Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի», որի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց, թե իրենց համար անընդունելի է Սահմանադրական բարեփոխումների անցկացումը՝ երկրի ծանր սոցիալ-տնտեսական այս իրավիճակում, դրա փոխարեն հարկավոր է երկիրը տնտեսապես զարգացնել եւ ոչ թե կռիվ գցել կուսակցությունների մեջ, ՀՅԴ-ն շատ էլ գոհ է նախագահի նախաձեռնությունից՝ բարեփոխել Սահմանադրությունը:
Այդ մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ծանոթ եմ ԲՀԿ երեկվա հայտարարությանը: Այո, երկրում կան բազմաթիվ խնդիրներ՝ միանշանակ, բայց դրանով պայմանավորել Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նպատակահարմարությունը՝ համաձայն չեմ: Ընդհակառակը, մեր մոտեցումն է, որ Սահմանադրական բարեփոխումը հենց էն առիթն է, բովանդակությունն է, որը պետք է որոշի մեր պետության ապագան, որակը, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները»:
Աղվան Վարդանյանը նկատեց, որ հասարակության մոտ՝ ԶԼՄ-ների օգնությամբ, սխալ տպավորություն է ստեղծվել, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում միանշանակորեն անցում է կատարվելու երկրի կառավարման պառլամենտական համակարգին: Այնինչ, իրականում այդպես չէ: Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում կառավարման խորհրդարանական համակարգը բերված է միայն որպես այլընտրանքային տարբերակ:
Կարդացեք նաև
«Մի տարբերակով գտնում են, որ պետք է բարեփոխել ներկայիս համակարգը, եւ կա երկրորդ տարբերակը՝ ավելի արմատական, այն է՝ անցում կատարել խորհրդարանական կառավարման մեթոդին: Վերջնական հստակություն դեռ չկա այդ հարցում: Երկրի նախագահն էլ ասել է, որ ինքը ներկա համակարգի պահպանմանն է կողմնակից: ՀՅԴ մոտեցումը հստակ է՝ նախորդ քսան եւ ավելի տարիների փորձը, երեք նախագահների աշխատանքի փորձը, յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո երկրում ստեղծված գերճգնաժամային վիճակները, նաեւ՝ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների անհրաժեշտությունը պահանջում են անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, որն ավելի արդյունավետ կլինի», -ասաց Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ Սահմանադրական բարեփոխումների հետաձգումը Դաշնակցությունը ճիշտ չի համարում, հակառակը՝ կարծում են, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները անհրաժեշտ է վերջնականապես լուծել բարեփոխումների հարցը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից շատ հստակ եւ միանշանակ արված հայտարարությանը, որ նա այլեւս երբեք չի առաջադրվելու որպես նախագահ, ավելին՝ եթե հանկարծ ընտրվի խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակը, ինքը չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին, Աղվան Վարդանյանը այդ հայտարարությունը «շատ ողջունելի» է համարում, նշելով, որ նաեւ հայտարարությունն անելու ժամանակն էր շատ ճիշտ ընտրված՝ սահմանադրական փոփոխություններից առաջ: Լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի խոսքին, որ այդպես էլ կլինի, Աղվան Վարդանյանը ասաց՝ «շատ ողջունում եմ այդ հայտարարությունը, իսկ ինչ կլինի հետո՝ կյանքը ցույց կտա, կապրենք, կտեսնենք»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դժվար էր ասել հավատում եմ…. գեղեցիկ չի չասելը