Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ԿԵՆԱՑԻ ՎՐԱ

Ապրիլ 11,2014 12:50

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունութերորդ

ԻՄ ԿԵՆԱՑԻ ՎՐԱ

Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ ձեր մաթեմատիկներին Նոբելյան չեն տալի», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես էլ մեղավոր չեմ, որ դու միշտ մոռանում ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ մոռանում», եւ Բարդուղը ներողամտորեն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մոռանում ես, որ ես ոչ թե մաթեմատիկ եմ, այլ՝ ֆիզիկ», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով ասաց՝ «ներող էղի, Բարդուղ ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ նրանից ա, որ ես դպրոցում մաթեմատիկայից ու ֆիզիկայից հավասարապես եմ թուլ էղել», եւ Բարդուղը ներողամտորեն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էդ արդարացում չի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «կարող ա՞ Արիկն ու Հայկունն էլ մաթեմատիկ չեն», եւ Բարդուղը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իրանք մաթեմատիկ են», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «փաստորեն, քեզ ու Արիկին Նոբել չի հասնում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Ջոնին էլ չի հասնում», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «դու էլ ե՞ս մաթեմատիկ, ադա», եւ Արիկը Ջոնի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց, խղճահարությամբ նայեց Արիկին ու ժպտալով ասաց՝ «սաղ կյանքում պիտի Նոբելին կարոտ մնաք», եւ Արիկը Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ դու կարոտ չես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես գոնե տեսականորեն հույս ունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բայց դու, Հայկունն ու Ջոնը վաբշե վարիանտ չունեք», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «վարիանտ շատ կա, բադ չկա», եւ Անանիան հեգնանքով Ջավախյանին հարցրեց՝ «դու վարիանտ ունե՞ս», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ վարիանտ», եւ Անանիան հեգնանքով ասաց՝ «Նոբելյան ստանալու վարիանտ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայնդեպս, քեզանի հազար անգամ շատ ունեմ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քո Նոբելյանն ընդամենը վարդագույն երազանք ա, բայց Անանիան նաղդ Գինեսի գիրք մտնող ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հըլը հարցական ա», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչն ա հարցական. Անանիայի՝ Գինեսի գիրք մտնե՞լը, թե՝ քո Նոբելյանը» եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «ճիշտը որ ուզում եք իմանաք, էդ Գինեսի գիրքն առանձնապես լուրջ զադ չի», եւ Արիկը հարցրեց՝ «ի՞նչ առումով լուրջ զադ չի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նոբելի համեմատ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ Գինեսի մեջ վայթե փող էլ չկա», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «իրա համար փողն ամենակարեւորն ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու փռթկացնելով ասաց՝ «էդ Գինեսի գրքի մեջ ամեն տեսակ մեյմուն կա», եւ Հայկունին Ջավախյանին սաստեց՝ «էլի չսկսեք», եւ Ջավախյանը Հայկունուն ասաց՝ «սաղ մեղավորը դու ես», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի եմ մեղավոր», եւ Ջավախյանը Հայկունուն ասաց՝ «Արմոյի կենացը շատ թթվացրիր», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ես ե՞մ թթվացրել, թե՝ դուք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձնից ինչ հասնում էր՝ ասեցի», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «ի՞նչ ասեցիր», եւ Հայկունին ասաց՝ «ասեցի, որ Արմենի շնորհիվ ենք էսօր իրար գլխի հավաքվել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսքան կարգին մարդկանցով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «կարգին մարդ ասելով՝ Անանիային նկատի ունե՞ս, թե՝ ինձ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «էրկուսիդ էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց մյուսներիս էլ նկատի ունեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մյուսներդ էլ եք կարգին, բայց ինձ ու Անանիային չեք հասնի», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մտքներովս չի էլ անցնում ձեր հետ համեմատվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մոռանում ես, որ հիմի Արմենի կենացն ենք խմում, ոչ թե՝ քոնն ու Անանիայինը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «ես էլ հենց սպասում եմ, որ Արմոյի կենացին մի էրկու բան ասես՝ նոր խմենք», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «Արմենի կենացի հետ կապված՝ ինչ ասելու էի, ասեցի պրծա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես ասել», եւ Արիկը Հայկունու փոխարեն Ջավախյանին ասաց՝ «ասեց, որ Արմենի շնորհիվ ենք էսօր իրար գլխի հավաքվել», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին ասաց՝ «ամենակարեւորը մոռացար», եւ Արիկը Ջավախյանին հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամենակարեւորն էն ա, որ Հայկունն էսքանիս կարգին մարդ անվանեց», եւ Ջոնը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «քեզ ու Անանիային ներառյալ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Ջոնին ու ժպտալով հարցրեց՝ «էդ բա՞ռը որդիան գիտես, ադա», եւ Ջոնը Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ Ջավախյանը քմծիծաղով ասաց՝ «էդ ներառյալը», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «էդ ներառյալը հաստատ Սոսից լսած կըլնես», եւ Բարդուղը Ջավախյանին հարցրեց՝ «Սո՞սն ով ա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «դերասան Սոս Սարգսյանը», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «դերասան Սոս Սարգսյա՞նն ինչ կապ ունի», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «կյանքից անտեղյակ ե՞ս, ադա», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «կյանքի՞ց ինչի եմ անտեղյակ», եւ Ջավախյանը քմծիծաղով Բարդուղին ասաց՝ «չգիտե՞ս, որ համարյա ամեն շաբաթ ու կիրակի մեր Ջոն ախպերը Սոսի հետ նարդի ա խաղում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «շաբաթն ու կիրակին իմ համար Վերնիսաժի օրեր են, իրանց համար՝ նարդու», եւ Բարդուղը մեղավոր ժպտալով ասաց՝ «չգիտեի», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «էդ գիտելիքներովդ էլ ուզում ես աշխարհի հզորների դեմն առնես», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «հիմի ո՞վ ա խանգարում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինչի՞ն», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «Արմենի կենացին»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930