ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, այսօր, Ազգային ժողովում մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թե ինչո՞ւ երեկ Դաշնակցությունը չէր մասնակցում ոչ իշխանական քառյակի ղեկավարների հանդիպմանը, եւ քառյակը ստիպված եռյակ դարձավ, պատասխանեց. «Չորս կուսակցությունների առաջին դեմքերի հանդիպման վերաբերյալ հարցը, երևի թե, մեկ ամիս եղել է քառյակի օրակարգում, այդ հարցը միշտ բարձրացրել են «Ժառանգության» ներկայացուցիչները: Մեր մոտեցումը միշտ եղել է նույնը, որ մենք չենք բացառում նման հանդիպման ներկայանալու հնարավորությունը, բայց այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն մենք չենք տեսնում, որովհետեւ այն բոլոր հարցերի վերաբերյալ, որ մենք քննարկում ենք քառյակով, Դաշնակցությունը միշտ ասում է իր հստակ տեսակետները, եւ դա ամբողջ ՀՅԴ տեսակետներն են, ոչ թե միայն խմբակցության, միայն Արմեն Ռուստամյանի կամ Աղվան Վարդանյանի, եւ մեր տեսակետները չեն տարբերվում մեր առաջին դեմքի տեսակետից, եւ մենք խնդիր չենք ունեցել որեւէ նման հանդիպմամբ ամրագրել, կնքել, վավերացնել դա: Եթե այլ ուժեր ունեցել են նման խնդիր, մենք նման խնդիր չենք ունեցել: Մեզ մոտ նման հարց չի առաջացել, որ ՀՅԴ ներկայացուցիչները պայմանավորվեն մի բան, ասեն մի բան, բայց կուսակցության ղեկավարն այլ տեսակետ ունենա»: Հարցին՝ մյուս ուժերի մոտ նման խնդի՞ր կար, նա պատասխանեց.«Ա՛յ, եթե դուք ուշադիր հետեւեք քաղաքական դաշտի կամ առնվազն կուսակցություններից մեկի մոտեցումներին, կտեսնեիք, որ այնտեղ հնարավոր են նման բաներ, եւ այդ հանդիպման նպատակը դա էր՝ վերահաստատել, որ բոլորը նույն բանն են ուզում: Բնականաբար, քառյակի որեւէ բաժանում տեղի չի ունեցել, ավելացել է միայն մեկ շատ գեղեցիկ լուսանկար, որը հրապարակվել է (խոսքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին է տեղեկացնող լուսանկարին է վերաբերում-Մ. Բ.), բայց քառյակը շարունակելու է աշխատել: Մենք պայմանավորվել ենք, որ այս քաղաքական կոնսուլտացիաներից հետո նորից հավաքվելու ենք քառյակով, ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել, մեր մոտեցումներն ինչպիսին են եղել, այսօր կամ վաղը կհանդիպենք, կխոսենք»:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ քառյակի ձեւավորման սկզբից եւեթ ՀՅԴ-ն ունեցել է հստակ մոտեցում. «Քառյակի ֆորմատի սկզբունքը հետեւյալն է՝ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր կենսագրությամբ, տարբեր ծրագրերով եւ մոտեցումներով, բայց ունեցել ենք անելիք՝ դնել կոնկրետ խնդիր, կոնկրետ խնդրի շուրջ գալ համաձայնության, եւ այդ հարցը հետապնդել: Բազմաթիվ հաջողված օրինակներ քառյակն արդեն իսկ տվել է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աստված հային փրկի դաշնակներից: