Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Բոլորին էլ արգելենք։ CNN-ին էլ». «Իրատես de facto»

Ապրիլ 11,2014 11:56

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում ռուսական «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվող «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելության» առնչությամբ։ Հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են վերանայել նշված հեռուստաընկերությունների պայմանագրերը և նման քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել դրանց հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Սա որքա՞ն է արտահայտում հեռուստադիտողի կարծիքը, արդյոք այս հեռուստաընկերությունները նախընտրող լսարանին հարցրե՞լ են՝ նրանք համաձա՞յն են, որ այդ ալիքներն այլևս չլինեն։

… ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստեց, որ եթե խոսքի ազատության, մարդու իրավունքների դիտակետից են խոսում, պետք է ընդհանրապես նման հայտարարություններով հանդես չգան։ Ըստ Սարգսյանի, իրեն ևս այսօրվա հայկական մամուլում շատ բան դուր չի գալիս ու ընդհանրապես էլ դուր չի գալիս, թե իրենք ինչ են հայտարարում, բայց երբեք հանդես չի գա նրանց իրավունքների սահմանափակման պահանջով. «Եթե այդ երկու հեռուստաընկերությունների հեռարձակման արգելանքի մասին ենք խոսում, այդ դեպքում եկեք բոլորին էլ արգելենք։ CNN-ին էլ, որովհետև երբ Բելգրադը ռմբակոծում էին, մեղմ ասած, նրանք էլ օբյեկտիվ լրատվություն չէին տալիս։ Կամ երբ Իրաքում փորձում էին Հուսեինին գահընկեց անել, մեզ հրամցնում էին, թե այնտեղ չգիտեմ ինչ վտանգավոր բաներ կան, դրա համար գնացել էին այդ ամենն անելու։ Իսկ հիմա էլ կոտորած են անում այդ երկրում, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Բացահայտ երևում է, որ դա պատվիրված հանձնարարություն է, որովհետև այլ կերպ չես կարող բացատրել։ Դուրդ չի գալիս, մի նայիր»։

Իսկ թե ինչպես է Ռուսաստանն իր փոխհարաբերությունները ձևավորում իր հարևան երկրների հետ, ըստ քաղաքական գործչի, դա միայն իր գործն է։

Արամ Սարգսյանը նաև խոսեց այն մասին, թե ինչպիսի որակյալ, ինտելեկտուալ «արտադրանք» են մատուցում հեռուստադիտողին այդ հեռուստաալիքները՝ առանձնացնելով ժամանցային հաղորդումները։ «Եթե դուր չեն գալիս քաղաքական հաղորդումները, է՜, մի նայեք»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով հայկական հեռուստաընկերությունների բռնություն քարոզող ֆիլմերին ու անմակարդակ սերիալներին, որոնց առնչությամբ նա հիշեցրեց, թե քննարկումների ժամանակ ինչպես էին այսօրվա «ջատագովներն» ասում. «Դուք էլ մի նայեք, ալիքը փոխեք»։ «Հիմա էլ նույնն իրենց կարելի է ասել,- ասաց ՀԴԿ ղեկավարը։- Այդ արևմտամետ կոչվածները, որոնք իրենց ներկայացնում են եվրոպական արժեհամակարգի կրողներ, երբ պատվեր են ստանում, արդեն մոռանում են, որ իրենք ինչ-որ մի արժեհամակարգի կրողներն են։ Միանգամից ընկնում են ծայրահեղության մեջ։ Ես այդպիսիներին մի քանի հարց տվեցի, բայց այդպես էլ պատասխան չստացա։ Օրինակ, ինչո՞ւ չեք դատապարտում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը, որտեղ ԼՂՀ-ն համարվեց սեպարատիստների գրաված տարածք, էդ ինչո՞ւ որևէ մեկի բերանը չբացվեց, որ ասեր՝ ո՞նց կարող եք նման բան ասել։ Կամ՝ ինչո՞ւ չեք ասում, որ կուտակայինի հետ կապված ԱՄՆ-ը, իր դեսպանի շուրթերով, պարտադրում էր, որ դա ամենալավագույն օրենքն է։ Բա բողոքեք, ինչո՞ւ չեք բողոքում»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930