Այսօր տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է քաղբանտարկյալների ընտանիքներին:
«Անհատական հեղափոխություն» գրքում ներառված են Շանթ Հարությունյան նախկինում լույս տեսած երեք գրքերը՝ «Իմ ազգային իդեալը կամ հայկական կայսրությունից հայկական ոչնչություն», «Աստվածների վերադարձը» եւ «Իմ քաղաքական զարթոնքը կամ խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության տրամաբանության դեմ»: Գրքում ներառված են նաեւ տարբեր տարիներին լույս տեսած հարցազրույցներ, հոդվածներ եւ աֆորիզմներ:
«Շանթ եւ ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ գտնում է, որ պետք է օգնել ոչ միայն քաղբանտարկյալների ընտանիքներին, այլ պետք է կարողանալ ցույց տալ, որ Շանթ Հարությունյանը միայն մարդ չէր, որը շատերի կարծիքով ինչ-որ տարօրինակ բան արեց: «Շատերի համար Շանթի արածը ուղեղների պայքար է, ուղեղների մեջ հեղափոխություն անելու պայքար , իսկ դրան կարելի է ծանոթանալ միայն նրա հոդվածները, ելույթները կարդալուց հետո: Դրա համար մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի հրապարակել նրա հոդվածների մի մասը, որպեսզի հանրությունը Շանթ Հարությունյանին ճանաչի որպես լուրջ քաղաքական փիլիսոփայական գործիչ»:
Կարդացեք նաև
Շնորհանդեսին նաեւ բարեգործական համերգով հանդես եկան երգիչներ Էդուարդ Զորիկյանը եւ Ռուբեն Հախվերդյանը:
Էդուարդ Զորիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանը ասաց ու արեց այն ինչ ուզում էր անել: «Այսօր շատերը հարցականի տակ են դրել, թե բանտարկյալները քաղաքական բանտարկյալներ են, թե ոչ քաղաքական: Շանթ Հարությունյանը միանշանակ քաղաքական բանտարկյալ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ