«Մեդիալաբի» զրուցակիցն է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
–Պարոն Զաքարյան, ապրիլի 10-ին, երբ կառավարության շենքի մոտ գազի որակի վերաբերյալ բողոքի ակցիա էր անցկացվում, իրավացիորեն դժգոհեցիք, որ հասարակությունը չի ուզում պայքարել, մարդիկ տներից դուրս չեն գալիս: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:
-Երևի սկսենք հակառակ ակցիաներ անել, օգնել այս կառավարությանը, որ ընենց վիճակ ստեղծեն այստեղ, որ ապրելն անհնար լինի: Պահանջենք, որ գազը թանկացնեն, սարքեն մի 500 դրամ, որպեսզի էս ժողովուրդը ցրտից մեռնի, որ գոնե մեռնելուց առաջ գան ու իրենց իրավունքներին տեր կանգնեն: Եկել էինք ասեինք, որ գազը թանկ է, մեզ անորակ գազ եք տալիս, բայց ինչպես տեսնում ենք, ժողովուրդը սիրում է տանը նստի ու լացի, բայց չի սիրում գա ու իր իրավունքներին տեր կանգնի: Հիմա չգիտեմ՝ հավա՞տն է կորցրել, չե՞ն հասկանում, որ գազի հիմնախնդիրն ամենակարևոր խնդիրն է:
Ես չեմ ուզում արժեզրկել մնացած խնդիրները՝ «Դեմ եմ»-ի խնդիրը, իշխանափոխության խնդիրները և այլն, բայց այսօր ժողովրդի կենցաղային հարցերը՝ ապրելը, սնունդը, գնաճը, ամեն ինչ կախված է գազից: Բայց ինչպես տեսնում ենք՝ մեր ժողովուրդը միայն ֆեյսբուքյան էջերում գրել է սիրում, մեկ էլ տանը լացել է սիրում: Եթե գան այստեղ, հավաքվեն, պահանջեն, իրավիճակը կփոխվի: Եթե նախարարը գա ասի՝ ախպեր ջան, էս 10 հոգո՞ւդ գազի գինը ձեռ չի տալիս, ճիշտ կասի նախարարը, շատ ճիշտ կասի, դրա համար նախարարին ասելու եմ՝ հինգ հազար դրամ սարքեք գազը, որպեսզի էս մարդիկ հասկանան, որ ավելի լավ է միանգամից մեռնենք, քան թե դանդաղ:
Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ մարդիկ չեն բողոքում, վախկոտությունն է պատճառը հիմնականում, մեկ էլ այն, որ եկան այդ սուտ ընդդիմադիր կոչեցյալները, մարդկանց հուսախաբ արեցին, փողոց հանեցին, խաբեցին: Դա երևի հատուկ մշակված ծրագիր էր, մարդիկ էլ երևի չեն հավատում, որ կարելի է իրոք փոփոխություն անել:
–Այս փուլում մեծ ընդվզում կա կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ, այսինքն՝ կոնկրետ ուղղություններով նկատվում է ակտիվություն: Այդպես չե՞ք գտնում:
Կարդացեք նաև
-Ես չեմ ուզում «Դեմ եմ»-ին դեմ ինչ-որ բան ասել, բայց, օրինակ, 120 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդուց ամսական կուտակայինով տանում են 5000 դրամ: Իսկ գազի գրասենյակը մեզ թալանել է, հաշվարկներով ու փորձով ապացուցել ենք, ամսական մինիմումը 20 000 դրամ: Որտեղ 5000-ը, որտեղ 20 000-ը:
«Դեմ եմ»-ի ժողովուրդը դա միջին խավի ժողովուրդն է, որն աշխատավարձ է ստանում և մտածում է իր աշխատավարձերի մասին: Ես զարմանում ե, «Դեմ եմ»-ի ժողովուրդը պետք է նման ակցիաներին էլ մասնակցի, 20 000-ն իրենց չի՞ վերաբերում, որ գողացել են իրենցից: Էն 300 մլն դոլարը, որ բերել ու դրել են «Դեմ եմ»-ի, «Կողմ եմ»-ի գլխին և ասել են՝ մենք 300 մլն պարտք ունենք, իրենց չի վերաբերո՞ւմ: Մենք էլ գնացել ենք տուն, կինդ ասում է՝ այ մարդ, գիտես, ես 100 հազար դոլար պարտք էի վերցրել, չես էլ ջոկե, բորշ եմ եփել, կերել ես ամեն օր, էս տունը մեր ձեռից վերցնում են: Ես էլ գլուխս կախում եմ, ասում եմ՝ դե լավ: Նույն պատմությունն է, եկան ու մեզ ասացին՝ գազի դիմաց 300 մլն դոլար պարտք ունենք և դրա դիմաց տվեցին գազի մեր 20 տոկոս բաժնետոմսերը: Մենք էլ խելոք ասեցինք՝ դե լավ, պարտք ենք, էլ չասեցինք՝ էդ ո՞վ է պարտք, որտե՞ղ է կրվել, նարդիո՞վ է կրվել, բլոտո՞վ է կրվել, ո՞նց է կրվել էդ 300 մլն-ը, որ ես պետք է վճարեմ, իմ երեխան պետք է վճարի:
–Նոր կառավարության ու վարչապետի նշանակման հարցն է առջևում, ինչ–որ ակնկալիքներ ունե՞ք, որ հասարակության խնդիրները կլուծվեն:
-Իհարկե, ակնկալիք չունեմ: Ի՞նչ տարբերություն, կառավարություն նշանակողն այսօր Պողոսին նշակեց, վաղը Պողոսին հանեց, Պետրոսին է նշանակելու: Համակարգը նույնն է, իշխող կուսակցությունը նույնն է, ում էլ դնեն, մի չհայ է լինելու, որովհետև եթե հայ լինեն, հայերի մասին կմտածեն: Չհայ եմ ասում ես իրենց:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում