Վարդան Գասպարին նշեց, որ երեկվա ակցիայի ընթացքում տեղանքում կրկին ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով երիտասարդներ են եղել, սակայն, ի տարբերություն նախորդ օրվա, այս անգամ չեն խոչընդոտել իրեն ակցիայի ընթացքում։ «Ի դեպ ասեմ, որ ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով քրեական խմբերը շատ համակարգված իրար հետ աշխատում են, մեկը մյուսին լրացնում են։ Օրինակ՝ երբ քաղաքացիական հագուստով երիտասարդը գողացավ պաստառս, հետո ես բողոքեցի, թե ինչի իմ պաստառը պատռեցին ձեր աչքի առաջ (ոստիկանների), իրենք բռնում են, ինձ բերման են ենթարկում, թե իբր ես հասարակական կարգ եմ խախտել գոռգոռալով»։
Հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ երիտասարդներին եւ երբեւէ նրանց տեսել է, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պատասխանեց, որ այդ երիտասարդները միշտ էլ տարբեր «առիթներով» իրենց բակում են եղել. «Տարբեր առիթներով ակտիվանում են։ Ակնթարթորեն գողացան երեխայիս հեծանիվը, հետո՝ մեր տունը առաջին հարկ է, եւ, երբ շորեր ենք փռում պարանից, դրանք են գողանում։ Իրենք փորձում են հնարավորության սահմաններում ինձ անհանգստություն պատճառել, ինչը, ենթադրում եմ, կապված է իմ կազմակերպած ակցիաների հետ»,- ասաց Գասպարին։
Նա նաեւ նշեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ դիմել է ոստիկանություն, ՀՔԾ, սակայն ասել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ Անդրադառնալով բանկային հաշիվների վրա դրված արգելանքին՝ ակտիվիստը նշեց, որ վարչական դատարանի որոշման հիման վրա է դրված արգելանքը, սակայն իրեն այդ մասին տեղյակ չեն պահել։ Գասպարիի խոսքով, նա այդ մասին իմացել է այն ժամանակ երբ գնացել է գումար հանելու։ «Տուգանքը չեմ մուծել եւ դրա համար էլ, կարծում եմ, արգելանք են դրել»,- եզրափակեց նա։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում