Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է արդյոք վերահեռարձակել ռուսաստանյան ալիքները

Ապրիլ 12,2014 14:55

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Ժուռնալիստների
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.– Հիմա ամենաակտուալ խնդիրներն են, իհարկե, վարչապետի նշանակումը, սահմանադրական փոփոխությունները, ոչ իշխանական քառյակը կամ եռյակը: Բայց գիտեք` ի՞նչ եմ ես մտածում. եթե Հայաստանն անկախ երկիր չլինի, արդյոք այդքան կարեւո՞ր է, թե ինչպիսին է մեր Սահմանադրությունը, կամ ով է մեր վարչապետը, նախագահը:

Լեւոն Բարսեղյան.- Ոչ, իհարկե, գերագույն արժեքը ինքնիշխան պետությունն է՝ իմ չափումներով: Այսօր արդեն խոսում էին դրամական միավորի հնարավոր ուծացման մասին: Եթե գերագույն արժեքը չկա՝ մնացածը դառնում է բուտաֆորիա:

Ա. Ա.- Այսինքն՝ կարո՞ղ ենք մենք ասել, որ ռուսաստանյան ալիքների հեռարձակման թեման, այնուամենայնիվ, ակտուալ է մեր հասարակության, մեր հեռուստադիտողների համար:

Սամվել Մարտիրոսյան.- Հարցն այն է, որ այդ ալիքները` մինչեւ չսկսեցինք «բզբզալ», մեր առօրյայի մի մասն են եղել միշտ, խնդիրն ավելի շատ այն է, որ իրենք անգիտակից ֆոնի պես եղել են, հիմա փորձ է արվում ինչ-որ գիտակից մոտեցում ունենալ` արդյոք պե՞տք է, թե՞ ոչ:

Ա. Ա.- Ես պարզապես հիշեցնեմ, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը բարձրացրել է ռուսաստանյան «Ռոսիա 1» եւ «Առաջին ալիքի» հարցը, որոնք միջպետական համաձայնագրով հեռարձակվում են մեր երկրում: Նշվում է, որ դրանց բովանդակությունը հակասում է մեր Սահմանադրությանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքին, ինչպես նաեւ եվրոպական կոնվենցիաներին, քանի որ սերմանում են այլատյացություն, ազգային թշնամանք՝ Ուկրաինայի իրադարձությունները լուսաբանելիս: Իսկ արդյոք դուք այդ ալիքները նայո՞ւմ եք:

Լ. Բ.– Ես նայում եմ գործի բերումով, եւ ոչ միայն դրանք` «Մոսկվա 24», «Ռուսաստան 24»: Խնդրի մասին խոսվել է փորձագիտական շրջանակներում` դեռ Ուկրաինայից շատ առաջ, այն ժամանակ, երբ «Ա1+»-ը եթերազրկվեց: Ասվեց, որ եթե Հայաստանն ունի հաճախականություն, որը կարելի է միջպետական պայմանագրով տալ ուրիշ երկրի՝ հեռուստահաղորդումները հեռարձակելու համար, լավ կլինի, որ դրանք արբանյակով շարունակեն հեռարձակել, եւ այդ հաճախականությունը թող մրցույթի դրվի, ու թող որեւէ հեռուստաալիք տանի, կամ «Ա1+»-ի իրավունքը վերականգնեք գոնե դրանով: Բնականաբար, իշխանությունը պատրաստ չէր նման բաների եւ առավել եւս հիմա պատրաստ չէ, երբ «սեպտեմբերի 3» է տեղի ունեցել, եւ նեոգաղութացման այս ֆոնին դա լուրջ գործիք է հայաստանյան բնակչի կամ քաղաքացու գիտակցության մեջ ֆոն ստեղծելու համար:

Ա. Ա.- Այս հայտարարության ընդդիմախոսները ասում են` իսկ CNN-ը, Euronews-ը, դրանք է՞լ արգելենք:

Լ. Բ.- Չէ, ես ավելի շատ հակված եմ բազմակարծության, եւ խոսքը այս հայտարարության մեջ այն մասին էր, որ ազգամիջյան թշնամանք, խտրական վերաբերմունք, ագրեսիվ քարոզ կա: CNN-ի մեջ՝ եթե կա նման բան, անպայման համանման կոչ պետք է լինի:

Ա. Ա.- CNN-ին հեռարձակման համար մենք տալի՞ս ենք ինչ-որ հաճախականություն կամ Euronews-ին:

Ս. Մ.– Euronews-ը գնում է «Արմնյուզի» հաճախականությամբ: Իսկ CNN-ը ենթադրում եմ, որ կա:

Լ. Բ.– Երկու տարբեր խումբ են այդ հեռարձակումները կամ վերահեռարձակումները: Մի խումբը նրանք են, որոնք միջպետական պայմանագրի հիման վրա են, CNN-ը կոմերցիոն է, կոնկրետ տեղական հեռարձակողն է, որը հեռարձակում է հաղորդում: Այս հայտարարության մեջ չի խոսվում ռուսաստանյան ռադիոալիքների մասին, որոնք սկսեցին մեզ մոտ անակնկալ ձեւով հեռարձակել, որոնց մեջ չկա, իհարկե, այն ագրեսիան, որը մենք տեսնում ենք հայտնի երկու ռուսաստանյան հեռուստաալիքների հաղորդավարների մոտ:

Ա. Ա.- Բայց ասեմ, որ CNN-ը ինչքան էլ վերահեռարձակվի, առանձնապես չի ազդի: Հայաստանում անգլերեն իմացող այնքան չկա, որքան կա ռուսերեն իմացող:

Ս. Մ.– Բացի դրանից՝ տարբեր են` CNN-ը տարբերվում է ռուսաստանյան «Առաջին ալիքից», որովհետեւ այնտեղ կան նաեւ հեռուստաֆիլմեր, զվարճալի հաղորդումներ եւ այլն, իսկ CNN-ը զուտ լրատվական է: Եթե մեզ մոտ Russia Today-ը հեռարձակվեր, ապա կարող էինք համեմատել, բայց այստեղ համեմատությունը դժվար է:

Ա. Ա.– Հաշվարկո՞ւմ եք` որքա՞ն մարդ է Հայաստանում այսօր նայում հեռուստատեսություն ընդհանրապես, որքա՞ն մարդ է նայում այս վիճահարույց ալիքները, եւ որքա՞ն մարդ ընդհանրապես չի նայում, ամեն ինչ վերցնում է ինտերնետից, որն, իհարկե, շատ ավելի բազմազան է:

Ս. Մ.– Կարծում եմ՝ դժվար է միանշանակ պատասխանել, որովհետեւ մի կողմից՝ ինչքան էլ շատերն ասում են՝ հեռուստացույց չեմ նայում, բայց շատ ընտանիքներում բավական է մի պապիկ նայի, եւ բոլորի համար այդ ֆոնային ռեժիմը անընդհատ աշխատում է, այդ թվում՝ երբ նույն Եվգենի Կիսիլյովը անընդհատ գոռգոռում է: Գերագնահատել ինտերնետն էլ պետք չի, այսինքն՝ այցելությունները ինտերնետային լրատվական կայքեր, այնտեղ էլ սեգմենտներ կան, ասենք՝ այցելուների մեծ մասը կարդում են դժբախտ պատահարների մասին, ինքնասպանությունների մասին, այսինքն՝ ոչ քաղաքական ուղղվածության նյութեր:

Ա. Ա.- Ուկրաինայի մասին չե՞ն կարդում:

Ս. Մ.– Կարդում են ինչ-որ բաներ, բայց ես հավաստիացնում եմ՝ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ եթե կարդում են, նրանցից շատերն անուշադիր են կարդում: Այսպիսի ֆեյսբուքյան էֆեկտ կա` հիշողության կորստի, նույն տեսանյութը կարող եք 5 օր հետո դնել ու ասել՝ հենց նոր է եղել այս դեպքը, եւ մարդիկ սկսում են տարածել նորից: Այսինքն՝ դա փոքրիկ գիտափորձ է, որը ցույց է տալիս, որ մարդկանց կարելի է շատ հեշտ խաբել: Քեսաբի դեպքերը շատ վառ օրինակ էին, երբ հայկական լրատվամիջոցները վերջապես խելքի եկան, սկսեցին գրել, որ Քեսաբում հայերին չեն սպանում, բայց ռուսական լրատվամիջոցների ազդեցությունը այնքան ուժեղ էր, որ առ այսօր շատերը համոզված են, որ Քեսաբում հայերին սպանել են:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Կոպիտ սխալ կլինի անջատելը, ինձ անչափ հետաքրքիր է այս պահին ուկրաինական դեպքերը ռուսական և եվրոնյուզ ալիքների համեմատություններով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930