Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցակետերում կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 13:59

Այսօր Երեւանում ներկայացվեց «Սարքավորումների տրամադրում ՀՀ եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների գրանցում» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի եւ ԵՄ կողմից:

Ծրագրի նպատակն է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք կխթանեն միջազգային առեւտուրը եւ տարանցիկ փոխադրումները եւ կդյուրացնեն մարդկանց միջսահմանային շարժը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4.3 մլն եվրո:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երեք հիմնական անցակետերի արդիականացմանը:  Ծրագիրը հնարավորություն կտա դյուրացնել առեւտուրը, տարանցիկ փոխադրումները,  մարդկանց հեշտ տեղափոխումը, կամրապնդվի սահմանի անվտանգությունը: «Այս ամենի համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ , ներգերատեսչական եւ միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակ եւ սահմանի կառավարման ոլորտի մարմիններում թափանցիկություն»:

Ծրագրի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս ծրագիրը սահմանների համալիր կառավարման արդեն երրորդ է ծրագիրն է: «Առաջին երկու ծրագրերը բարեհաջող ընթացք ունեցան, այդ պատճառով ուրախ ենք հիմա սկսել երրորդը, այս անգամ Սադախլո-Բագրատաշեն սահմանին»:

Պրն Սամխարաձեն նշեց, որ քանի որ վրացական կողմում ենթակառուցվածքներն արդեն իսկ թարմացված են, ապա այնտեղ կիրականացվի միայն տեխնիկական միջոցների տրամադրում: Իսկ հայկական կողմում ենթակառուցվածքի բարելավումներ կիրականացվեն, որի արդյունքում կտեղադրվեն բեռնափոխադրող մեքենաների ռենտգեն սկանավորող սարքեր:

ՍՀԿ ծրագրերի պատասխանատու Գրիգորի Մալիցյանը լրագրողներին ասաց, որ մեկ պատուհան անցակարգային համակարգի նպատակը հենց տնտեսվարող սուբյեկտների կանխավ տեղեկացված լինելն է.«

Տնտեսվարող սուբյեկտի համար պետք է ստեղծել կանխատեսելի միջավայր, պետք է ներդնել այնպիսի համակարգ, որ տնտեսավարող սուբյեկտը ստանա կանխավ տեղեկատվություն ներմուծված ապրանքների  մաքսազերծման գնի վերաբերյալ»:

Պրն Մալիցյանը հայտնեց, որ ծրագրի բյուջեի 4.3 մլն եվրո գումարի մի մասը նախատեսված է սարքավորումների ձեռք բերման համար, իսկ մյուս մասը նախատեսված է կարողությունների զարգացման, դասընթացների, աշխատաժողովների, ուսումնական այցերի համար: Հայտնեց նաեւ, որ ծրագիրը կիրականացվի 18 ամիսների ընթացքում եւ մոտավորապես երկու տարի հետո այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

Պրն Մալիցյանը փաստեր ներկայացրեց, որ Բագրատաշեն անցակետում մաքսային գործընթացներ չեն իրականացվում, մինչդեռ Սադախլո անցակետում իրականացվում են: Ըստ նրա՝ ծրագրի իրագործումից հետո հնարավոր կլինի մաքսային ձեւակերպումների իրականացումը դյուրացնել նաեւ Հայաստանում:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը բացման խոսքով հանդես եկավ եւ նշեց, որ ծրագրով Հայաստանի համար նախատեսված է իրականացնել էլեկտրական ցանցերի, գազատարի , օպտիկական մանրաթելային ցանցի կառուցապատման աշխատանքներ: Ծրագրի միջոցով նաեւ հնարավորություն կլինի ներդնել մեկ պատուհան համակարգը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930