Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» շարժումից է սկսվելու Հայաստանի փրկությունը. Արշակ Սադոյան

Ապրիլ 11,2014 16:01

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին եւ «Դեմ եմ» շարժմանը՝ ասաց, որ այս շարժման շնորհիվ է, որ Հայաստանը ձեռք է բերելու իր փրկությունը.

«Դեմ եմ» շարժումը միակ ռեալ քաղաքական շարժումն է այսօր քաղաքական կյանքում, որն ապագա ունի, այլ ոչ թե «Բարգավաճը»-ը կամ նրա հետ մեծամասնություն կազմող այդ չորս ընդդիմադիր կուսակցությունները: Այս «Դեմ եմ» շարժումից է սկսվելու Հայաստանի փրկությունը»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ մեծածավալ հետազոտություն է կատարվում, եւ հարցումներին մասնակցելու է մոտ 6000 բնակիչ. «Հարցումներն անելու ենք Նոյեմբերյանից-Ագարակ եւ մինչեւ Մեղրի: Սա բավականին լուրջ հետազոտություն է: Մենք պետք է իմանանք, որ տարիքային, եկամտային խումբն է դեմ կամ կողմ»:

Իսկ Արշակ Սադոյանը, ընդմիջելով նրան, ասաց. «Սկսել են գյուղերից, որպեսզի դիտմամբ սխալ պատասխան ստանան: Հլը´ պատկերացրեք` սոցիոլոգիական հարցումներ միտումնավոր կազմակերպեն այն տեղերում, որտեղ մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն, կամ նրանց չի հետաքրքրում, եւ այսպես դանդաղ-դանդաղ գան եւ ներկայացնեն փաստեր: Հիմա մեր երկրում ինչ անենք»:

Հանդիպման ժամանակ բանախոսները անդրադարձան նաեւ Հայաստանի ընդհանուր քաղաքական վիճակին: Արշակ Սադոյանը իշխանականների պահվածքը որակեց որպես «ծիծաղելի». «Ծիծաղելի է, որ եւ կառավարության հրաժարականը, եւ ապագա վարչապետի հարցի մասին հայտարարությունները տարվում են այնպես, որ հենց Հանրապետական կուսակցությունը, նրա ղեկավարներն ասում են` «դե մենք չգիտենք: Նախագահն է որոշում»: Իսկ այս բոլորը նշանակում է, որ ֆիկցիա (խաբեություն) է, հատկապես «իշխող» եւ «ընդդիմադիր քաղաքական ուժեր» հասկացողությունները Հայաստանի Հանրապետությունում ուղղակի դեկորացիա են»:

Նա նաեւ համոզմունք արտահայտեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա չի ստեղծի Հանրապետական կուսակցության» հետ, քանի որ նրա վրա գործառույթ է դրված` Հայաստանում պետք է լինեն երկու հիմնական կուսակցություններ` Հանրապետականը եւ «Բարգավաճը»: Իսկ վերջինս, այս դեպքում, միշտ պետք է փորձի ընդդիմադիրի դիրքորոշում ունենալ, «այսպես ասած, ընդդիմադիր-ընդդիմադիր խաղալ»:

Բանախոս Ահարոն Ադիբեկյանը անդրադարձավ նաեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ վերջինս այդ քայլին է դիմել իր «դեմքը փրկելու համար»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Տիգրան Սարգսյանը ներկայացրել է իր հրաժարականը, քանի որ նրան պարտադրել են, Ա. Ադիբեկյանը նշեց. «Ինձ թվում է, որ դա իր կամքով է եղել»:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930