Տարեսկզբի տնտեսական ցուցանիշները Հայաստանում թեեւ ոգեւորիչ չեն, այնուհանդերձ միջազգային ֆինանսական կազմակերպությունները լավատեսորեն են տրամադրված։ Նրանք հույս ունեն, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն աստիճանաբար կավելանա, թեեւ դա բավարար չի լինի պետական բյուջեով նախատեսված աճն ամբողջությամբ ապահովելու համար։
Ինչպես հայտնի է, այս տարի ծրագրված է համախառն ներքին արդյունքն ավելացնել 5,2 տոկոսով։ Սա շատ ավելի բարձր աճի ցուցանիշ է, քան նախորդ տարվա կատարողականը. 2013թ. Հայաստանում գրանցվեց 3,5 տոկոսանոց աճ, ինչը գրեթե կրկնակի պակաս էր ծրագրված ցուցանիշից։
Չնայած նման ցածր կատարողականին, դա չի խանգարում միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ այս տարվա համար շատ ավելի դրական ակնկալիքներ ունենալ։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2014թ. Հայաստանում սպասվում է 4,3 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը նախորդ կանխատեսման համեմատ մի փոքր նվազել է։ Այնուհանդերձ, դատելով տարեսկզբին արձանագրված տնտեսական միտումներից, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների սպասումները շարունակում են մնալ բավական բարձր՝ Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացների վերաբերյալ։
Առավել եւս, որ այդ կանխատեսումներում ներառված է նաեւ ուկրաինական գործոնի ազդեցությունը։ ԱՄՀ կարծիքով, ուկրաինական ճգնաժամը բացասաբար է ազդում Ռուսաստանի տնտեսության վրա։ Դրանից տուժում են նաեւ նրա հետ ուղղակիորեն փոխկապակցված երկրները։
Հայաստանի տնտեսության նկատմամբ շատ ավելի դրական են տրամադրված Համաշխարհային բանկի փորձագետները։ Նրանք հակված են կարծելու, որ տնտեսական աճը կլինի 5 տոկոսի սահմաններում։ Այս առումով ՀԲ եւ Հայաստանի կառավարության կանխատեսումները շատ մոտ են, թեեւ դրանք արվել են տրամագծորեն տարբեր իրավիճակներում։
Երբ ընդունվում էր պետական բյուջեն, հազիվ թե որեւէ մեկը կարող էր կանխատեսել, որ այսպես կզարգանան գործընթացները Ուկրաինայում, եւ Ռուսաստանի տնտեսությունը կկանգնի նման մարտահրավերների առջեւ։ Այնպիսի տպավորություն է, որ Համաշխարհային բանկի փորձագետները այս գործոնը հաշվի չեն առել իրենց գնահատումներում, թեեւ բոլորվին էլ այդպես չէ։ Այն եւս դիտարկվել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն անելիս։
Համաշխարհային բանկի փորձագետների դրական սպասումները պայմանավորված են ոչ այնքան արտաքին, որքան ներքին գործոններով։ Նրանք լուրջ հույսեր են կապում կառավարության եւ Կենտրոնական բանկի հայտարարած ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության հետ։ Բանկի մասնագետները կարծում են, որ այդ քաղաքականությունը կխթանի ներքին պահանջարկը։
ՀԲ-ն չափից ավելի լավատես է Հայաստանի ոչ միայն տնտեսական աճի, այլեւ գնաճի առումով։ Բանկի մասնագետների գնահատումներով, այս տարի գնաճը կկազմի 2,4 տոկոս։ Սա շատ ավելի ցածր է, քան Կենտրոնական բանկի ակնկալիքներն են. դրանք տատանվում են 4 տոկոսի սահմաններում։
Համաշխարհային բանկի կողմից գնաճի նման մակարդակի կանխատեսումը տրամագծորեն տարբեր է Արժույթի միջազգային հիմնադրամի սպասումներից։ Վերջինս գնաճային ճնշման ռիսկը առնվազն կրկնակի բարձր է գնահատում։ ԱՄՀ փորձագետները հակված են կարծելու, որ այն պակաս չի լինի 5 տոկոսից։
Գնաճի վերաբերյալ Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի կանխատեսումների նման էական տարբերությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է նման հայտնի կառույցների կարծիքներն այդքան էական շեղում ունենան։ Որն է դրանցից առավել հավանականը, ցույց կտա ժամանակը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: