ժամը 14:00-ին ՀՀԿ գրասենյակում Գործադիր մարմնի նիստ կգումարի, իսկ դրանից մեկ ժամ անց՝ ժամը 15:00-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ: Այդ ժամանակ էլ հավանաբար հայտնի կդառնա Հայաստանի 13-րդ վարչապետի թեկնածուի անունը: Նշենք նաև, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930