Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրը երկակի մոտեցում է ցուցաբերել

Ապրիլ 12,2014 14:25

Մեկի գույքը գրանցել է, համանման գործով մյուսինը՝ ոչ

Վերահսկիչ պալատն ¥ՎՊ¤ անցյալ տարի ուսումնասիրել է նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը: Ըստ ՎՊ հաշվետվության, որը տեղադրված է պալատի կայքում, ընտրանքային կարգով ստուգվել են միայն «Երեւան» տարածքային ստորաբաժանման կողմից կատարված գործարքները, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Եվ սա այն դեպքում, երբ արդեն տեւական ժամանակ կոմիտեի համակարգում իրականացվում են բարեփոխումներ:

Վերահսկիչ պալատը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների գրանցումների ու գրանցման վարույթի կասեցման 5750 գործից ընտրանքային կարգով ստուգել է 180 գործ, որից խախտումներ են արձանագրվել 40-ում կամ ստուգվածի 22,2%-ում:

Օրինակ՝ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միանման գործերի համար ներկայացված փաստաթղթերը ստացել են տարբեր գնահատականներ, կիրառվել է երկակի մոտեցում: Եթե մի դեպքում ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերն ընդունվել են որպես հիմք, եւ կատարվել է պետական գրանցում, ապա մեկ այլ դեպքում նույն տարածքում գույքի պետական գրանցումը կասեցվել է: ՎՊ մասնագետները պարզել են, որ որոշ դեպքերում սեփականատերերի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում չի կատարվել, այլ անհիմն կասեցվել է, որից հետո առանց որեւէ լրացուցիչ փաստաթուղթ ի հայտ գալու նույն տարածքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում:

Մի շարք դեպքերում գրանցված հողամասերի գործառնական նշանակությունը չի համապատասխանել տրամադրված հողամասի նպատակային նշանակությանը:
Բազմաթիվ դեպքերում էլ օգտագործվող շենք-շինությունների օգտագործման նպատակային նշանակությունը չի համապատասխանել տրամադրված հողամասերի նպատակային եւ գործառնական նշանակությանը, ինչը հակասում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 10-րդ հոդվածի պահանջներին:

Ուսումնասիրությունները նաեւ պարզել են, որ մի շարք նախագծային ինստիտուտների, շենք-շինությունների օգտագործվող հողամասերի նպատակային նշանակությունը գրանցված է որպես բնակավայր, իսկ շինություններինը՝ արտադրական, մինչդեռ դրանք փաստացի օգտագործվում են որպես հասարակական նշանակության. «Երեւույթը պայմանավորված է նրանով, որ հասարակական նշանակության դեպքում գույքահարկի գործակիցը զգալի մեծ է: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ առանց համապատասխան լիազորությամբ օժտված լինելու՝ Կոմիտեի ստորաբաժանման կողմից կատարվել է հողի նպատակային նշանակության նշագրման փոփոխություն, որը բերել է հողային ֆոնդի եւ գույքահարկի բազայի մասնակի անճշտության»,- մեկնաբանված է ՎՊ հաշվետվության մեջ: Ըստ նույն աղբյուրի՝ որոշ դեպքերում էլ շինությունների կադաստրային գնահատման աշխատանքների մի մասն իրականացվել է սխալներով եւ թերություններով, արդյունքում պակաս են հաշվարկվել շենք-շինությունների կադաստրային գնահատված արժեքները:

Որպես օրինակ՝ ՎՊ-ն նշում է. «Մաշտոցի պողոտա 33/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի (7142,9քմ) նկատմամբ 13.09.2012թ. գրանցված է անհատի սեփականության իրավունքը: Գրանցման գործընթացը կատարվել է խախտումներով, շենքի փաստացի չափագրված եւ գրանցված տվյալները չեն համապատասխանում շինարարության նախագծին, մասնավորապես՝ 1-ին հարկում առկա է նախագծային շեղում, շենքի գլխավոր մուտքի ամբողջ տարածքը ինքնակամ կառույցով փակվել է, իսկ շենքի մուտքը երկրորդական մուտքից է կատարվում: Սխալ է կատարվել նաեւ բազմաբնակարան բնակելի շենքի կադաստրային գնահատումը. այն գնահատվել է անհատական բնակելի տան գնահատման կարգով, եւ գնահատված արժեքը կազմել է 709,630.3 հազ. դրամ, բազմաբնակարան շենքի գնահատման կարգով գնահատելու դեպքում այն կկազմեր շուրջ 1,460.0 մլն դրամ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել