Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կարող է ներդրվել ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային կառավարման մոդել. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 11,2014 12:26

Փորձենք հասկանալ։ Նախ՝ այդ երբվանի՞ց է նախագահին առընթեր հանձնաժողովը «համենայն դեպս» ներկայացնում այնպիսի տարբերակ, որին նախագահը դեմ է։

Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը, որտեղ կոլխոզի նախագահը կանչում է կթվորուհիներից մեկին ու ասում, որ նա պիտի գնա ինտերվյու տա, իսկ երբ սա հարցնում է, թե ինտերվյուն ինչ է՝ պատասխանում է. «չգիտեմ, բայց համենայն դեպս տակի շորերդ կփոխես»։ Չլինի՞ Հայաստանն արդեն այն վիճակում է հայտնվել, որ չգիտի, թե կառավարման ինչ մոդել կպարտադրեն Մաքսային միությանն անդամակցելուց հետո, ու «համենայն դեպս» մի քանի տարբերակներ է նախապատրաստում։

Թե՞ Սերժ Սարգսյանն արդեն այսօրվանից մտածում է նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ իշխանությունը պահելու մեխանիզմների մասին։ Եթե այդպես է, ապա թող որեւէ մեկին թյուրիմացության մեջ չգցի նրա՝ նախագահի պաշտոնում չառաջադրվելու եւ վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումը։

Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում առանցքային դեր է խաղում խորհրդարանի նախագահը, իսկ այդ պաշտոնից հրաժարվելու մասին Սերժ Սարգսյանը չի խոսում։ Խնդիրը շատ ավելի խորն է։

Բանն այն է, որ Հայաստանում կարող է ներդրվել ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային կառավարման մոդել։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր խորհրդային տարիներին։ Կար վարչապետ (Մինիստրների սովետի նախագահ), կար խորհրդարանի (Գերագույն սովետի) նախագահ, բայց փաստացի իշխանությունը պատկանում էր իշխող կուսակցության ղեկավարին (Կենտկոմի առաջին քարտուղարին): Այսինքն՝ եթե այդ մոդելը ներդրվի, Սերժ Սարգսյանը կարող է ընդհանրապես որեւէ պետական պաշտոն չզբաղեցնել, մնալ միայն ՀՀԿ «առաջին քարտուղար» եւ փաստացի պահպանել լիակատար իշխանությունը՝ ի դեպ, առանց որեւէ անձնական պատասխանատվության (ինքն ընդամենը կուսակցական գործիչ է, ինչո՞ւ պիտի պատասխանատվություն կրի պետական կառույցների գործունեության համար): Ուշադրության դարձրեք՝ երեկվա իր ելույթում նա հենց այդպես էլ ասել է. «Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ կանգ առնենք, ՀՀԿ-ն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»։

Կուսակցության ղեկավարի պաշտոնում էլ, ի դեպ, ժամկետային սահմանափակումներ չկան։ Խորհրդային Միությունում, օրինակ, գենսեկի պաշտոնը գործնականում ցմահ էր (միայն Խրուշչովը ժամկետից շուտ հեռացավ՝ պալատական հեղաշրջման արդյունքում):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930