Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա

Ապրիլ 11,2014 20:12

Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը։

 

Համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։ Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները առնչություն չունեն կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու հետ, այլ պայմանավորված են ռեժիմի պահպանման և վերարտադրության նեղ շահերով:

Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, նրա ստեղծումն ու նրա մեջ փոփոխությունները՝ քաղաքական գործընթաց։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ստեղծվել է երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի հրամանագրով։ Ոչ քաղաքական մարմին հանդիսացող եւ միայն գործող Սահմանադրության պահապանի գործառույթ ունեցող Սահմանադրական դատարանը որեւէ առնչություն չպետք է ունենա սահմանադրափոխության գործընթացին։Դա այլ բան չէ, քան ոտնձգություն իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի նախագահը ներգրավված է մի գործում, որտեղ քննարկվում եւ որոշվում են նաեւ նրա ղեկավարած մարմնի՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ լինելու փաստը շահերի բախման արտառոց մի դեպք է, անհեթեթություն, ինչը կարող էր տեղի ունենալ իրավագիտակցությունից բացարձակ զուրկ վարչախմբի պարագայում։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որեւէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է եւ այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։

2. Սահմանադրության կարեւոր հատկանիշներից մեկը նրա կայունությունն է, մինչդեռ ահա երրորդ անգամ է այն փոփոխելու արհեստական խնդիր հարուցվում, ընդ որում՝ երեք անգամն էլ ոչ թե Սահմանադրությունն իսկապես բարեփոխելու կամ պետականությունն ամրապնդելու, այլ վարչախմբին հզորացնելու և նրա կյանքը երկարաձգելու համար:

3. Ոչ օրինակարգ իշխանությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Օրինակարգ իշխանությունն է, որ կարող է սահմանադրական փոփոխության, այդ թվում նաեւ կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել։ Հետևաբար Սահմանադրական փոփոխություններին կարելի է անդրադառնալ միայն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:

4. Երկրում առաջացած խնդիրները՝ անխնա թալանի հետեւանքով հասարակության սոցիալական բեւեռացումը, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում հարստության գերկենտրոնացումը, ապօրինի մենաշնորհների եւ իշխանական կամայականությունների հետեւանքով գործարար միջավայրի աղճատումը, իրավունքի եւ օրինականության բացակայությունը, ազգակործան արտագաղթը եւ այլն, կառավարման մոդելի հետեւանք չեն։ Դրանք, ինչպես նաև քաղաքական համակարգի արատները, հետեւանք են իշխանական վերնախավի կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգի, ընտրակեղծարարության կատարելագործված մեխանիզմների, ինչի հիմքում այլ բան չէ, քան իշխանության ոչ օրինակարգությունը և հանցագործ բնույթը։

5. Այս պահին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակման պատճառը մեկն է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև և փորձում է այս խայծի միջոցով շեղել հասարակության և քաղաքական ուժերի ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից, Սահմանադրության փոփոխության կարևորագույն թեման դարձնել իշխանության պահպանման անձնական նկրտումների գործիք:

Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930