Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա քաղաքականություն՝ բառի և աշխարհին հայտնի իմաստներով. «168 ժամ»

Ապրիլ 12,2014 10:54

«Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Նա 20-օրյա ժամկետում պետք է ձևավորի նոր կառավարություն: Նախագահի նստավայրում կայացած լայն կազմով հանդիպման արդյունքում որոշվել է, որ կառավարությունում, բացի ՀՀԿ-ից, պաշտոններ կստանձնեն «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները՝ ըստ Ազգային ժողովում ներկայացվածության ցուցանիշի: Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընդդիմության հիշատակը՝ չմոռանալով հոգու հանգստություն մաղթել նաև ՕԵԿ-ին»:

Եթե Հայաստանում քաղաքական իրադարձությունները տեղի ունենային քաղաքական տրամաբանության ու օրինաչափությունների շրջանակներում, ապա վաղը երեկոյան նախագահի նստավայրը կամ որևէ այլ կառույց վերը նշված բովանդակությամբ հայտարարություն պետք է տարածեր՝ ավարտելով այն անհեթեթ վիճակը, որը ստեղծվել է քաղաքական ու պետական կառավարման համակարգում: ՀՀԿ-ն ունենալով մեծամասնություն՝ մոտ 10 օր չի կարողանում վարչապետ նշանակել, որպեսզի հանկարծ չնեղացնի «ԲՀԿ և ընկերներ» միավորմանը, վերջիններս էլ համառորեն չեն ուզում ընդունել իշխանության առաջարկը ու մաս կազմել կոալիցիային: Բայց չցանկանալով` պատրաստվում են ներկայացնել կառավարության գործունեության այլընտրանքային ծրագիր, որն ընդունելու դեպքում «փառք ու պատիվ» են խոստանում իշխանությանը: Իշխանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել այս պատվարժան նախաձեռնությանը, ու տակավին անհայտ է, թե ինչ կլինի, եթե դրական արձագանքի, ինչպես որ դժվար է ասել՝ ի՞նչ կլինի, եթե արձագանքի բացասաբար:

Քանի որ դրական արձագանքի տրամաբանական շարունակությունը, եթե ոչ` ամբողջական քառյակի, ապա` առնվազն նրա մի մասի, ընդգրկումն է կառավարության կազմում, բացասականինը՝ քառյակի բոլոր ուժերի կողմից նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի մեկնարկը: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ քառյակի հիմնական անդամը՝ ԲՀԿ-ն, պաշտոնապես հայտարարում է, թե իր օրակարգում չկա ոչ կառավարությանը մաս կազմելու, ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Մնում է ենթադրել, որ իրականում ոչ թե օրակարգում հարցեր չկան, այլ բացակայում է օրակարգն ինքնին: ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վարքագիծը, ի դեպ, գրեթե համարժեք է:

Ինչպես իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում իրացնել իր մեծամասնությունն ու վարչապետ նշանակել, այնպես էլ վարվում է ԲՀԿ-ն՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի` իր կարգավիճակի հետ: Որովհետև Հայաստանում չկա քաղաքականություն՝ բառի և աշխարհին հայտնի իմաստներով: Դրա համար էլ սկզբում նկարագրված սցենարը տեղի չի ունենա, Հովիկ Աբրահամյանը կամ իշխանությանն ու քառյակին հավասարապես բավարարող որևէ այլ թեկնածու այլևս դժվար թե վարչապետ դառնա, քաղաքական հոգեհանգիստն էլ կարող է վերածվել հարսանիքի:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930