Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի և մի շարք քաղաքացիների բողոքը

Ապրիլ 11,2014 17:16

Այսօր ԿԸՀ-ն քննեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքը: Այն ներկայացվել է 2014-ի ապրիլի 8-ին և բովանդակային առումով վերաբերում է այս տարվա մարտի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին: Բողոքում փաստվում է, որ վարչական մարմինները փոխանակ լսեին դիտորդներին, հաշվի առնեին նրանց ապացույցները, ընդհակառակը, առաջնորդվել են հիպոթետիկ որոշումներով, չեն նշել որոշման ընդունման հիմքերը, ինչը պարտավոր է վարչական մարմինն անել: Ուստի ԿԸՀ դիմում-բողոքում պահանջվում է անվավեր ճանաչել մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) մի շարք որոշումներ: Մյուս պահանջն այն է, որ պարտավորեցնեն մի շարք ԸԸՀ-երին, որ վարչական վարույթներին մասնակից դարձնեն բոլոր դիմումատուներին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մի շարք հարցեր հղեց դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանին: Նա հարցրեց, եթե քաղաքացին գտնվել է տվյալ ընտրական տեղամասում, ապա ինչպե՞ս կարող է մյուս ընտրատարածքների որոշումների հետ առնչություն ունենալ, որոնց մասին դիմում-բողոք է ներկայացվել ԿԸՀ:

Ըստ էության դիմող կողմի պահանջն է, որ դիտորդական առաքելություն իրականացնող անձը կարողանա մասնակցել վարչական վարույթներին և իրենց գրանցած տվյալները օգտագործվեն վարչական վարույթում: Այս առիթով պարոն Մուկուչյանը վկայակոչեց ԵԽ համապատասխան փաստաթղթի դրույթներից այն, որ դիտորդները չեն մասնակցում ընտրական վարչարարությանը և նրանց հիմնական դերը դիտարկելն է:

Պարոն Եգորյանն ի պատասխան նշեց, թե ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներ ունի հենց դիտորդների դիրքորոշման` վարույթում հաշվի առնելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ և միջազգային օրենսդրական երաշխիքներ`ԿԸՀ-ն մերժեց ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի և մի շարք քաղաքացիների (ներկայացուցիչ Տիգրան Եգորյան) վարչական վարույթի հարուցման պահանջը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930