Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմության շարունակվող տեղապտույտը

Ապրիլ 11,2014 12:20

Հայաստանում, ըստ էության, նախընտրական շրջան է: Ճիշտ է, նախագահի ու ԱԺ-ի հերթական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունները խմբեր ու խմբավորումներ են կազմում, ընդ որում` միավորվել փորձում են այն նույն կուսակցությունները, որոնց միավորման նախորդ փորձերը լիովին ձախողվել են, և որոնց միավորման շնորհիվ միայն ու միայն իշխանություններն են շահել:

Կենսաթոշակային ու կուտակային խնդրի առթիվ նույն էդ չորս կուսակցությունները (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») վերստին կուտակվեցին իրար գլխի, և տպավորություն է ստեղծվում, որ այս չորսի միավորման բուն պատճառը մյուս կուսակցություններից տարանջատվելն է. այսինքն, էս չորսն իրար միանալով ու մյուսներից տարանջատվելով` իրենք իրենցով ստեղծում են հայաստանյան կուսակցությունների բարձրագույն կամ պրեմիեր լիգան` մնացածներին, փաստորեն, երկրորդ ու ավելի հետին լիգա մղելով:

Խոսքը, իհարկե, վերաբերում է ընդդիմադիրներին ու կիսաընդդիմադիրներին, որովհետև իշխանամետ կուսակցություններն էլ իրենց բարձրագույն ու ցածրագույն խմբերն ունեն, և, էս պահի դրությամբ, ինչպես գիտեք, իշխանամետների պրեմիեր լիգայում ընդամենը երկուսն են` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, և պատահական չէ, որ իշխանական ու իշխանամետ հազար ու մի կուսակցություններից ընդամենն էս երկուսն են Ազգային ժողովում ընդգրկված:

Այսուհանդերձ, ես ու դուք նաև գիտենք, որ իշխանամետ ու իշխանահաճո լիքը այլ կուսակցություններ ու խմբավորումներ էլ կան, որոնք շարունակ փորձում են իշխանական լծակների օգնությամբ թափանցել Ազգային ժողով, բայց, ինչպես տեսնում եք, դա նրանց ոչ մի կերպ չի հաջողվում, քանի որ ՀՀԿ-ի տեղերի հաշվին այլ իշխանամետներ Ազգային ժողով ներմուծելը հեչ ձեռնտու չի, որովհետև Ազգային ժողով թափանցած ընդդիմադիրների առնվազն կեսն իրականում ոչ թե ընդդիմություն են, այլ ընդամենը` ձևական ու կեղծ ընդդիմություն, որոնց միջոցով իշխանությունը շատ հաճախ իրական ընդդիմության նախաձեռնությունների դեմն է առնում: Եվ էս ասածս ավելի տեսանելի դարձնելու համար պիտի էսօրվա մեր ԱԺ-ն օրինակ բերեմ` բացատրելով, թե իշխանության համար ինչքան են նույն էդ ԱԺ-ում ընթացող գործընթացները կառավարելի ու ղեկավարելի դառնում, երբ նույն էդ ԱԺ-ում ընդդիմությունը ներկայացված է լինում «Ժառանգության» ու ՀՅԴ-ի տեսքով, և այլընտրանքն էլ ԲՀԿ-ն է: Եվ չնայած ինքը ԲՀԿ-ն է իրեն այլընտրանք հայտարարել, առայժմ չի մեկնաբանել` ինքն իշխանությունների՞ այլընտրանքն է, թե` ընդդիմության, և արմատական ընդդիմությունն էլ ՀԱԿ-ն է` կիսված ու բաժան-բաժան եղած, և, ըստ ամենայնի, արդեն ՀԱԿ-ն էլ է հասկացել, որ ինքը մենմենակ ի վիճակի չէ ընդդիմություն և նույնիսկ այլընտրանք լինել` մանավանդ էս պահին, երբ ՀԱԿ-ի ստաժավոր անվանիները հեռացել են ՀԱԿ-ից և նրանցից շատերն արդեն հիմնականում ՀԱԿ-ի դեմ են գործում: Եվ չնայած ՀԱԿ-ն ինքը նախանձելի վիճակում չի, այդուհանդերձ, ընդդիմության մեջ կարծես թե վերստին ինքն է պայմաններ թելադրողը, որովհետև ՀՅԴ-ն ու « Ժառանգությունն» էլ ներքին ու արտաքին խնդիրների պակաս չունեն` առաջին հերթին ընդդիմադիր լինել-չլինելու հետ կապված, և ընդդիմադիր ու այլընտրանքային կուսակցությունների էս համընդհանուր թուլության ֆոնին առավել նկատելի են դառնում նախախորհրդարանն ու անկուսակցական քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպես նաև` Նիկոլի ու Սասունի նոր սաղմնավորվող դաշինքը, ինչպես նաև` երկրապահների բողոքական հատվածի շարունակվող դժգոհությունը, ու էս բոլորն իրար գումարվելու դեպքում միայն կարող են լուրջ վտանգ ներկայացնել իշխանության համար, բայց էս բոլորն առայժմ ոչ մի կերպ իրար չեն գումարվում, և առաջիկայում էլ դժվար թե գումարվեն, որովհետև առաջիկայում խորհրդարանական չորսը ոչ թե մյուսներին գումարվելու մասին են մտածելու, այլ, ընդհակառակը, մյուսներից տարանջատվելու, և էդ գործն, իհարկե, անթերի են կատարում, և կկատարեն էնքան ժամանակ, մինչև խորհրդարանական չորսն էլ վերստին իրարից տարանջատվեն, և, համոզված եղեք, որ էդ գործն էլ, ինչպես միշտ, անթերի կկատարեն:

Որպեսզի վերստին ամեն ինչ զրոյից սկսեն:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Հ. Գ.- Վարչապետի փոփոխությունից հետո ընդդիմության ձեռագիրն ու խաղաոճն, անկասկած, փոփոխության կենթարկվեն, սակայն դրանից ոչ թե ընդդիմության էությունը կփոխվի, այլ ընդամենը՝ վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930