«Վարչապետի նշանակման հարցը չի ձգձգվում: Սահմանադրությամբ դեռ ժամանակ կա, երկուշաբթի օրը կհայտարարվի: Ես միանշանակ չեմ կիսում այն կարծիքները, թե վարչապետի անունը երեկ չհայտարարվեց, որովհետեւ Սերժ Սարգսյանի պլանները խափանեց ԲՀԿ-ն: Պարզապես դեռ կան օրեր եւ երկուշաբթի օրը հայտնի կդառնա նոր վարչապետի անունը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Մեր հարցին՝ ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը, այս 2 օրերի ընթացքում նո՞ր պիտի ընտրի հարմար թեկնածու, այսպես հընթացս թեկնածո՞ւ են ընտրում՝ պատգամավորը պատասխանեց. «Ես չունեմ այդ հարցի պատասխանը: Դա գուշակության ժանրից է: Բայց ես նաեւ ներքին համոզմունքն ու վստահությունն ունեմ, որ հաջորդ վարչապետը պետք է բարձր արդյունավետություն ապահովի մեր տնտեսական զարգացման համար եւ նաեւ Հայաստանը պիտի որ առաջընթաց ունենա՝ նորանշանակ վարչապետի կառավարության ընթացքում»:
Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ՀՀԿ-ն վարչապետի բազմաթիվ թեկնածուներ ունի, շատ մարդիկ կան, որոնք այդ պաշտոնը կզբաղեցնեն եւ պատվով իրենց գործը կկատարեն. «Իհարկե, ես էլ ունեմ իմ թեկնածուները, որոնց անունները այս պահին կոռեկտ չի, որ արտաբերեմ: Առավել եւս իմ կարծիքը չգիտեմ ինչքան տարբեր կլինի: Մենք կադրերի խնդիր չունենք, կադրերի պակասություն չունենք: Կան արժանավոր մարդիկ, որոնք ունեն կենսագրություն, աշխատանքային փորձ եւ կամք՝ այդ պաշտոնում բարձր կառավարման վարպետություն դրսեւորելու համար»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ հույսեր կապո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Ես այդ կարծիքը չեմ կիսում: Անկախ որեւէ քաղաքական ուժի, որեւէ կուսակցության կոալիցիա մտնել-չմտնելու ցանկությունից կամ կամքից՝ մենք երկուշաբթի օրն ունենալու ենք նոր վարչապետ»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել ոչ որպես հաջորդ նախագահ, ոչ էլ որպես վարչապետ: Մեր հարցին՝ անսպասելի՞ էր այս հայտարարությունը Ձեզ համար՝ Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Անսպասելի չէր: Պարոն նախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել: Պարզ, առանց որեւէ այլ բան փնտրելու, մենք լսեցինք այդ նախադասությունները եւ դա բոլորիս համար ի գիտություն է»:
Մեր հարցին՝ ցանկացած իշխանավոր կուզենա վերարտադրվել, Սերժ Սարգսյանի այդ ցանկությունը ինչո՞վ է պայմանավորված, նա ստիպվա՞ծ է նման հայտարարություն արել՝ Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Պարզապես, կարծում եմ, դրանով նա ուզում էր ասել՝ մարդկանց չթվա, թե իշխանությունների հագով բաճկոն է կարվում: Անհրաժեշտություն են Սահմանադրական բարեփոխումները եւ որեւէ նեղ խմբի շահերը չի սպասարկելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ