Ապրիլի 10-ին Ախթալայի քաղաքապետարանում «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց միջոցառում:
Միջոցառման նպատակն էր հանրությանը տեղեկացնել ծրագրի ընթացիկ ձեռքբերումների ու արդյունքների մասին: Ներկա էին Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված շահառուները՝ կանայք Լոռու մարզի տարբեր համայնքներից:
Իր ողջույնի խոսքում Լիլիթ Ասատրյանը հիշեցրեց ծրագրի հիմնական բաղադրիչներն ու օրակարգային հարցերը: Ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակվել են տեղական տնտեսական զարգացման նախագծեր: Անցկացվել են մի շարք դասընթացներ կանանց համար, որոնց արդյունքում դասընթացների մասնակիցները հանդես են եկել ձեռնարկատիրական ծրագրերով: Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որի ընթացքում կհայտարարվեն հաղթող նախագծերը, եւ դրանց հեղինակները կստանան դրամաշնորհ: Նման ծրագրերի իրականացումը ոչ միայն կմեծացնի կնոջ դերը որոշումների ընդունման գործընթացում, այլև կնպաստի համայնքների ընդհանուր առաջընթացին: Լիլիթ Ասատրյանը շեշտեց, որ իր և իր գործընկերների հիմնական ձեռքբերումներից է համարում այն, որ մարզի կանայք, որոնք ծրագրի շրջանակներում դիտվում են որպես շահառու, այժմ փոխել են իրենց կարգավիճակը՝ դառնալով գործընկեր: Նա ողջունեց մասնակիցների նախաձեռնություններն ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն:
Իր հերթին Տիգրան Բադոյանը մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՀԵԿԱ-ին և ծրագրում ընդգրկված կանանց: Մասնավորապես նա նշեց, որ հնարավոր չէ գերագնահատել կատարված աշխատանքը, և որ պետական մարմինները ջանք չեն խնայի նկատելի հաջողությունները քաջալերելու ու բազմապատկելու համար:
Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև ծրագրի շահառուները՝ կանայք, ովքեր մասնակցել են դասընթացներին ու այժմ էլ ներկայացրել են սեփական բիզնես առաջարկները: Բոլորը համակարծիք էին մի հարցում, որ կատարված աշխատանքը զգալիորեն փոխել է իրենց կյանքը՝ տալով հնարավորություն լինելու գործունյա: Այժմ էլ իրենք կօգտագործեն այս հնարավորությունն իրենց համայնքները զարգացնելու համար:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականցվում է ՀԵԿԱ կողմից Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի ու իտալական CISP կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը սկսվել է 2013թ. մայիսից ու տևելու է երեք տարի: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը տրամադրել է 768,357 եվրո:
ՀԵԿԱ-ի գրասենյակ