Մարտի 19-ին «Aravot.am»-ի ինտերնետային կայքում գրել ենք, որ Իջեւան քաղաքի կենտրոնում, Շատրվանների հրապարակի հարեւանությամբ գտնվող Աբովյան 10 հասցեում գտնվող բնակարանի արտաքին տեսքը հարիր չէ մարզկենտրոնին:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հոր բնակարանի պատուհանների ապակիները ջարդված են: Գրավոր հարցումով դիմել էինք ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ.Հովսեփյանին, հարցնելով, թե ինչու՞ չեն նորոգվում իր հորը պատկանող բնակարանի պատուհանները: Ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում եմ, որ Իջևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը պատկանել է Հովհաննես Հովսեփյանի հորը՝ Աշոտ Հովսեփյանին, որը ժառանգաբար փոխանցվել է մորը՝ Օֆելյա Աշուղյանին: Ինչ վերաբերում է բնակարանի արտաքին ոչ պատշաճ տեսքին, ապա այն նորմալ վիճակում է՝ հաշվի առնելով չբնակեցվելու հանգամանքը»: Մեր հրապարակումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն իրավիճակը չի փոխվել: Հովհաննես Հովսեփյանը, ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի էլիտար շենքերում բազմաթիվ բնակարաններ ունի, սակայն Իջեւանում գտնվող հայրական տան ջարդված պատուհանները չի նորոգում: Այս մասին մեզ հայտնել եւ դժգոհել են Իջեւանի բնակիչները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ