Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը

Ապրիլ 11,2014 16:21

Հայրենակիցներ, իբրեւ ՀՀ ազատ քաղաքացի եւ հայոց շարունակվող ազատամարտի շարքային, շարունակում եմ պայքարել հանուն ազատ ու արդար Հայաստանի եւ ընդդեմ մեր հայրենիքի գլխավոր սպառնալիք իշխանական բիրտ ռեժիմի, որի անունն է լիսկայություն: Համոզված եղեք. ինձ նույնպես հաճելի չէ Լիսկա եւ լիսկայություն բառերը լսելը կամ հնչեցնելը: Հերթական անգամ հայտարարում եմ. ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները ոչ միայն շարունակում են հանցավոր անգործություն դրսեւորել Սյունիքի նախկին մարզպետ, դեռեւս ՀՀԿ հանրապետական խորհրդի անդամ, այդ կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս ավելի քան 60 ճչացող փաստ-ապացույցների նկատմամբ, այլեւ հենվելով իրավապահ համակարգի ղեկավարների, բարձրագույն իշխանավորների հետ իր հանցավոր հարուստ համագործակցության եւ իր անպատժելիության իրողությունների վրա, մեր ժամանակի հակահերոս Լիսկան մարտնչող համառությամբ ձգտում է իր քրեական բնազդը բավարարող դատարանների միջոցով հաշվեհարդարի ենթարկել ինձ՝ իր գլխավոր հակառակորդին:

Հանրահայտ է, որ ես բողոք էի ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել վերացնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին հասցեագրածս դիմումի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրածս դիմումի նկատմամբ դրսեւորված անգործությունը, նրանց պարտավորեցնել քրգործ հարուցելու Ս. Խաչատրյանի եւ նրա մերձավորների կատարած հանցանքների առթիվ, վերջապես նրանց կանգնեցնելու քրեական արժանի պատասխանատվության առաջ:

Դատարանը Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ի հեճուկս իմ արդար պահանջի, 2014թ. մարտի 27-ին ընդունած ամբողջությամբ անհիմն, անհեթեթ, անարդար որոշմամբ մերժել է բողոքս:

Դրանով իսկ դատարանը համալրել է Լիսկայի աղաղակող քրեական ընթացքի նկատմամբ հանցավոր անգործություն եւ համաձայնություն դրսեւորած «իրավապահների» շարքը: Դատարանի տխրահռչակ որոշումը վերացնելու պահանջով ես արդեն դիմել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Նաեւ հայցադիմում եմ ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով պահանջել եմ 2014թ. մարտի 6-ին ինձ հրապարակավ վիրավորելու համար Սուրիկ Խաչատրյանին ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Անշուշտ, չեմ տառապում միամտությամբ եւ ունեմ խորը համոզում առ այն, որ գործող բիրտ ռեժիմը իր հենասյուն Լիսկային չի ենթարկելու քրեական արժանի պատասխանատվության: Մազաչափ չեմ կասկածում նաեւ, որ այդ արտասովոր ոճրագործը, թեկուզեւ սպասվածից շատ ուշացումով, վերջապես, կանգնելու է հայոց ահեղ ու արդար դատաստանի առաջ եւ նրա դիմաց շուտով բացվելու է ցմահ բանտարկյալի մենախցի դուռը: Մինչ այդ ես կօգտվեմ Եվրադատարան դիմելու հնարավորությունից:

Լիսկան Գորիս քաղաքում գտնվող իր առանձնատան դիմաց 2013թ. հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրների սահմռկեցուցիչ գնդակահարությունից հետո կալանավորվելու եւ դատարանի առաջ կանգնելու փոխարեն՝ իր կատարած եւ իմ հրապարակած բազմաթիվ հանցանքներից երկուսի առնչությամբ 2013թ. օգոստոսին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով պահանջել է ինձ ճանաչել զրպարտիչ եւ ինձնից իր օգտին իբրեւ փոխհատուցում բռնագանձել 1.500.000 դրամ: Լիսկան դատարանում չի վիճարկել իր կատարած հիմնականում ծանր, այդ թվում՝ առանձնակի ծանրության մի քանի տասնյակ հանցանքների մասին հրապարակածս այլ փաստերը, որոնք վերաբերում են 1991թ. փետրվարի 11-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղի նախագահ ընտրված եւ նույն օրը ընտանիքի, գերդաստանի 7 անդամների (կին, մայր, քույր, աներ,…) հետ սպանված ազատամարտիկ Արմեն Ալեքսանյանին եւ նրա կնոջը սպանությունից 3 ամիս առաջ առեւանգելով, նրա ներկայությամբ կնոջը բռնաբարելու սպառնալիքի, 1994թ. ձմռանը իր ղեկավարած գումարտակը լքելու, մարտական դիրքերից ճողոպրելու, ռազմաճակատում խուճապային տրամադրություններ արթնացնելու, իր մեղքով բազմաթիվ զինվորների զոհվելու, թմրամոլության, թմրադեղերի տարածման, Սյունիքի մարզում թմրաբիզնեսի մենաշնորհ ունենալու, պաշտոնական դիրքի կոպտագույն չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, իր, ընտանիքի անդամների, այլոց համար միջնակարգ կրթության կեղծ ատեստատներ, համալսարանական, ակադեմիական կեղծ դիպլոմներ, պետպատվերով ուսանողական տեղեր, զինվորական բարձր կոչումներ, պետական բարձր պարգեւներ ձեռք բերելու, հայ ժողովրդից ու հայոց պետությունից ավելի քան 200 մլն դոլարի ֆինանսական միջոցներ եւ այլ կարողություններ հափշտակելու, յուրացնելու փաստերին:

Ավելին՝ Ս. Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանում 2013թ. հոկտեմբերի 24-ին ընդունել է, որ բացի վիճարկվող երկու փաստերից, հրապարակածս մյուս փաստերը զրպարտություն չեն, այսինքն՝ իրողություն են:

Այժմ հանգամանորեն կանդրադառնամ Ս. Խաչատրյանի կողմից դատարանում վիճարկվող երկու փաստերին: Հայցադիմումում նա նշել է, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի բնակիչ Արեւիկ Միրզոյանին 1992թ. դեկտեմբերի 26-ի սպանության փորձի եւ Գորիս քաղաքի բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա 1996թ. փետրվարի 17-ին կրակելու, նրան հրազենային ծանր վնասվածքներ պատճառելու փաստերի հետ: Իրականում ոչ ոք չի կասկածում, որ հենց Լիսկան է հեղինակել առանձնակի ծանրության այդ ոճիրները: Հակառակ պարագայում այդ ոճիրների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերը սեղմ ժամկետներում կներկայացվեին դատարան եւ ոչ թե հանիրավի կկասեցվեին եւ առաջինի դեպքում ավելի քան 21, իսկ երկրորդի դեպքում՝ ավելի քան 18 տարիներ չէին խունանա ՀՀ ՊՆ քննչական ծառայության ու ՀՀ դատախազության գզրոցներում:

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. ի հեճուկս իմ նկատմամբ 1990-91թթ. Լիսկայի բանդայի միջոցով իրականացված վայրագությունների, վաստակածս հեղինակությունը բավարարել է 1992թ. մայիսի 5-ին ավելի քան եռապատիկ ձայներով հաղթելու իշխած ՀՀՇ կուսակցության թեկնածուին եւ ընտրվելու Գորիսի քաղաքապետ: Ընդամենը 3 օր անց՝ 1992թ. մայիսի 8-ին պատգամավորների Գորիսի քաղաքային եւ շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի որոշմամբ ընտրվել եմ նաեւ Գորիսի տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ: Նստաշրջանը եւ նրան նախորդած Գորիսի ազատամարտիկների ընդհանուր հավաքը ՀՀ իշխանություններից, պաշտպանության նախարարությունից պահանջել են բացառել քրեական տարրերի նշանակումը Գորիսում կազմավորվող պայմանագրային գումարտակի հրամանատարական կազմում, այդ պաշտոնները վստահել փորձառու, անբասիր վարքի տեր զինվորականների եւ նվիրյալ ազատամարտիկների: Հայաստանի բարձրագույն իշխանավորները սվիններով են ընդունել Գորիսի քաղաքապետի եւ տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահի պաշտոններում իմ ընտրվելու իրողությունը: Գորիսում, Սյունիքում, Արցախում հեղինակությանս եւ ազդեցությանս աճը խափանելու, չեզոքացնելու, ինձ ասպարեզից հեռացնելու, հարկ եղած դեպքում՝ ֆիզիկապես վերացնելու նպատակով ոչ միայն արհամարհվում, անտեսվում են վերը նշված որոշումները, այլեւ 1992թ. ամռանը Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար է նշանակվում գողության, չարամիտ խուլիգանությունների, Գորիսում արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանին պողպատյա ճոպանով հարվածելու, մեկ աչքից զրկելու, ամուսնացած եւ երկու դուստր ունենալու պարագայում կրկին ամուսնանալու նպատակով թուրք աղջիկ առեւանգելու, նրան բռնաբարելու համար քանիցս դատապարտված, ազատազրկված եւ տարիներ շարունակ Հայաստանի ու Ադրբեջանի կալանավայրերում անցկացրած Սուրիկ Խաչատրյանը: Ինձ ասպարեզից հեռացնելու համար Լիսկային թույլատրվել էր ամեն ինչ եւ ներվելու էր նրա կատարելիք ցանկացած հանցանք:

Սուրիկ Խաչատրյանը վստահ լինելով դրանում՝ 1992թ. դեկտեմբերի 26-ին հեղինակում է աննախադեպ ոճիր՝ մի քանի պատգամավորների համար կազմակերպված խնջույքի ժամանակ կրակում եւ ծանր վիրավորում է իրենից հղի սիրուհի, իրեն առարկել հանդգնած Արեւիկ Միրզոյանին, ինչի արդյունքում մոր արգանդում սպանվում է իր «սիրո» պտուղը: Այդ հրեշավոր հանցագործության մասին Aravot.am լրատվական կայքում 2013թ. հունիսի 12-ին ահա թե ինչ է պատմում Սիսիանի շրջանի դատախազության նախկին աշխատակիցը. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են, քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ.-ին ասում է երգիր, էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա. Մ.-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի տասը րոպեից հետո երկրորդ անգամ էլի ասում են՝ երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է՝ քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր: Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն, իբր թե անհայտ մարդ է եղել կրակողը, չեն հայտնաբերել: 1990 թվականից առայսօր այդ մարդը անպատիժ է մնում»: Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ.-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել՝ ինչո՞ւ չի բողոքում. «Ասաց՝ ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»:

Իրոք, Ա. Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ Սիսիանի դատախազությունում 1992թ. դեկտեմբերի 28-ին հարուցվել է թիվ 51202092 քրեական գործը, այն գտնվել է քննիչ Ռազմիկ Պետրոսյանի վարույթում: Տուժող Ա. Միրզոյանը վիրահատվելուց եւ գիտակցության գալուց հետո նախ իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել կատարված հանցագործությանն իբր վկա եղած Սիսիան քաղաքի բնակիչ, ոմն Արմենուհի Հարությունյանի կեղծ հայտարարության վերաբերյալ, որով փորձ է կատարվել պարտակելու հանցանքի իրական հեղինակին, ապա գրավոր  հստակ հայտարարել է, որ իր վրա կրակել եւ իրեն հրազենային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը, նույն ինքը՝ Լիսկան: Ա. Միրզոյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հայտնել է նաեւ այլ մանրամասներ: Այդ հայտարարությանն անմիջապես պետք է հաջորդեր Ս. Խաչատրյանի ձերբակալումն ու կալանավորումը, ինչը չի կատարվել քննիչի եւ Սիսիանի դատախազի վախկոտության պատճառով: Ուշագրավ է, որ այդ հանցանքի մասին Սիսիանի ոստիկանությանն առաջինը «հայտնած» Արմենուհի Հարությունյանին 21 տարի իրավապահները չեն գտնում ոչ ողջերի, ոչ էլ մեռածների ցանկերում: Առանձնակի դաժանությամբ կատարված այդ հանցանքի հեղինակ Ս. Խաչատրյանը նույնիսկ չի ազատվել Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատարի պաշտոնից: Հանցագործությանը հաջորդած օրերին Սիսիանի դատախազությունը հիմնականում դրսեւորել է հանցավոր անգործություն, իսկ 1993թ. հունվարի 19-ին հիմք ընդունելով այդ հանցանքում միակ կասկածյալ Ս. Խաչատրյանի զինծառայող լինելու իրողությունը, հարուցած քրեական գործը փոխանցել է Զանգեզուրի կայազորի զինդատախազության վարույթ: Այն շարունակել է «քննել», իրականում՝ պարտակել, քննիչ Ս. Խաչատրյանը: Այդ օրվանից ՀՀ զինդատախազությունում սկսվել եւ մինչ օրս շարունակվում է Լիսկայի կատարած այդ եւ այլ ծանր հանցանքների ծածկադմբոցը:

Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Ս. Խաչատրյանը այդ հանցանքը մարսելու ընթացքում, առանց հապաղելու, անցնում է իրեն վերապահված գերխնդրին՝ Գորիսի քաղաքային ընտրված իշխանության զինված հեղաշրջմանը: Նա զինված բանդայով 1993թ. փետրվարի 25-ին հարձակվել է պատերազմի ընթացքում զօրուգիշեր ժողովրդին ծառայող Գորիսի քաղաքային իշխանության վրա, գրավել քաղաքապետարանի շենքը, պատանդ վերցրել ինձ, տեղակալներիս, ափսոսանք ապրել, որ ես Աստծո կամոք մոռանալու եւ զենքս տանը թողնելու պատճառով չեմ կարողացել դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության, որի համար խուսափել եմ իմ աշխատասենյակում գնդակահարվելուց եւ սպանվելուց, իմ վրա պարզած մի քանի զենքերի (կարաբին, ինքնաձիգեր, ատրճանակներ) սպառնալիքով փորձել է հասնել քաղաքապետի պաշտոնից իմ գրավոր հրաժարականին: Նա խուզարկություն է կատարել իմ աշխատասենյակում, փորձելով գտնել զենք, զինամթերք, բռնությամբ առեւանգել է քաղխորհրդի գործկոմի կնիքները, աշխատասենյակների եւ քաղաքային իշխանության շենքի բանալիները: Անշուշտ, չեմ ենթարկվել Լիսկայի վայրագ պահանջին: Նույն օրը զինված հարձակում է իրականացվել իմ առանձնատան վրա եւ հղի կնոջս նկատմամբ, դաժան ծեծի է ենթարկվել իմ ծառայողական մեքենայի վարորդ Խաչիկ Մուսախանյանը: Գորիսի քաղաքային իշխանության շենքը մեկ օր գրավված է եղել Լիսկայի զինված հրոսակախմբի կողմից, այն ազատագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի Գորիս ժամանելուց հետո: Ահա, ինչ է ասել Վ. Մանուկյանը եզակի եւ առանձնակի ծանրության հանցագործության հաջորդ օրը գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ. «Մեր ժողովրդին ուզում եմ անկեղծորեն ասել, որ անչափ վրդովված ենք Գորիսում կատարված դեպքերի համար, տեղի է ունեցել ռազմական եւ քրեական օրենքների բացահայտ եւ կոպիտ խախտում: Բանակը, զինվորականները կարող են գոհ լինել, կարող են դժգոհ լինել տեղական իշխանություններից, դա իրենց գործն է, բայց բանակը իրավունք չունի մասնակցելու քաղաքականությանը, զինվորականը իրավունք չունի իրեն հանձնված զենքը, բացի հայրենիքի սահմանների պաշտպանությունից, օգտագործելու այլ նպատակով, էլ չենք խոսում զենքը հարազատ ժողովրդի դեմ ուղղելու մասին: Այդ կապակցությամբ ես, որպես պաշտպանության նախարար, ներողություն եմ խնդրում Գորիսի ամբողջ ժողովրդից եւ հավաստիացնում, որ դեպքը քննարկվելու է մինչեւ վերջ եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ: Ճիշտն ասած՝ չափազանց կարեւոր գործով ես պետք է մեկնեի Մոսկվա, սակայն ես ուզեցի անձամբ գալ եւ իմ աչքով տեսնել ինչն ինչոց է: Դեպքն այնպիսին է, որ նվազագույն պատիժը կլիներ մեղավորներին զինվորական գործից ազատելը: Կրկին ներողություն եմ խնդրում Գորիսի ժողովրդից, որ մեր մարդիկ այդպիսի արտառոց քայլի են դիմել, այդ մարդիկ պետք է պատժվեն, բայց ինչ-որ պատիժ պետք է ես էլ կրեմ դրա համար»:

Վերահաստատում եմ, որ Գորիսի քաղաքային անզեն իշխանության շենքի զինված գրավումը Լիսկայի ռազմական միակ «հաջողությունն» է:

Վազգեն Մանուկյանի անվճռականության եւ գորիսեցիներին տրված հավաստիացումներից հրաժարվելու պատճառով Լիսկան ոչ միայն չենթարկվեց պատասխանատվության, այլ այդ հրեշավոր հանցանքից ընդամենը 23 օր հետո, որպես Գորիսի գումարտակի հրամանատար, Շուռնուխ գյուղի պաշտպանական դիրքերում տեղակայված ջոկատին ստիպել է հանպատրաստի, առանց հետախուզական անհրաժեշտ տեղեկությունների՝ հարձակվել հակառակորդի դիրքերի վրա: Հարձակման անցած ջոկատը անմիջապես ընկել է ադրբեջանական աքցանի մեջ, ունեցել 7 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Զոհվել է նաեւ այդ ջոկատի քաջակորով հրամանատար Միշա Գրիգորյանը: Ծանրագույն այդ հանցանքի հեղինակ Սուրիկ Խաչատրյանը չի ենթարկվել որեւէ պատասխանատվության:

Վերստին հայտարարում եմ, որ Արեւիկ Միրզոյանը սեփական նախաձեռնությամբ իր ամուսնու հետ 1999թ. մայիսի վերջին, ՀՀ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ներկայացել է Գորիս քաղաքի կենտրոնում տեղակայված իմ ընտրական շտաբ եւ մի շարք անձանց, այդ թվում՝ ԼՂՀ պաշտպանության բանակի Խոջալուի ուսումնական գնդի հրամանատար, ներկայումս ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի ներկայությամբ, որպես պատգամավորի հաղթող թեկնածուի՝ ինձ պատմել իր նախկին սիրեկան Սուրիկ Խաչատրյանի կողմից, ումից հղիացել ու սպասում էր երեխայի, 1992թ. դեկտեմբերին իր վրա կրակելու, իրեն ծանր վիրավորելու հանցանքի մանրամասները, տեղեկացրել, թե ինչպես են Սիսիանի բժիշկները վիրահատել, փրկել իր կյանքը, որ կորցրել է իր երեխային, որ հաշվի առնելով Ս. Խաչատրյանի չձերբակալվելու իրողությունը, սպասվող վտանգներից սարսափահար՝ հետագայում հրաժարվել է Սիսիանի դատախազությանը տված ցուցմունքներից եւ նշել, որ իր վրա կրակողին չի ճանաչում: Արեւիկ Միրզոյանն անգամ ցանկացել է բացել եւ մեզ ցուցադրել իր պատառոտված որովայնը, ինչը կանխվել է մեր կողմից: Նա ինձնից խնդրել է, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու պարագայում օժանդակեմ իր նկատմամբ կատարված հանցագործության հեղինակ Սուրիկ Խաչատրյանին քրեական արժանի պատասխանատվության ենթարկելու հարցում: Ես նրան հավաստիացրել եմ, որ իր իրավունքների վերականգնման համար պայքարելու պարագայում ինձնից կստանա առավելագույն աջակցություն: Դա եղել է Ա. Միրզոյանի հետ ունեցած միակ հանդիպումը: Այդ հանդիպման մանրամասները օրերս Aravot.am կայքէջում հաստատել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

Սուրիկ Խաչատրյանը հավատարիմ մնալով երբեմնի զոհերին ի շահ իրեն ծառայեցնելու սովորությանը, դատարան ներկայացրած հայցադիմումին որպես «զորեղ» կռվան, կցել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղի բնակիչ Ա. Միրզոյանի ստորագրությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 2013թ. օգոստոսի 9-ին հասցեագրած հայտարարության լուսապատճենը, որում՝ հակառակ 1999թ. մայիսին ինձ պատմածի, նշված է. «Այդ ամբողջի մեջ ճշմարիտը միայն նա է, որ իրոք 1992թ. դեկտեմբերի 26-ին ինձ ատրճանակով կրակել են, սակայն գիշեր է եղել ես չեմ նկատել, թե ովքեր են եղել, եւ պատահական հանդիպման արդյունք է եղել, քանի որ նրանք պատահական անցորդներ էին, թմրանյութ օգտագործած վիճակում էին: Քրեական գործի քննության ժամանակ ես հայտնել եմ, որ նրանք անծանոթ մարդիկ են եղել, թմրանյութի ազդեցության տակ, իսկ մենք էլ ընկերուհուս հետ միասին (որը 2013թ. մահացել է) ճանապարհին կանգնած Գորիսի տարածքում ցանկանում էինք գնալ Սիսիան, քանի որ այն ժամանակ այնտեղ էի բնակվում: Քրեական գործը կարճվեց, հանցագործներին չգտան, իսկ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ ոչինչ չկար, թեեւ նույնպես զրպարտում էին, որ իբր նա է կրակել: Ես կապ չեմ ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ եւ ոչ էլ անձամբ ճանաչել եմ նրան: Այդ ժամանակ ես աշխատում էի Գորիսի կուլտուրայի տանը որպես խմբի մեներգչուհի: Այդ ժամանակ Գորիսի շրջգործկոմի մշակույթի բաժնի վարիչ է եղել Սամվել Հարությունյանը: Մոտ մեկ տարի աշխատել ենք միասին եւ ես նրա հետ եղել եմ մտերիմ հարաբերությունների մեջ եւ ունեցել ենք ինտիմ կապեր: Նա շատ խանդոտ էր եւ ցանկանում էր միակ սիրո ընկերուհին լինեի ես եւ չէր թողնում միայնակ ուրիշ գյուղեր, քաղաքներ գնայի: Ես նրան տանել չէի կարողանում, բայց քանի որ իմ ղեկավարն էր ստիպված մեկ տարի հանդուրժեցի: Նշված դեպքից հետո մենք շարունակել ենք մեր մտերմական սիրային կապը, սակայն ամուսնանալու պատճառով ընդհատել եմ նրա հետ կապը եւ մտերմությունը: Թե ինչ է եղել Սամվել Հարությունյանի եւ Սուրեն Խաչատրյանի միջեւ չգիտեմ, նրանք վիճել են կռվել եւ այդ մասին գորիսեցիներն են պատմել: Հավանաբար ինձ կրակելու դեպքը Սամվել Հարությունյանին շատ է դուր եկել եւ փորձել է մամուլի միջոցով կապել Սուրեն Խաչատրյանի հետ եւ այդ ձեւով խայտառակել եւ ինձ եւ Սուրեն Խաչատրյանին: Նորից եմ կրկնում, որ այսքան տարիների իմ գաղտնիքը եղել է այն, որ ես եղել եմ Սամվել Հարությունյանի սիրուհին եւ ոչ մի կապ չեմ ունեցել եւ չունեմ Սուրեն Խաչատրյանի հետ»:

Ես 2013թ. սեպտեմբերի 12-ին գրավոր դիմել եմ ԼՂՀ գլխավոր դատախազին, որով պահանջել եմ 1992թ. դեկտեմբերի 26-ին իր նկատմամբ կատարված հանցագործությունը խեղաթյուրելու, հանցանքի հեղինակին պարտակելու փորձի, ինչպես նաեւ ինձ զրպարտելու համար Արեւիկ Միրզոյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Սակայն արդարացի պահանջս բավարարելու փոխարեն՝ դիմումս վերահասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազությանը, այնտեղից էր վերահասցեագրվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժին: Ինձ համար միայն 2013թ. հոկտեմբերին է պարզվել, որ այդ քրեական գործը կարճված չէ եւ գտնվում է նշված բաժնի քննիչ Ա. Բրուտյանի վարույթում, որին տվածս ցուցմունքներում, այդ թվում՝ Ա. Միրզոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում փաստարկված հիմնավորել եմ համոզմունքս՝ Ս. Խաչատրյանի կողմից Ա. Միրզոյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու մասին, շեշտել առանձնակի ծանրության այդ հանցագործության փաստի նկատմամբ դրսեւորված ճչացող հանցավոր անգործությունը, ինչպես նաեւ բացահայտել եմ Ա. Միրզոյանի կողմից իր միակ պաշտպանի՝ իմ հասցեին արված մերկապարանոց սուտն ու զրպարտությունը: Ավելին՝ առանց ավելորդ ջանքերի ապացուցել եմ, որ Գորիսի շրջանային մշակույթի տան ժողգործիքների նվագախմբի երբեմնի մեներգչուհի Արեւիկ Միրզոյանը Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչի 1989թ. մարտի 10-ի՝ իմ պաշտոնամուտից ավելի քան 3 տարի առաջ ազատվել էր աշխատանքից: Այսինքն, Ա. Միրզոյանը պարզապես իմ ղեկավարման ներքո չի աշխատել, ինձնից որեւէ կախվածություն չի ունեցել, ես էլ նշված հանցանքի ժամանակ ոչ թե Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչն էի, այդ պաշտոնից հոժարակամ ազատվել եմ 1990թ. դեկտեմբերին, այլ՝ 1992թ. մայիսի 5-ին ընտրվել եւ այդ հանցանքի ժամանակ էլ աշխատում էի Գորիսի քաղաքապետ:

Կատարյալ ձախողումից խուսափելու համար Սուրիկ Խաչատրյանը, ի լրումն իր հայցադիմումի՝ 2014թ. մարտի 27-ին դատարան է ներկայացրել իր երբեմնի սիրուհի եւ զոհ Ա. Միրզոյանի ստորագրությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը հասցեագրած դիմումի լուսապատճենը, ամենամերձավորներ Վլադիմիր Վարդանյանի, Սուրեն Բաղդասարյանի ստորագրություններով հայտարարությունները, որոնք նույնպես իմ անձի դեմ մերկապարանոց զրպարտություններ են: Նա նույնիսկ դատարան է ներկայացրել Ա. Միրզոյանի ներկայիս ամուսնու՝ Շահեն Դավթյանի հայտարարությունն այն մասին, թե իբր ինքն է 1992թ. եղել մոր արգանդում սպանված երեխայի հայրը, մոռանալով, որ հենց իր, իմ եւ այլոց ներկայությամբ է իր կինը 1999թ. հավաստիացրել, որ սպանված երեխայի հայրը, այն էլ 1990թ. իր առաջին ամուսնու զոհվելուց հետո, եղել է Լիսկան, իսկ 2013թ. օգոստոսին էլ գլխավոր դատախազին հայտարարել, որ դեպքի ժամանակ եւ դեպքից հետո էլ ինձ հետ է ունեցել սիրային կապեր ու ինտիմ հարաբերություններ: Այդ դեպքում երեխան ինչպե՞ս է իրենից եղել…

Ս. Խաչատրյանը դատարան է ներկայացրել նաեւ իր վարորդ Արագած Ղեւոնդյանի դիմումը, որում վերջինս նշել է. «Ս. Խաչատրյանը իմ ընկերն է եւ ես գիտեմ, որ շատ հրապարակումների մասին հարազատները նրան չէին հայտնում՝ նրա առողջական վատ վիճակի պատճառով: Սակայն ես Ս. Հարությունյանի «Առավոտ» օրաթերթում կատարածի հրապարակումների մասին 2013թ. օգոստոսի 2-ին հայտնել եմ Սուրիկ Խաչատրյանին»: Լիսկան սրանով ապացուցելով «աղվեսն իր պոչին վկա է բերում» ժողովրդական առածի կարեւորությունը՝ փորձում է հարգելի համարել իր կողմից ՀՀ օրենսդրության խախտմամբ, թույլատրելի ժամկետից մեկ ամիս ուշացումով դատարան դիմելու փաստը: Ա. Ղեւոնդյանը անշուշտ չի մոռացել, որ Լիսկան հունիսմեկյան ոճրագործությունից ընդամենը ժամեր անց մամուլով հրապարակել է «լավ ա քնած եմ եղել, թե չէ մի քսան հատ կշարեի դրանց գլխին», հանցանքին հաջորդած օրերին եւ «Առավոտի» հրապարակումից հետո զբաղվել է հանգիստ կյանքով, ինձ զսպելու համար հունիսի 5-ից սկսած, ինձ մոտ է ուղարկել բանագնացներ, տվել է բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել ելույթներ, ժամանակը հիմնականում անցկացրել է սրճարաններում, ռեստորաններում, պարելով նույնիսկ շալախո:

Ս. Խաչատրյանը դատարան է ներկայացրել նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնի քննիչ Ալիկ Ղազարյանից 2013թ. դեկտեմբերի 13-ին ստացած գրությունը, որում նշված է. «Ի պատասխան Ձեր դիմումի, տեղեկացնում եմ, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում գտնվող թիվ 51202092 կասեցված քրեական գործով մինչ օրս որեւէ անձ (այդ թվում՝ Սուրիկ Սերգեյի Խաչատրյան) որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել»:

Հայրենակիցներ, այո, չպետք է զարմանալ, որ 46-ամյա քննիչ Ա. Բրուտյանը, ում վարույթում գտնվել է նշված քրգործը եւ որին 2013թ. հոկտեմբեր-նոյեմբերին տվել եմ ցուցմունքներ, 2013թ. դեկտեմբերի սկզբին ազատվել է աշխատանքից, իսկ քրգործն էլ փոխանցվել է Ա. Ղազարյանի վարույթ: Այո, նույն Ա. Ղազարյանին, ում վարույթում է գտնվել Բուդաղյան եղբայրների գնդակահարության առթիվ հարուցված քրեական գործը, ով խեղաթյուրել է հունիսի 1-ին կատարված հրեշավոր հանցանքը, որպես կասկածյալ ոչ միայն չի ներգրավել Սուրիկ Խաչատրյանին, այլեւ նրա որդու եւ թիկնապահի վրայից հանել է մեղադրանքը ու նրանց ազատել է կալանքից, նույնիսկ, ի հեճուկս Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանի արդարացի պահանջների՝ քրեական գործի բոլոր նյութերը չի ներկայացրել դատարան:

Սիրելի հայրենակիցներ, հետեւությունները թողնում եմ ձեզ եւ դատավոր Անի Մխիթարյանին: Քննիչ Ա. Ղազարյանը, ըստ էության հպարտանում է, որ Ա. Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ ավելի քան 21 տարիներ Սուրիկ Խաչատրյանը որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել:

Ահա, ինչ ասել է հանցավոր անգործության եւ համագործակցության աղաղակող ապացույց:

Ս. Խաչատրյանի դատարան ներկայացրած Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս. Խաչատրյանի (ինչ զուգադիպություն) 1993թ. ապրիլի 23-ի՝ Ա. Միրզոյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին որոշման մեջ սեւով սպիտակի վրա գրված է. «26.02.1993թ. սույն քրեական գործը միացվել է թիվ 90500293 քրեական գործի հետ, իսկ 23.04.1993թ. անջատվել է նրանից»: Այսինքն՝ նույնիսկ ինձ համար վերջերս է պարզվել, որ 1992թ. դեկտեմբերի 26-ին Ա. Միրզոյանի սպանության փորձի եւ Լիսկայի զինված բանդայի կողմից Գորիսի քաղաքապետարանի շենքի 1993թ. փետրվարի 25-ի գրավման ու քաղաքային ընտրված իշխանության բռնի տապալման փորձի փաստերի առթիվ հարուցված քրեական գործերը երկրորդ հանցանքին հաջորդած օրը միացվել են մի ընդհանուր քրեական գործի մեջ: Քանի որ տուժողները եղել են տարբեր մարդիկ, ուստի կատարված հանցանքներում նույն կասկածյալի առկայության դեպքում միմիայն պետք է հարուցված քրեական գործերը միացվեին: Այսպիսով` սրանով հաստատվում է այն իրողությունը, որ Լիսկան իրականում կասկածվել է Ա. Միրզոյանի սպանության փորձում, հակառակ պարագայում այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը 1993թ. հունվարի 19-ին չէր փոխանցվի Զանգեզուրի կայազորի զինդատախազությանը, իսկ 1993թ. փետրվարի 26-ին էլ չէր միացվի թիվ 90500293 քրգործի հետ: Համոզված եմ, որ կատարվածին լույս կսփռեն առաջին քրեական գործը Զանգեզուրի կայազորի զինդատախազության վարույթ տեղափոխելու եւ երկու քրգործերը միացնելու մասին որոշումները:

Այժմ ամենակարեւորի մասին: Հայտարարում եմ, որ Լիսկայի արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ղեկավարները չէ, որ դրսեւորել են հանցավոր անգործություն: Իր աշխատասենյակում 1998թ. օգոստոսի 6-ին սպանված ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը եղերական մահից առաջ որդեգրել էր հակառակ կեցվածք:

ՀՀ զինվորական դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Ս. Ա. Հովհաննիսյանի Ա. Միրզոյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կրկին կասեցնելու մասին 1998թ. օգոստոսի 21-ի որոշման մեջ կարդում ենք. «23.04.93թ. Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ թիվ 51202092 քրեական գործով նախաքննությունը կասեցվել է մինչեւ քրեական պատասխանատվության անձի պարզելը (գ. թ.—):

02.07.98թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը վերադարձվել է ՀՀ զինվորական դատախազին քրեական գործով նախաքննության կասեցման մասին որոշման օրինականությունը ստուգելու համար (գ.թ.–):

21.07.98թ. Զինվորական դատախազի որոշմամբ, թիվ 51202092 քրեական գործով Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչի նախաքննությունը կասեցնելու մասին որոշումը վերացվել է եւ հանձնարարվել է կատարել հետագա նախաքննություն (գ. թ. —):

21.07.98թ. քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատավարության վարույթ»:

Նույն որոշման մեջ նշված է, որ «վիրահատությունից հետո Ա. Միրզոյանը գտնվելով նարկոզի ազդեցության տակ չի հասկացել, թե ինչ ցուցմունք է տվել, թե ինչպես է «Լիցկայի» հետ կապված պահեր արծարծվել ցուցմունքներում: Նա միայն ցանկացել է այնպես անել, որ Արմենուհու պահով «Գազ-24» մակնիշի մեքենայի ուղեւորների եւ նրա պահվածքի հետ կապված Սիսիանի ՆԳ բաժնում տհաճ պահեր չառաջանան, ինչպես նաեւ չի իմացել, թե ինչպես եւ ինչու է Արմենուհին փոխել իր ցուցմունքը»: Այդ որոշման մեջ նշված են նաեւ քրեական գործի հետ իբր թե կապված բազմաթիվ այլ անհեթեթություններ: Կարեւորագույնն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հավատ չի ընծայել 1992թ. դեկտեմբերի 28-ին առանձնակի ծանրության հանցագործության փաստի առթիվ հարուցված եւ ընդամենը 115 օր հետո նախաքննությունը կասեցնելու մասին որոշման նկատմամբ եւ կասեցման որոշումը վերացնելու, նախաքննությունը շարունակելու, կատարված հանցագործությունը բացահայտելու, դրա իրական հեղինակին քրեական արժանի պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ դրսեւորել է վճռականություն: Ավա՜ղ, Հենրիկ Խաչատրյանի սպանությունից ընդամենը երկու շաբաթ անց, հավանաբար «վասն գլխավոր դատախազի հոգու հանգստության», քննիչ Ս. Հովհաննիսյանի որոշմամբ կրկին կասեցվել է այդ քրեական գործի նախաքննությունը մինչեւ քրեական պատասխանատվության ենթակա անձանց պարզելը: Այսինքն՝ «էշ մի սատկիր, գարուն կգա…»:

Այժմ անդրադառնամ 1996թ. փետրվարի 17-ին կատարված եւ մինչ օրս նույնպես չբացահայտված հանցագործությունների մյուս երկու փաստերին: Այդ օրը գորիսեցիները հերթական անգամ ցնցվեցին լուրից, որ Գորիսի քաղաքապետ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիսկան կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա, վերջինիս պատճառել հրազենային ծանր վնասվածքներ: Ավելին՝ այդ հանցանքից անմիջապես հետո Լիսկայի եղբայր Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը հրազենով զինված ներխուժել է Գորիսի հիվանդանոցի ռենտգեն կաբինետ, ուր մի շարք բուժաշխատողների, այլ անձանց ներկայությամբ նկարահանում էին ծանր վիրավոր Ա. Առուշանյանին եւ կրակահերթ արձակել այնտեղ: Այնուհետեւ վիրավոր Ա. Առուշանյանին տեղափոխել են Երեւան եւ նրան ենթարկել բարդ վիրահատության: Կարճ ժամանակ անց հանցագործությունների երկու փաստերի առթիվ Գորիսի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք նույնպես արժանացել են Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի բախտին: Ինչպես Ա. Միրզոյանի նկատմամբ կատարված դաժան հանցանքի, այնպես էլ 1996թ. փետրվարի 17-ի ոճիրների պարագայում հայրենի «բազմաչարչար իրավապահները» արձանագրել են անհայտ բաժանորդ, կներեք՝ անհայտ կրակող…

Ողբամ զքեզ՝ Հայաստանի ողորմելի իրավապահ համակարգ:

Այդ հանցանքները կատարելու կամ պարտակելու համար մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել քրեական կամ այլ կարգի պատասխանատվության:

Սուրիկ Խաչատրյանի կողմից դատարան ներկայացրած Գորիսի դատախազության նախկին քննիչ Համլետ Զաքարյանի գրության մեջ կարդում ենք «խրոխտ հպարտության» հետեւյալ տողերը. «Ի պատասխան Ձեր 17.02.2014թ. թիվ 13 գրության հայտնում եմ հետեւյալը: Ես՝ 1993թ. մինչեւ 2009 թվականը աշխատել եմ ՀՀ դատախազության համակարգում, որպես քննիչ:

ՀՀ Գորիսի դատախազության վարույթում է գտնվել թիվ 3210089 քրեական գործը՝ Անուշավան Ալբերտի Առուշանյանին հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ՝ հարուցված 1996թ. փետրվար ամսին: Նշված քրեական գործով նա հանդիսացել է տուժող: Քանի որ հրազենային վնասվածք հասցնողի ինքնությունը հնարավոր չի եղել պարզել, ուստի իմ կողմից կայացվել է քրեական գործի կասեցման մասին որոշում:

Մինչեւ իմ աշխատանքից ազատվելը վերը նշված քրեական գործով՝ Սուրիկ Խաչատրյանը չի ներգրավվել, ոչ որպես կասկածյալ կամ մեղադրյալ»:

Հ. Զաքարյանը նույն գրության մեջ հատուկ դիտավորությամբ ինձ զրպարտում է՝ ավելացնելով. «Նշված հարցով Գորիսի դատախազությանը բանավոր դիմել է նաեւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նրան ես ի պաշտոնե, որպես գործով վարույթ իրականացնող քննիչ հայտնել եմ, որ քրեական գործը կասեցվել է, քանի որ անհայտ է հրազենով կրակողի ինքնությունը, իսկ ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին, ապա նա նշված քրեական գործով երբեւէ չի ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ»: Հայտարարում եմ, որ իմ մասին Հ. Զաքարյանի նշածը ճչացող սուտ է:

Գորիսի դատախազության նախկին քննիչ Հ. Զաքարյանի ակտիվ ջանքերով են ոչ միայն պարտակվել եւ ընդամենը 4,5 ամիս հետո հանիրավի կասեցվել է նշված հանցանքների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերը, այլեւ հենց նա է նույնպես աղավաղել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիներ Էյներ եւ Մայիս Խաչատրյանների կողմից 2004թ. փետրվարի 29-ին Գորիս քաղաքի բնակիչ, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Հենց նրա օգնությամբ է սպանության մեղադրանքը հանվել Էյներ Խաչատրյանի վրայից, որով վերջինս մեկ օր անգամ չի ազատազրկվել, իսկ իրեն հանցակից Մայիս Խաչատրյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, պատիժը կրել արտոնյալ պայմաններում եւ ընդամենը 6 տարի 4 ամիս հետո կալանքից ազատ է արձակվել շնորհիվ Սերժ Սարգսյանի ողորմածության:

Ավելորդ չէ նշել, որ Հ. Զաքարյանը 2009 թվականին ազատվել է ՀՀ դատախազության համակարգից եւ իր հովանավորի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից անմիջապես որպես իրավախորհրդատու աշխատանքի է նշանակվել մարզպետարանում:

Իբրեւ իրավապահ համակարգում առկա արգահատելի իրողություններով վաղուց չզարմացող քաղաքացի, այնուամենայնիվ, զարմացած եւ վրդովված եմ այն փաստից, որ 1996թ. փետրվարի 17-ի ոճրագործության թիրախ եղած Անուշավան Առուշանյանը վախվորածությամբ եւ թուլակամությամբ չզիջելով անգամ Արեւիկ Միրզոյանին, Գորիսում հայտնի Չապաեւի թոռը լինելու պարագայում, ոչ միայն երբեւէ չի բողոքարկել նախաքննությունն իրականացրած եւ այն ձախողած մարմնի անգործությունը, այլեւ իր նկատմամբ կատարված ծանր հանցանքից նույնիսկ 18 տարի անց, այն էլ հեռավոր Ռուսաստանից, շարունակում է արհամարհել իր մեծ գերդաստանի պատիվն ու արժանապատվությունը: Նա, որին անձամբ չեմ ճանաչում, անշուշտ ոչ առանց Սուրիկ Խաչատրյանի միջամտության՝ դատավոր Անի Մխիթարյանին հասցեագրած հայտարարության մեջ նշել է. «Սամվել Հարությունյանի հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից ինձ կրակելու փորձի վերաբերյալ կեղծ է, զրպարտություն է, եւ պատասխանողը այն կատարել է դիտավորությամբ: Խնդրում եմ պատասխանողից պահանջել լրատվության կամ այլ միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»:

Այսպիսով՝ Ա. Առուշանյանը պահանջում է իր դահճի փոխարեն՝ պատասխանատվության ենթարկել իր անարգված իրավունքների միակ պաշտպանին: Սա նշանակում է, որ Ա. Առուշանյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր դահճին՝ իր հանդեպ դրսեւորած հոգատարության համար: Այո, Ա. Առուշանյանը յուրովի է սերտել «նապաստակի սրտով անտառ չեն մտնում» ժողովրդական ասույթի իմաստը:

Արեւիկ Միրզոյանին, Անուշավան Առուշանյանին, Լիսկայի բոլոր զոհերին հավաստիացնում եմ. որքան էլ իրենք հակառակվեն՝ հետեւողականորեն շարունակելու եմ պաշտպանել իրենց անարգված իրավունքները, եթե անգամ իրենց դահիճի փոխարեն ենթարկվեմ հաշվեհարդարի:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. վերը նշված փաստերի մասին նախկինում մամուլում եղել են ուշագրավ հրապարակումներ եւ ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Արեւիկ Միրզոյանն ու Անուշավան Առուշանյանը չեն դիմել դատական կամ այլ իրավական պաշտպանության:

Հաշվի առնելով 1990-ական թվականների Լիսկային եւ այլոց առանձնակի ծանրության ու ծանր հանցանքների համար քրեական արժանի պատասխանատվության առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը՝ կարծում եմ, որ իրեն հարգող խորհրդարանը պետք է ենթարկվի նման ոճիրների համար ժամանցելիությամբ պայմանավորված պատասխանատվության արգելանքը ՀՀ օրենսդրությունից դեն նետելու հրամայականին:

Համոզված եմ. դատավոր Անի Մխիթարյանի կողմից արդար որոշում կայացնելու համար օգտակար կլինի ինչպես սույն խոսքս, այնպես էլ վերը նշված երեք քրեական գործերի բոլոր՝ անշուշտ փոքրածավալ, վաղուց խունացած, բայց ճչալու պատրաստ նյութերը:

Աստված օգնական:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 ապրիլի 2014թ.  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Քանի դեռ լիսկան բանտում չէ, Հայաստանը վտանգի տակ է:

    1991թ. փետրվարի 11-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղի նախագահ ընտրված ազատամարտիկ Արմեն Ալեքսանյանի հետ սպանվեց նաև վերջինիս քույրը (որին անձամբ ճանաչել եմ)՝ մոտ 20-ամյա, բոյով-գեղեցիկ Նազիկ Ալեքսանյանը, որը սովորում էր Երևանի գյուղ.ինստիտուտում ու գնացել էր գյուղ՝ եղբոր ընտրվելու քեֆին մասնակցելու: ԱՅԼԱՍԵՌՎԱԾ «հայը» նույնիսկ չխնայեց Նազիկին,որն իր մարմնով ծածկել էր երեխաներին ու փամփուշտները իր վրա վերցրել: Այս այլասեռվածները դեռ բանտում չեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930