Սա «Ներքին շենում» մեքենայի գնդակոծության 2-րդ դեպքն է
Ապրիլի 11-ին ժամը 14-ն անց 30-ի սահմաններում ադրբեջանցի դիպուկահարը 2 կրակոց է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղի սահմանամերձ «Ներքին շեն» տարածքի վրա: Գնդակներից մեկը խոցել է Չորաթանի 26-ամյա բնակիչ Արման Մկրտչյանի «Վազ-2106» ավտոմեքենայի շարժիչի փոխանցումների տուփը, այն շարքից հանել: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղրամյանն ասաց, որ ինքն այդ ժամանակ գտնվել է այդ տարածքում: Ավտոմեքենան քարշելով են գյուղ բերել: Արման Մկրտչյանը 2 օր առաջ վարկով էր գնել այդ մեքենան: Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վնասված ավտոմեքենայի համար փոխհատուցել: Այս տարվա մարտի 19-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակը «Ներքին շեն» տարածքում խոցել էր Չորաթանի բնակիչներից մեկին պատկանող «Վիլիսի» դուռը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ