Եթե ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության դեպքում Հայաստանի իշխանությունները փորձեցին արդարանալ՝ նշելով, որ Հայաստանը չի կարող որեւէ պարագայում դեմ հանդես գալ ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա երեկվա քվեարկության շուրջ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ներկայացրած պատճառաբանությունը որեւէ քննադատության չի դիմանում։
Դավիթ Հարությունյանը ՀՀ չորս պատվիրակների քվեարկությունը բացատրել է այն հանգամանքով, որ Վեհաժողովը սկսել է պոստֆակտում արձագանքել՝ առանց խորամուխ լինելու խնդիրների էության մեջ. «Մեր կարծիքով՝այս պահին կա լուրջ վտանգ իրավիճակի հետագա էսկալացիայի, եւ Վեհաժողովի ուշադրության հիմնական կենտրոնը պետք է ուղղված լիներ իրավիճակը գիտակցելուն եւ հետագա էսկալացիան կանխելուն։ Մեր պատվիրակության տպավորությունն այն է, որ Վեհաժողովը չի գիտակցում իր բուն դերակատարությունը եւ որոշակի աշխարհաքաղաքական գործոնների զոհ է դարձել»,- «Ազատությանն» ասել է Հարությունյանը։
Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունից է խոսում մի երկրի պատվիրակության ղեկավար, որը բացահայտ եւ աներկբայորեն կատարում է աշխարհաքաղաքական այդ գործոններից մեկի՝ Ռուսաստանի հրահանգները։ Եվ այլեւս ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն աստիճանաբար սկսելու է ընկալվել որպես Ռուսաստանի անմիջական կցորդը եւ ընդունվելու է որպես Ռուսաստանի պատվիրակության մի մաս՝ այլ անվան ներքո։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում