Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր այսօր շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ ընդմիջում հայտարարվեց, քանի որ երկու տարեկան Լիա Միսակյանին բժիշկների անփութության հետեւանքով կորցրած տուժողի հայրը՝ Գեւորգի Միսակյանը հայտնեց, որ դատարան հրավիրված վկաները բաց նամակ են հրապարակել Aravot.am-ում: Նամակի պատճեները կողմերին տրամադրվելու համար ընդմիջվեց նիստը:
Դատավոր Լեւոն Ավետիսյանն էլ, երբ վկաներից Կարինե Մարտիրոսյանի հարցաքննությունն էր, հարցրեց, թե ինչու է նամակում վկան գնահատել, գրելով. «Վերջերս դատավարության ընթացքում նաեւ պարզվեց , ինչը պնդում էին նաեւ բժիշկները, որ արյան ընդհանուր քննության տվյալները հասանելի են եղել միայն հունվարի երկուսին, հերթափոխն ընդունած բժշկին, որը եւ ելնելով այդ տվյալներից, կազմակերպել է հետագա բուժական գործընթացները»:
Դատավորը նաեւ հարցրեց, թե ո՞ր դատական նիստի ժամանակ է ասվել, ինչին վկան ասաց, որ չգիտի, բայց նամակը կարդացել է եւ պնդում է գրվածը:
Կարդացեք նաև
Այս բժշկուհին երեխային զննել էր հունվարի երկուսին, վիճակը գնահատել էր միջին ծանրության, իրեն հետագայում չեն կանչել, հետագայում, երբ հարցրել է, երեկոյան երեխայի վիճակի մասին դարձյալ ասվել է, թե փոփոխության չի ենթարկվել:
Դատարան էր ներկայացել նաեւ քիթ-կոկորդ-ականջի բժիշկը՝ Հասմիկ Գեւորգյանը:
Նա էլ ասաց, որ կոկորդը հետազոտելով, վիրուսային ծագման նշաններ էր տեսել, իսկ մուգ գույնի զանգվածի հետ կապված էլ հայտնեց, թե երբ երեխան փսխել է, նկատել է մուգ գույնի զանգված, իրեն ասել են, թե շոկոլադ է երեխան կերել, իսկ տուժողի ներկայացուցիչը բորբոքվեց՝ ասելով, որ երեխան միայն իր օգնությամբ ջուր է խմել, բայց ուրիշ ոչինչ նրան չի տրվել:
Մանրամասները քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ