Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն` հանուն մանկատանն ապրող սիրած աղջկա

Ապրիլ 11,2014 18:38

«Նարեկից կարելի էր սպասել»,- այսպես են արձագանքել Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի ուսուցիչները, երբ ոստիկանությունից տեղեկացել են,  որ մեկ ամիս առաջ իրենց դպրոցի 10 համակարգիչը գողացել էր հենց իրենց նախկին աշակերտը` 22 ամյա Նարեկ Պետրոսյանը:

Դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը Aravot.am-ի հետ զրույցում մտաբերեց, որ Նարեկը դպրոցական տարիներին էլ աչքի է ընկել չարաճճիությամբ եւ տարօրինակ վարքով.

«Ընկերասեր երեխա էր, բայց նման դեպքեր ասում են` էլի է եղել: Մեր դպրոցում սովորել է մինչեւ 6-րդ դասարան, շատ չարաճճի երեխա էր: Դեպքեր էին կատարվել, ես խղճահարվեցի ու չհեռացրի դպրոցից: Պարզապես ծնողներին ասացի` որոշեք որ դպրոցն եք տեղափոխում, դա կլինի իմ լավությունը ձեզ: Եվ նրան տեղափոխեցին մեր դպրոցից մեկ փողոց այն կողմ գտնվող թիվ  126 դպրոց»:

Տիկին Մալախյանի պատմելով, գողության մասին իմացել են մարտի 3-ին: Ուսուցչակազմը` տնօրինության գլխավորությամբ այդ օրը այդ ժամին թատրոնում էր, երբ դպրոցի պահակը զանգել ու տեղեկացրել է գողության մասին. «Այդ օրը ինֆորմատիկայի դասաժամեր չունեինք եւ դասասենյակի դուռը չէինք բացել: Ի դեպ, այդ դասասենյակը գտնվում է առաջին հարկում` հենց իմ աշխատասենյակի դիմաց: Երբ մեզ հայտնեցին գողության մասին, թատրոնից բոլոր ուսուցիչներով շնչակտուր հասանք դպրոց եւ  առավոտյան չէինք էլ նկատել: Կարծում ենք, որ գողությունը շաբաթ, կիրակի է օրերին է եղել: Գողացել էր 10 համակարգիչ, տասը մկնիկ, տասը ստեղնաշար, 10 պրոցեսոր»:

Դպրոցի տնօրենը ապշել է, երբ իմացել է, որ գողոնը իրենց նախկին աշակերտը վաճառել ու նվիրել է մանկատանը. «Ասում են` կոնֆետներ եւ թխվածքաբլիթներ է գնել ու մանկատան երեխաներին է բաժանել: Ասացի` ո՞նց մանուկներից գողացել է, մանուկների՞ն է տվել: Մեր դպրոցում երեխաները չե՞ն օգտվում այդ համակարգիչներից: Աբսուրդ է, որ տաներ մանկատուն: Լսել եմ նաեւ, որ սիրած աղջիկ ունի մանկատանը, երեւի ուզեցել է նրա աչքին ջենտլմեն երեւալ»:

Մեր հարցին, թե գողոնը վերադարձվե՞լ է դպրոցին, տիկին Մալախյանն ասաց. «Այսօրվա դրությամբ` ոչ: Բայց քննիչն էլ երեկ եկավ, ասացին, որ համակարգիչները վաղը ամբողջովին  կլինեն դպրոցում»:

Մեր հարցին, այսինքն` ձեր դպրոցի համակարգիչները դեռ չի՞ հասցրել վաճառել ու բաժանել մանկատանը, ասաց` իր տեղեկություններով, մի քանի համակարգիչ հասցրել է վաճառել, բայց ինքը քննիչից չի հետաքրքրվել` ինչպես են տասը համակարգիչն էլ վաղը դպրոց վերադարձնելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930