Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2-ամյա Լիայի մահվան գործով հարցաքննվեցին բժիշկներն ու բուժքույրը

Ապրիլ 11,2014 18:07

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Բժիշկները մեղադրվում են ոչ պատշաճ մասնագիտական օգնություն ցույց տալու համար, ինչի հետեւանքով բուժկենտրոնում մահացել է երկու տարեկան Լիա Միսակյանը:

Նրա հայրը դատարան էր եկել առանց իր ներկայացուցչի` իրավապաշտպան Արթուր Սաքունցի, եւ չնայած խնդրեց նիստը հետաձգել, քանի որ առանց ներկայացուցչի է, սակայն դատարանը` դատավոր Լեւոն Ավետիսյանը նիստը շարունակեց: Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ նախորդ նիստից հետո իրավապաշտպան ներկայացուցիչն ասել է իր բացակայության մասին:

Դատարան էին ներկայացել հինգ վկաներ:

Վկաներից յուրաքանչյուրը` քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը, վիրաբույժները եւ նաեւ բուժքույրը պնդեցին, որ զննել են երեխային, նշանակումներ են արել:

Երկու վիրաբույժների հետ կապված՝ երեխայի հայրը ասաց, որ չի տեսել նրանց, չնայած վկաներն ասացին, որ հորը տեսել են, անգամ զրուցել:

Մանկական վիրաբույժ Գեւորգ Համբարձումյանը զննել էր երեխային, շոշափել նրա որովայնը, եւ ասաց, որ վիրաբուժական առումով գանգատ չի եղել: Իսկ հարցին, թե ինչի՞ համար էր հոգնա նշանակել, բժիշկն ասաց, որ փքվածությունն իջեցնելու նպատակով:

Նա ստորագրել էր այն նույն բաց նամակի տակ, որտեղ ըստ տուժողի իրավահաջորդի՝ գնահատականներ կան դատավարության որոշակի գործողությունների մասին:

Բժիշկն ասաց, որ ինքն իր կարծիքն է հայտնել, քանի որ խոսք է գնացել բժիշկներին պատասխանատվության ենթարկելու մասին:

Հաջորդ մանկական բժիշկն էլ ասաց, թե երեխային կերակրել են, եւ նա հանգիստ է տեսել նրան:

Տուժողի հայրը ասաց. «Երբ երեխայիս տարել եմ , որեւէ բժիշկ չկար»:

Բուժքույր Անի Մինասյանը ասաց, որ իրենք սկսում են գործել բժշկի նշանակումներից հետո: Մեղադրող Դավիթ Կարապետյանի հարցին էլ, թե հնարավո՞ր է բժիշկը որեւէ նշանակում անի, իսկ բուժքույրը անհապաղ չկատարի, բուժքույրը բացառեց:

Կաթիլայինը միացնելուց այդ մասին նշումներ արվում են, բայց ըստ վկայի, այն հանելուց որեւէ նշում չի արվում, պարզապես այդ մասին բանավոր տեղեկացվում է: Այս վկան էլ ասաց, որ երբ երեխան միջանցքում փսխել է, շոկոլադի գույն է եղել զանգվածը, եւ լսել է, որ հայրը շոկոլադ է տվել:

Նա իր ցուցմունքի սկզբում ասաց, թե հունվարի երկուսին երեխան հաց է կերել, ապա չպնդեց, հետո էլ ասաց, թե նման բան չի ասել:

Սա այն դեպքում, երբ երեխայի հայրն ասում էր, որ երեխան ջերմում էր, կոկորդի ցավերի պատճառով դստերը ջուր են կաթիլներով տվել:

Այն, որ երեխան նշագեղձերի հետ կապված խնդիր է ունեցել, հաստատեց նաեւ կոկորդի, ականջի բժիշկը`Հասմիկ Գեւորգյանը:

Բժիշկներն ակնարկում էին վիրուսային ծագման հիվանդության մասին, որը կարող էր հասցնել կայծակնային մահվան: Բժիշկները ցուցմունք տալուց հետո հեռանում էին, իսկ տուժողի ներկայացուցչին այնպես թվաց, թե վկաները հաղորդակցվում են դատական նիստերի դահլիճից դուրս` միջանցքում միմյանց հետ: Դատավորը կարգադրիչի միջոցով փոխանցեց, նրանք ովքեր չեն շտապում մնան դահլիճում, իսկ թե գնալու են` գնան: Մինչդեռ, նման խնդրի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ է, որ դատարաններում բացվեն վկաների համար «նախատեսված» սենյակների դռները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930