Վաղը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ- փառատոնի հանդիսավոր բացումը: Հենց այս պահին թատրոնի բեմն են զարդարում այն մեծ շուքով անցկացնելու ու արտերկրից ժամանած հյուրերին պատշաճ ներկայանալու համար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի լրատվության բաժնի պատասխանատու Աննման Մինասյանը, այն նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 եւ Արցախյան գոյամարտի 20 ամյակին:
Հիշեցնենք, որ փառատոնն անցնում է առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, կազմակերպիչները մի քանիսն են, սակայն այս փառատոնը Գյումրիում նույնացվում է Սերժ Սարգսյանի եղբոր` Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի անվան հետ: Նա փառատոնի համանախագահն է:
Բացի «Փյունիկ»-ից, կազմակերպիչների ցանկում են Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը: Հիշեցնենք նաև, որ Գյումրու քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի եղբոր խնդրանքով քաղաքի բյուջեից 5 միլիոն դրամ էր փոխանցել փառատոնը պատշաճ կազմակերպելու նպատակով, որն էլ բավական աղմուկ էր հանել Գյումրիում:
Աննման Մինասյանի տեղեկացմամբ, «Վերածնունդ» փառատոնի շրջանակում երաժշտական մրցույթները կանցկացվեն 2014թ ապրիլի 10-ից, և ժյուրիի կազմում կընդգրկվեն հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ, օրինակ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ,աշխարհահռչակ Ռոստրոպովիչի աշակերտ, թավջութակահար Լեվ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, Վրաստանի ժողովրդական արտիստ Շալվա Մորիձեն եւ այլք:
«Մրցույթ-փառատոնի շրջանակում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն. «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաեւ տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում: Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի, երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 14 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Իրենց անվանակարգերում բացարձակ 14 հաղթողները կարժանանան մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ,երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման»,- գրված է մեզ տրամադրված մամլո հաղորդագրության մեջ:
2007 թվականին սկիզբ դրված փառատոնի գլխավոր հովանավորն այս տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն» է, իսկ պաշտոնական հովանավորը` «Արփա Սեւան»-ը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ