Ինչո՞ւ երեկ չհնչեց վարչապետի անունը. այսօր «Հայելի» ակումբում քննարկելով երեկվա չիրականացած սպասումների թեման ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Մենք չափազանց մեծ նշանակություն չպետք է տանք, թե երբ է հնչում այդ անունը, այլ այն վերաբերմունքը, որը դրսեւորվում է: Նախագահի հայտարարությունը (նկատի ունի այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել, ինչպես նաեւ վարչապետ չի պատրաստվում դառնալ-Ն. Գ.), չափազանց կարեւոր է ու դա պետք է ողջունել, ոչ թե անձի հետ կապված, այլ որպես հայեցակարգ: Հայաստանն Ադրբեջան չի, խանություն չի`ի հեճուկս այն շահարկումների, որ «ռեժիմն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար»: Նման կերպ արտահայտվողների պատասխանները մեկընդմիշտ տրվեց»:
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ նկատեց. «Մենք հոգնել էինք մթնոլորտից, որի անունը գաղջ է եւ ներկայացումը, որը որ սկսվեց՝ հետաքրքրական է: Կարծում են, դրանից դրական սպասելիքներ կան»:
Ազատ Արշակյանի համար առավելապես կարեւոր չէ վարչապետի անձը. «Բայց Սահմանադրության առիթով հնչած Սերժ Սարգսյանի հայտարարությունը հուսադրող էր: Մենք քաղաքական նոր կուրս ունենք»:
Լրագրողների դիտարկմանը`Սերժ Սարգսյանը «եթե»-ով խոսեց եւ հայտնի չէ, թե ժամանակի եւ իրադրության բերումով այդ «եթեն» ինչի կարող է վերածվել, բանախոսը նկատեց. «Եթե»-ն էլ էր լավ, ինտրիգ կար դրանում`եթե չստացվի, ինչ ունենք այն էլ կմնա, բայց ես ձեզ նոր բան եմ առաջարկում»:
Կարդացեք նաև
Այնուհանդերձ, Ազատ Արշակյանը համոզված է`«գաղջ մթնոլորտի շրջանն ավարտվեց, դա հանձնարարություն էր նաեւ նախագահի թիմին»:
Արդյոք, այս ամենը արտաքին շղարշ չէ՞ արտաքին աշխարհի համար`լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան էլ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Լավագույն գործն անգամ միշտ էլ վատ երանգներով կարելի է ներկայացնել: Ազատ Արշակյանը առողջ բանականության երանգներով գնահատեց. «Նախագահի ասածը պետք է ընդունենք այնպես, ինչպես ասված է: Մեր երկիրը գնալու է այս ճանապարհով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ