Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի բարձրաստիճան պաշտոնյան` Գյումրու կենտրոնական փողոցն ու զբոսայգին սեփականաշնորհելու մասին (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 16:05

Այսօր Գյումրիում էր ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Նա աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզում գործող Գյումրիի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի սպասարկման գրասենյակների ղեկավարների հետ` խոսելով համակարգի բարեփոխումներից: Aravot.am-ը կադաստրի բարձրաստիճան պաշտոնյայից հետաքրքրվեց, թե ո՞ր կառույցի մեղքով է, որ սեփականաշնորհում են այգիները, կանաչ տարածքները` խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, հերթը հասել է անգամ փողոցներին:

Մենք պարոն Բաշոյանին փոխանցեցինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի զարմանքը, որը Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ նրան դժգոհել էր,  թե Գյումրու Լաչինի միջանցքի Մայակովսկի փողոցի ուղիղ մեջտեղում հերիք չէ խանութ են կառուցել, մի բան էլ սեփականաշնորհել են: Սամվել Բալասանյանը բողոք էր ներկայացրել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանին: Իսկ մեր հրապարակումից անմիջապես հետո Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հանձնարարել էր ոստիկանության քննչական բաժնին նյութեր նախապատրաստել:

Բացի այդ, Սամվել Բալասանյանը ավագանու նիստերից մեկի ժամանակ փորձել էր պարզել, թե ի վերջո փաստաթղթերով ո՞ւմ է պատկանում քաղաքային զբոսայգին կամ որ նույնն է՝ Գորկու այգին: Սամվել Բալասանյանը բնականաբար նման հարց բարձրացնում էր` ի նկատի ունենալով Գյումրիում տարածված այն խոսակցությունները, թե այգին Ղուկասյանների ընտանիքն է սեփականաշնորհել:

Felix_Bashoyan_01

Մեր հարցադրումներին ի պատասխան, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը պարզաբանեց հետևյալը. «Կադաստրը ոչ հող հատկացնող է, ոչ օրինականացող է, կադաստրը ընդամենը գրանցող կազմակերպություն է: Եթե մարդը ձեր ասած փողոցի վրա ինչ-որ բան է կառուցել, նախ համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սուրբ պարտականությունն է, որովհետև վերահսկողությունը իրենց վրա է դրված, որ ինքնակամ կառույցները քանդի կամ օրինականացնի: Էդ իր սուրբ պարտականությունն է, էստեղ կադաստրը ոչ մի բանով չի կարող օգնի քաղաքապետին: Եթե չի քանդել քաղաքապետը ժամանակին, բացի քանդելը, տույժերի է ենթարկում, ընթացակարգ կա` ինքնակամ կառուցելու, օրինականացնելու ընթացակարգ գոյություն ունի, եթե քաղաքապետը էդքան գործառույթները անցել է, ինքն իրենով գրանցել է և քանդելու որոշում կայացնելու փոխարեն որոշում է կայացրել ճանաչել օրինական և վաճառել կառուցապատողին, կադաստրը ստեղ ի՞նչ կապ ունի: Մենք էստեղ մերժման հիմք չունենք»:

Պաշտոնյան նաև ասաց, որ կանաչ տարածքների սեփականաշնորհման հարցում էլ կադաստրի մեղքը չկա, և մյուս կառույցների ամենամեծ սխալը կլինի իրենց մեղադրելը: Ըստ Ֆելիքս Բաշոյանի, այս հարցերը պետք է բարձրացնել տեղական իշխանությունների առաջ, քանի որ նրանք տարբեր հնարքների են դիմում. եթե մի տարածք չի կարելի մասնավորեցնել, վերցնում են օրենքի ուժով, նպատակային նշանակությունն են փոխում, հետո դնում ու վաճառում են:

Մանրամասները`  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930