Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների քաղցը մի հագեցրեք փողոցից գնած կարկանդակներով (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 14:18

Ոչ մի դեղամիջոցով, հավելանյութերով չես կարող ճարպային հյուսվածքը քայքայել եւ ճարպից ազատվելու միջոցն է առողջ սննդակարգ ունենալը: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ավելորդ ճարպերից ազատվել ցանկացող մարդկանց այսպիսի խորհուրդ տվեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Ըստ նրա, միայն լիպոսակցիայի միջոցով է հնարավոր քայքայել ճարպային բջիջը: Իսկ տարատեսակ նիհարեցնող թեյերը, լուծողական դեղերը եւ հակադեպրեսանտները, որոնք սովորաբար օգտագործում են մարդիկ նիհարելու համար, խիստ վտանգավոր են մարդու առողջության համար: Ըստ մասնագետի՝ դրանք պարզապես միզամուղ են եւ օրգանիզմը ջրազրկում են, իսկ լուծողականները օրգանիզմից հանում են նաեւ օգտակար նյութերը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ թեյերի եւ նիհարելու համար նախատեսված այլ միջոցների շուկան չի վերահսկվում եւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում դրանցից առաջացած հետեւանքների համար: Սպառողների պաշտպանը կոչ արեց առողջ ապրելակերպ վարել, հաճախել լողավազան եւ չուտել ամենուրեք վաճառվող «Ֆասթ-ֆուդերը»` արագ պատրաստվող սնունդը:

Էնդոկրինոլոգի խոսքերով էլ, օրվա ընթացքում պետք է 5-6 անգամ ուտել` փոքր չափաբաժիններով եւ շատ քանակությամբ հեղուկ օգտագործել, հատկապես` ջուր, քանի որ շոգ եղանակին, մարդու օրգանիզմը մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում:

Ըստ նրա, գիրությունը հիվանդություն է եւ մինչեւ չպարզվի նրա պատճառը, չի կարելի ինքնագործունեությամբ զբաղվել կամ լսել սրա նրա խորհուրդները:

Ըստ բժիշկ Աբովյանի, երեխաներին մանուկ հասակից պետք է սովորեցնել առողջ սննդակարգի եւ ոչ մի դեպքում նրանց քաղցը չհագեցնել փողոցից գնած կարկանդակներով, թխվածքաբլիթներով: Երեխաների ֆիզիկական ակտիվությունը, դիետոլոգի խոսքերով, նույնպես շատ կարեւոր է. «Ծնողները պետք է հետեւեն, որպեսզի նրանք իրենց ժամանակը չանցկացնեն համակարգչի առաջ եւ ավելի շատ խաղան, զբոսնեն, զբաղվեն սպորտով: Տեխնոլոգիաների այս դարում երեխաները դարձել են անշարժ»:

Տիկին Աբովյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Հարցին, թե ծնողն ի՞նչ պետք է անի, որ «ֆասթ-ֆուդերը» վաճառվում են դպրոցներում, պարոն Պողոսյանն ասաց, որ այդ ամենը պետք է օրենսդրորեն տեղական ինքնակառավարման մարմինները վերահսկեն: Ըստ նրա, օրինակ` Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որ եթե երեխայի գիրությունը սահմանվածից անցնում է, ծնողին ծնողական իրավունքից զրկում են. «Արդեն 12 երեխայի ծնողների զրկել են ծնողական իրավունքներից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930