Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք շրջանավարտներին

Ապրիլ 11,2014 13:35

Կամ՝ կրկին «դրամահավաք» կոչված երեւույթի մասին

Դրամահավաքի մասին խիստ տոնով, շատ լուրջ դեմքով խոսող, երեւույթը դատապարտող հարգելի պաշտոնյաներ: Մի կողմից ծնողներին հրահանգում եք մասնակցել «Օգնի՛ր դպրոցիդ», «Օգնի՛ր մանկապարտեզիդ» «կամավոր» դրամահավաքներին, մյուս կողմից՝ ձեր ենթակա պաշտոնյաներին հրահանգում եք խստորեն վերահսկել ու թույլ չտալ դրամահավաք: Քանի դեռ դուք չեք մանրամասնում, թե որ երեւույթներն եք դրամահավաք անվանում, որքան էլ սրտանց ուզեք, չեք կարող արմատախիլ անել այն: Քանի մոտենում է ուսումնական տարեվերջը, դրամահավաքը «ծաղկում» է ու տնօրենների, ուսուցիչների մասին համատարած տարբեր տգեղ խոսակցությունների, բամբասանքների առիթ է դառնում:

Դպրոցին հեղինակազրկող երեւույթը կանխելու համար, մասնավորապես առաջարկում եմ հրապարակել հետեւյալ ցուցակը, որտեղ նշվեն, թե ծնողների կողմից որ նպատակների համար հավաքվող գումարներն են արգելվում, համարվում որպես կաշառք:
Իմ կարծիքով՝ ցուցակում, որպես կոռուպցիայի երեւույթ, պետք է նշվեն դրամահավաքի հետեւյալ նպատակները.
ա. Դպրոցի յուրաքանչյուր դասարանի կողմից, այսպես կոչված, տնօրինության համար հավաքվող գումարը,
բ. Քննությունների ընթացքի համար հավաքվող գումարները,
գ. Ատեստատի համար հավաքվող գումարները,
դ. Դասավանդող ուսուցիչների համար նվերների նպատակով հավաքվող գումարները,
ե. «Վերջին զանգի» սցենարների պատվերների գումարը:
Թույլատրելի են, ավելին՝ անհրաժեշտ են ներդպրոցական եւ արտադպրոցական տարբեր մշակութային միջոցառումների համար կամավորության սկզբունքով ծնողներից հավաքվող գումարները: Այս նպատակներով դպրոցներում ծնողական համայնքն իր կամավոր նվազագույն ներդրումներով պետք է մասնակցի կրթության կազմակերպման գործընթացում տարբեր նպատակների ֆինանսավորմանը, դպրոցը պետք է ունենա ծնողական հիմնադրամ, որի մուտքերն ու ելքերը հրապարակային, թափանցիկ իրականացնելու դեպքում ոչ մի ծնող չի բողոքի այդ երեւույթի դեմ: Ծնողական հիմնադրամը տնօրինող ծնողների հանձնախումբը, որի անդամների նպատակը պետք է լինի միա՛յն աշակերտների կրթության առավել բարձր մակարդակ ապահովելը եւ ո՛չ ավելին, պետք է յուրաքանչյուր ամիս ծնողական համայնքին ներկայացնի հաշվետվություն այն մասին, թե տնօրենն այդ ամսում ինչ ծախսերի առաջարկ է արել հանձնախմբին եւ որ ծախսերն են հավանության արժանացել նրա կողմից ու իրականացվել: Սեփական փորձով համոզվել եմ, որ ծնողների իսկապես կամավոր մասնակցությունը դպրոցի կյանքին՝ համագործակցության շատ լավ օրինակ է լինում աշակերտների համար, որից գոհ են լինում թե՛ ծնողները, թե՛ աշակերտները:

Վերջում անդրադառնալով փոխքաղաքապետ պարոն Արամ Սուքիասյանի՝ շրջանավարտներին «վերջին զանգի» օրը Ազատության հրապարակ գալու հրավերին, կարծում եմ, որ հանրապետության շրջանավարտները միայն Երեւանում չեն, թողեք շրջանավարտներն ու իրենց ծնողները որոշեն, թե իրենց կյանքի այդ շրջադարձային կետն ինչպես կնշեն իրենք:

Դա իրե՛նց օրն է:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության ոլորտի
փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930