«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վկան ենք ընդհանուր հետխորհրդային համակարգերի ճգնաժամերի»,- այսօր՝ ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա կարծում է, որ այդ ճգնաժամի ցցուն դրսեւորումները եղել են Ուկրաինայում, եւ Հայաստանն էլ զերծ չի մնացել դրանից. այն արտահայտվել է վարչապետի հրաժարականով: Քաղաքագետը նշեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետ լինելու վեց տարիները խիստ անբարենպաստ ժամանակաշրջան էր, եւ Հայաստանի համար, մեղմ ասած, հաջող տարիներ չէին.
«Հայաստանը հնարավորություն ուներ այդ հիմնախնդիրները լուծելու Եվրոպայի հետ Խորը եւ համապարփակ ընդհանուր ազատ առեւտրային գոտի ստեղծելով, եւ մենք տեսանք, որ տեղի ունեցավ վթարի պես մի բան, եւ սկսվեց հակառակ գործընթացը: Եվ եթե Տիգրան Սարգսյանը մինչ այդ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացի ջատագովներից մեկն էր, ապա վերջին ամիսներին տեսանք, որ նա ջատագովն էր հակառակ գործընթացի: Այստեղ մենք գործ ունենք հզոր արտաքին քաղաքական գործոնի հետ»:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո ի հայտ եկան ներհամակարգային տարաձայնություններ, եւ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները ցույց են տալիս, որ ճգնաժամը հաղթահարված չէ, եւ դրա հաղթահարում ռազմական առումով չի էլ ուրվագծվում.
Կարդացեք նաև
«Վարչապետի շարժման գործընթացը ի հայտ բերեց մեր ներհամակարգային բոլոր արատները, այսինքն՝ մենք տեսանք, որ քաղաքական կոչվող գործընթացները ընթանում են վարագույրի հետեւում, դրանց մեջ հանրության ներկայությունը կա՛մ նվազագույն է, կա՛մ բացակայում է: Մենք տեսանք, որ ամեն ինչ տեղի է ունենում կլանային տրամաբանության վրա»:
Պարոն Մեհրաբյանը հայտարարեց, որ քառյակ անվանումը խիստ պայմանական բաժանում է, եւ տարբեր անունների բերումով մենք գործ ունենք վեցյակի հետ, որը արժեքային եւ փիլիսոփայական առումով գտնվում է նույն հարթության վրա, գործում է նույն տրամաբանության մեջ, համակարգը փոփոխելու որեւէ միտում չի դրսեւորվում: Իսկ եթե կա պայքար, ապա այդ պայքարը տեղի է ունենում իշխանական կարկանդակից բաժին ստանալու, կամ ունեցած բաժինը չկորցնելու կամ ավելացնելու:
Անդրադառնալով այն հարցին, թե ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն՝ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց.
«Միեւնույն է, թե ով կլինի, դրանից համակարգային փոփոխություններ ակնկալել միամտություն կլինի: Եթե սա փոփոխություն է, ապա նրա տրամաբանությունը այն է, թե ինչպե՞ս փոփոխենք, որ ոչինչ չփոխվի, ինչպե՞ս փաթեթը փոփոխենք, որ պահպանվի պարունակությունը: Նոր վարչապետի անուն ազգանունը ինչպես կհնչի, կարծում եմ, ընդհանրապես մեր կյանքի վրա որեւէ անդրադարձ չի ունենա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ