Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թատրոնում ամեն ինչն է X». Արա Խզմալյանը՝ «Թատրոն – X» փառատոնի մասին

Ապրիլ 11,2014 16:29

«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հ/կ-ն, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 11-ից մայիսի 3-ը Երևանում և մարզերում կանցկացնի «Թատրոն – X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որը նպատակ ունի խթանելու թատերական քննադատական միտքը, նպաստելու բանավիճային մշակույթի ձևավորմանը, բացահայտելու առկա խնդիրները և ի հայտ բերելու նոր անուններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հ/կ-ի և «Թատրոն – X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը:

MHM86924

Թե ինչու «Թատրոն – X», պարոն Խզմալյանը պատասխանեց. «2008 թ., երբ նախարարի աշխատասենյակում քննարկում էինք փառատոնի ստեղծման գաղափարը, շատ երկար մտածեցինք՝ ինչ անուն տալ նախագծին, և պարոն Ռ. Բաբայանը պատահականորեն ասաց՝ X: Մեզ այնքան դուր եկավ այդ X-ը, որ նույնիսկ չփորձեցինք հիմնավորել՝ ինչու X: Եվ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները դարձյալ հարցնում են՝ ինչու X, պարոն Բաբայանը համբերությամբ լռում է, ապա ասում՝ կհիմնավորի պարոն Խզմալյանը: Գիտե՞ք, երբեք այդքան իմպրովիզ չէի իրականացրել, որքան այդ օրը: X, որովհետև արվեստներից ամենաանկանխատեսելին բեմարվեստն է: Մինչև դահլիճի և բեմի հանդիպումը որևէ մեկը չի կարող երաշխավորել ներկայացման հաջողությունը: Թատրոնում ամեն ինչն է X, և դա բնական է, որովհետև այն ներկա ժամանակի արվեստ է, չես կարող կանխատեսել, կանխորոշել: Բացի այդ, փառատոնը նպատակ ունի յուրաքանչյուր տարի բացահայտելու նոր, X թատերախմբեր, որոնց մասին չգիտենք կամ շատ քիչ գիտենք: Անհայտների բացահայտում է»:

Ա. Խզմալյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնին 19-ը թատերախմբեր են մասնակցում, որոնց զգալի մասը երիտասարդական անկախ ստեղծագործական խմբեր են: «Սա շատ կարևոր է, որ փառատոնի միջոցով մենք կարողանում ենք պետական ուղղակի ուշադրության կենտրոնում պահել նաև ոչ պետական կարգավիճակ ունեցող, այսինքն՝ ոչ պետական ստեղծագործական խմբերի, որովհետև պետական մշակութային քաղաքականություն ասելով չպետք է հասկանալ միայն պետական կարգավիճակ ունեցող հաստատությունները»,- ընդգծեց պարոն Խզմալյանը:

Նրա փոխանցմամբ՝ լավագույն ներկայացումներն ընտրելու և քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի օրերին կայցելի նաև մարզեր: Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց քննարկում, որին կարող են մասնակցել ոլորտի մասնագետներ, ուսանողներ, շահագրգիռ կազմակերպություններ և անձինք:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ի դեպ, փառատոնի հենց այս սկզբունքներն էլ հատկապես կարևորեց. «Այն, որ փառատոնում ընդգրկված ներկայացումները հետագայում անպայման վերլուծվում և քննարկումների փուլ են անցնում, շատ կարևոր և ուսանելի է ոչ միայն ներկայացումը ստեղծողների, այլև հենց մեր նախարարության համար, որովհետև մենք էլ ենք շատ բաներ վերցնում մեր հետագա ծրագրերի մշակման համար: Բացի այդ, ողջունելի է, որ փառատոնը հանրապետական բնույթ է կրում, ինչի արդյունքում մեծ ուշադրություն է դարձվում մարզային թատրոններին, և, վերջապես, շատ կարևոր է երիտասարդ ստեղծագործողների ներկայացումները քննարկելը, նրանց հարթակ տրամադրելն ու աջակցելը»,- ասաց Ա. Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930