Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում չունեն հարցի պատասխանը՝ նոր վարչապետը երկարակյա՞ց վարչապետ է լինելու, թե՞ անցումային

Ապրիլ 12,2014 14:45

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան
հանդիպումից իշխանությունը սարսափած չէ

«Ես հակառակը կպնդեի՝ դրանք ուժեղ նախագահի հայտարարություններ են»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ի վեր ընդդիմադիր քաղաքական դաշտում մեծ ոգեւորություն է առաջացել, հայտարարություններ ու կարծիքներ են հնչում այն մասին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացել է, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Սահմանադրական բարեփոխումների փաթեթի ներկայացումը, նախագահ Սարգսյանի դիտարկումներն էլ ավելի մեծացրեցին ընդդիմադիրների ոգեւորությունն այդ առիթով: Մինչդեռ իշխող ուժը ներկայացնող պատգամավորը պնդում է, որ միայն ինքնավստահ նախագահը նախապես կարող է հայտարարություններ հնչեցնել այն մասին, որ այլեւս որեւէ կերպով չի հավակնելու երկրի կառավարման ղեկին վերադառնալու: Այն, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում ներառված է նաեւ խորհրդարանական համակարգին անցում կատարելու տարբերակը, Վահրամ Բաղդասարյանը արտառոց բան չի համարում ու չի կարծում, որ դա ռեւերանս է ընդդիմությանը, քանզի ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ նման կառավարման համակարգի կողմնակիցներ են: Ավելին, նա հիշեցնում է, որ որ երեկ ԲՀԿ-ն էլ է դեմ եղել այդ համակարգին, նախագահն ինքն էլ «այդքան փայլուն» չարտահայտվեց այդ համակարգի վերաբերյալ: «Բարեփոխումների նախագիծը դեռ հանրային քննարկման պետք է դրվի: Դա բավականին երկար ու լուրջ գործընթաց է, եւ առնվազն մեկ-երկու-երեք տարի դրանք դեռ քննարկման պետք է դրվեն: Նախ պետք է հասկանանք՝ այդ փոփոխություններից ո՞րն է ավելի հարիր մեր այսօրվա իրավիճակին, մեր մենթալիտետին»:

Նախորդ օրն ուշ երեկոյան կայացած Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից իշխանությունը սարսափած չէ:

Համենայնդեպս՝ ՀՀԿ-ական պատգամավորն այսպես է մեկնաբանում այդ հանդիպումը. «Քառակողմ հանդիպումը դարձավ եռակողմ (նկատի ունի այն, որ ՀՅԴ-ի ներկայացուցիչը չէր մասնակցում հանդիպմանը-Ն. Գ.): Սովորական հանդիպումներ են, ու առաջին օրը չէ, որ տվյալ ուժերի ներկայացուցիչները հանդիպում են: Քաղաքական դաշտը քաղաքականացվում է, եւ դա շատ լավ երեւույթ է»: Դիտարկմանը, որ թեպետ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» տեւական ժամանակ է՝ խորհրդարանական հարթակում համագործակցում են, բայց այդ ուժերի առաջնորդներն առաջին անգամ էին հանդիպում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Բնական է: Իրադարձություններ են տեղի ունեցել՝ վարչապետի հրաժարական եւ այլն: Ու եթե նախկինում այդ ուժերը համագործակցում էին առանց առաջին դեմքերի հանդիպման՝ դա մի քիչ ձեւական բնույթ էր կրում»:

Իսկ ինչո՞ւ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներից ու ՀՀԿ ԳՄ նիստից հետո չհնչեց ՀՀ նոր վարչապետի անունը: Վարչապետի նշանակումը մինչեւ երկուշաբթի օրը կապ ունի՞ ընդդիմադիրների կողմից այսօր Ծաղկաձորում անցկացվելիք տնտեսական ֆորումի հետ: Հավանակա՞ն է, որ իշխող ՀՀԿ-ն վերցնի այդ ծրագրից դրույթներ՝ ապագա կառավարության ծրագրում ներառելու համար՝ այդպիսով նաեւ քաղաքական դաշտում կոնսոլիդացիա եւ առավել լայն կառավարում ապահովելով: «Առավոտի» դիտարկումներին իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ ՀՀԿ-ն երբեք էլ կոնսոլիդացիային դեմ չի եղել: Ինչ վերաբերում է ընդդիմության տնտեսական ծրագրին, նա կարծում է, որ այն քաղաքական դաշտում քննարկման առարկա կդառնա, եւ դա նորմալ է. «Առաջին անգամ չէ, որ տարբեր ծրագրերից լավագույն դրույթները կիրառվում են իշխող կուսակցության դրույթներում: Եթե առողջ առաջարկություններ լինեն, լուրջ քննարկում ընթանա, կարծում եմ՝ ՀՀԿ-ն ձեռնպահ չի մնա դրանք ընդունելու առումով»: Կոալիցիոն կամ ազգային համաձայնության կառավարության մասով էլ նկատեց. «Երբ մի բան սեղանին դրված չէ… Ինձ համար նախ անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող ուժերը միավորվել մի ընդհանուր կոալիցիայի մեջ: Ո՞նց պետք է իրականացնեն իրենց ցանկությունները»: Հարցին՝ կողմնակի՞ց եք, որ ՀՀԿ-ն շարունակի միայնակ իշխել, մեր զրուցակիցը հակադարձեց, որ ՀՀԿ-ն այժմ էլ կոալիցիոն սկզբունքվ է իշխում: Բայց հստակեցրեց, որ խոսքը ոչ թե միանձնյա իշխելու մասին է, այլ այն մասին, թե ինչ առաջարկություններ կհնչեն եւ ինչ ակնկալիքներով. «Եթե դրանք մեր հետագա քաղաքական դաշտում կնպաստեն ցնցումներից խուսափելուն, տնտեսական դաշտում առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն, բնականաբար, կարելի է այդ մասին մտածել: Բայց դա իմ կարծիքն է, կուսակցական որոշում չէ»:

Կցանկանա՞ր ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին տեսնել վարչապետի պաշտոնում՝ մեր հարցին էլ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ում կան բավականին արժանի թեկնածուներ՝ նկատի ունենալով նրանց փորձառությունը, անցած ճանապարհը: Բայց ես մի քանի հարցերի պատասխաններ չունեմ. նախ պետք է հասկանալ՝ այս վարչապետը երկարակյա՞ց վարչապետ է լինելու, թե՞ անցումային: Դրանք տարբեր դերեր են, եւ տարբեր դերակատարությունների մարդիկ պետք է լինեն: Ինչ վերաբերում է քննարկվող թեկնածուներին՝ բոլորն էլ բազմափորձ են եւ կարող են իրենց գործը կատարել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930