«Առաջին իսկ օրվանից, երբ մենք լսեցինք Քեսաբի իրադարձությունների մասին, մեր համալսարանը առաջինն էր, որ համալսարանի բակում՝ ուսանողների մասնակցությամբ, կազմակերպեցինք մեծ ակցիա, որի շրջանակներում էլ սկսեցինք դրամահավաքը»,- այսօր՝ ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի ուսանողական հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը:
Նա հայտարարեց, որ ակցիան շարունակական է լինելու, եւ այս շաբաթ եւս դրամահավաքը Սլավոնական համալսարանում շարունակվելու է, քանի որ նախաձեռնությանը միանում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ բուհի աշխատակազմը: Ապրիլի 6-ից Երեւանի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որոնց միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց լումայով աջակցել Լաթաքիայում բնակվող քեսաբահայերին: Եվ այսօր՝ ասուլիսի ընթացքում, բացվեցին այդ արկղերը եւ մի խումբ կանայք հաշվում էին հավաքված գումարը, որը կազմում է 1 437090 ՀՀ դրամ, 10 0003,20 ռուբլի, 118,95 ԱՄՆ դոլար եւ 3 եվրո:
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր խորհրդի անդամ Սարգիս Պալուխյանը նշեց, որ իրենք չեն կարեւորում, թե ինչքան գումար կհավաքվի նախաձեռնության շրջանակներում.
Կարդացեք նաև
«Անկախ նրանից, որքան գումար կհավաքվի մեր նախաձեռնության շնորհիվ, ոչ թե գումարի քանակն էր կարեւոր, այլ հասարակության մեջ ազգային գիտակցության արթնացնում էր կարեւոր»:
Նա հայտարարեց, որ մի քանի հարյուր հոգի Լաթաքիայից տեղափոխվել են Լիբանան, մի մասը՝ Բեյրութ, եւ կան մարդիկ, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան եւ արդեն երկու ընտանիք եւ 1 անձ տեղափոխվել են Հայաստան:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստան եկած քեսաբահայ ընտանիքի վիճակը, Երիտասարդական խորհրդի անդամ Հակոբ Գազանճյանը պատասխանեց, որ իրենք հիմա վարձով բնակվում են Երեւանում եւ շատ հավանական է համարում, որ սիրիահայությանը աջակցող կազմակերպություններն օգնեն նրանց, որպեսզի առաջիկա մի քանի ամիսները կարողանան հաստատվել այստեղ: Նա նաեւ հավելեց, որ հավաքված գումարի 70 տոկոսը ուղարկվելու է Լաթաքիա, իսկ երեսուն տոկոսը պահվելու է այստեղ՝ հետագա ծրագրերի համար: Նա նշեց, որ չնայած ապրիլի 10-ին ավարտվել է իրենց նախաձեռնությունը, բայց ցանկացողները կարող են իրենց օգնությունը փոխանցել նախատեսված հաշվեհամարներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ