NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
ՕԵԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում: Արդյոք հանդիպմանը անդրադարձել եք վարչապետի հնարավոր թեկնածուին եւ կոալիցիայի ընդլայնմանը: Ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը այդ երկու հարցերի շուրջ՝ վարչապետի նախընտրելի թեկնածու եւ կոալիցիայի ընդլայնում:
Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են ապագա կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ առկա ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Մենք կարեւորել ենք երկրում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը` վերահաստատելով դեռեւս 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեր մոտեցումները:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին: Կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, ունեցած ներուժը, անցած ճանապարհը, փորձը, ինչպես նաեւ քաղաքական սկզբունքներն ու առաջնահերթությունները, երկրի նախագահի հետ անցած համատեղ ճանապարհը, մեզ բնականաբար հնարավորություն է տալիս Նախագահի հետ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ արտահայտել հստակ եւ շիտակ դիրքորոշում:
Ըստ այդմ հանդիպման ժամանակ Նախագահին ներկայացրել ենք կուսակցության առաջարկություններն ու մոտեցումները, թե ինչպիսի թեկնածուի է ՕԵԿ-ը ուզում տեսնել ապագա վարչապետի պաշտոնում ընդհանրապես եւ վարչապետի մեր նախընտրելի թեկնածուին մասնավորապես: Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն, ունենա աշխատանքային փորձառություն, կարողանա երկրի տնտեսական օրակարգը ներկայացնել միջազգային գործընկերներին` սկսած Մաքսային Միությունից մինչեւ Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ մեր երկրի համար այլ կարեւորագույն գործընկերներին:
Կարդացեք նաև
Ապագա վարչապետը պետք է լինի ռեֆորմատոր, կարողանա համարձակ բարեփոխումները կյանքի կոչել` երկրի նախագահի եւ կոալիցիոն կառավարության ծրագրերի, գործի նորարարական մեթոդներով եւ վճռական լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ով ունի քաղաքական փորձառություն, գրեթե 4 տարի արդյունավետ ղեկավարել է Ազգային ժողովը, արդեն 6 տարի է ինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, մի կառույց, որի մասին այսօր արդեն գիտեն բոլորը, քաջածանոթ է մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին:
Իսկ կոալիցիայի ընդլայնման հետ կապված կարող եմ ասել, որ որպես քաղաքական ուժ, մենք բաց ենք ու կողմ քաղաքական ուժերի հետ ավելի լայն համագործակցությանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում