Հայաստանի ապազգային վերնախավը և նրա օտար տերերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրում հաստատված պետական կառավարման գաղութային համակարգի գոյությունն ու տիրապետությունը հնարավորինս ամրապնդելու և երաշխավորելու համար:
Հանուն այդ նպատակի, ամեն կերպ ստեղծվում է ապազգային վերնախավին և պետական կառավարման գաղութային համակարգին որպես յուրային ներկայացնելու, ինչպես նաև դրանց բարեփոխման ու առողջացման հնարավորության ու գործողությունների պատրանք:
Այդպիսի գործողությունների շարքից էր հանրապետության կառավարման գործում որևէ իրական նշանակություն չունեցող` վարչապետի փոփոխության հարցի շուրջ ստեղծված ու դեռևս շրջանառվող տեղեկության աղմուկը:
Այդ աղմուկը դեռ չմարած` շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների և դրանց միջոցով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու թեման:
Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ այս թեման առանձնահատուկ է: Այն շատ ավելի մեծ, բազմապիսի ու երկարաժամկետ նախադրյալներ է ստեղծում արտաքին ու ներքին քաղաքականության գրեթե բոլոր ասպարեզներում կառավարող վերնախավի ու նրա օտար տերերի վերը նշված նպատակն իրականացնելու համար:
Մասնավորապես` արդեն շրջանառության մեջ են դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագծի ազատ քննարկման ու մշակման հնարավորության և վարչախմբի ներկայիս պարագլխի կողմից այլևս պետության ղեկավարի պաշտոնին չհավակնելու ինտրիգները, որոնք տեղեկության երկարաժամկետ աղմուկ ու փուչիկներ ստեղծելու գրեթե անսպառ աղբյուր կարող են դառնալ: Միևնույն ժամանակ` այդ աղմուկի քողածածկույթի տակ մարդկանց գիտակցությունը ընտելացվում է այն մտքին, գործող վարչախումբն առնվազն կառավարելու է մինչև 2017 և 2018 թթ. հերթական ընտրությունները:
Կարդացեք նաև
Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ թե վարչախումբն ու նրա պարագլուխը, և թե նրանց հետ քաղաքական առևտրով զբաղվող կուսակցապետերը բազմիցս խաբել են հասարակությանը, անձնական ու կլանային շահերից ելնելով կտրուկ փոխել են իրենց կարծիքները և մոտեցումները: Այս պարագայում ևս մանկամտություն կլինի կարծել, թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կմշակվի որպես ազատ քննարկման արդյունք կամ վարչախմբի պարագլուխը հավատարիմ կմնա իր խոստմանը կամ ի վերջո ժողովրդին չի ներկայացվի փոփոխությունների միանգամայն այլ տարբերակ:
Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում զգոն լինել, անտեսել ապազգային վերնախավի ու նրա օտար տերերի բոլոր խարդավանքները, գաղութային համակարգից դուրս առկա դիմադրության օջախների հիման վրա կազմակերպել համընդհանուր դիմադրական շարժում, ձևավորել իրապես ազգային ընտրախավ ու պետական կառավարման յուրային համակարգ և ազատագրել երկիրն ու նրա քաղաքացուն:
Նախախորհրդարան
11.04.2014 թ.