–Կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը նո՞ւյնն է։ -Դաշնակցությունը ասել է այն, ինչ ասել է՝ մենք այս պահին կոալիցիայի մեջ մտնելու խնդիր չենք դնում. մեզ համար կարեւորը ծրագրերն են։ Երբ մեծամասնությունը ներկայացնի՝ կոալիցիան ինչ հետեւություններ է արել, ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչ ծրագրեր է իրականացնելու, դրանից հետո պարզ կլինեն նաեւ մեր մոտեցումները։ -Եթե մեծամասնությունն ընդառաջ քայլ անի՝ ընդունի ձեր առաջարկած 7 կետերից մի քանիսը, մերժելով մյուսները, կվերադառնա՞ք կոալիցիա։-Դեռեւս 2011թ. աշնանը, երբ Դաշնակցությունը հրապարակեց 7 կետերը, հայտարարվեց, որ դրանք քարացած ձեւակերպումներ չեն՝ պատրաստ ենք լսել քաղաքական այլ ուժերի տեսակետները եւ առաջարկությունները։ Այսինքն` մեր առաջ քաշած հիմնախնդիրների իրականացման ժամկետների, ձեւերի շուրջ կարող են լինել տարբեր պատկերացումներ, բայց բովանդակային առումով բոլորն էլ մեզ համար շատ կարեւոր են։ -Երեկ հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը, որտեղ, որպես այլընտրանք, ամրագրված է նաեւ կառավարման համակարգի փոփոխության հնարավորությունը։ Սա կարո՞ղ է դառնալ այն հենքը, որի շուրջ համագործակցելով՝ իշխանությունը եւ ընդդիմությունը կարող են իրականացնել «համակարգային փոփոխությունների» տեսլականը։ -Կարծում եմ, դեռ առիթ կունենանք այդ մասին խոսելու։ Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նույնիսկ նախնական նախագծի հրապարակումը թույլ է տալիս ասել, որ այն մոտեցումները, որոնց մասին մենք պարբերաբար բարձրաձայնել ենք, առնվազն սահմանադրական բարեփոխումների, համամասնական ընտրակարգի ամրագրման հետ կապված, իրենց արտացոլումը գտել են այդ նախագծում։ Սա նշանակում է՝ այն մոտեցումները, որոնք մեծամասնության կողմից նախկինում կտրականապես մերժվում էին, այսօր անընդունելի չեն համարվում։ Այդ առումով իրավիճակ է փոխվել։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարիներին էլ, երբ Դաշնակցությունը խոսում էր, օրինակ, երկքաղաքացիության դրույթը սահմանադրորեն ամրագրելու, սփյուռքի նախարարություն ստեղծելու, Ազգային անվտանգության խորհուրդ, հակակոռուպցիոն մարմին ձեւավորելու անհրաժեշտության մասին, դա ընկալում չէր գտնում, բայց հետո այլ քաղաքական ուժեր եւս անդրադարձան այդ հարցերին, եւ ոչ միայն անդրադարձան, այլեւ իրենք դարձան դրա ջատագովը։ Հույս ունենք, որ այս դեպքում էլ այն հիմնահարցերը, որ ժամանակին առաջ էր քաշում Դաշնակցությունը, այդ թվում՝ հրապարակված 7 կետի շրջանակներում, ի վերջո, սկզբունքային հավանության կարժանանան այլ քաղաքական ուժերի կողմից։ -Մեծամասնությունն ասում է՝ ինչ կառավարություն էլ լինի, ով էլ լինի վարչապետը, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերն է իրականացնելու։ Այս տեսակետից, ծրագրային լուրջ փոփոխությունների հեռանկար տեսնո՞ւմ եք։ -Եթե ձեւավորվեն ընդհանուր մոտեցումներ, մասնակցության ձեւաչափերի հարցը կարելի է քննարկել եւ հստակեցնել։ Սա բնավ չի նշանակում, թե այդ մասնակցությունը կարող է լինել բացառապես պորտֆելներ ստանձնելու կամ գործադիր իշխանության մեջ անպայման ներկայացված լինելու ձեւով։ Եթե գտնվեն համագործակցության եզրեր, այն ժամանակ կարելի է մտածել՝ ինչպես աջակցել, օժանդակել այդ ծրագրերի իրականացմանը։ Չեն գտնվի՝ ամեն մեկը կշարունակի այն ընթացքը, որով շարժվում էր մինչեւ հիմա։ |
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: |