Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզով հիվանդները պակասում են, իսկ պետական ֆինանսավորումը՝ ավելանում

Ապրիլ 11,2014 14:15

ՎՊ-ի բացահայտած խախտումները՝ բուժհիմնարկներում

Վերահսկիչ պալատը հրապարակել է 2013 թվականի տարեկան հաշվետվությունը եւ այս անգամ զերծ է մնացել քաղաքական գնահատականներ հնչեցնելուց: Նախկինում, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացնում էր ուսումնասիրության արդյունքները, նա նաեւ քաղաքական գնահատականներ էր տալիս բացահայտումների եւ խախտումների վերաբերյալ, ինչի պատճառով նա արժանացավ թե ՀՀ նախագահի նախատինքին, թե կառավարության քննադատությանը: Հետո կառավարությունը որոշում ընդունեց ՎՊ-ի «բերանը փակել»՝ «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով, ըստ որի՝ արգելվում է ՎՊ-ի անդամներին հրապարակային ելույթներում քաղաքական գնահատականներ տալ կամ խախտումների իրավական հետեւանքի վերաբերյալ հայտարարություններ անել: Ուշագրավն այն է, որ Վերահսկիչ պալատն այս անգամ, այսպես ասած՝ «ե՛ւ եղում է, ե՛ւ դաղում». տարեկան հաշվետվության մեջ ՎՊ-ն գերատեսչություններում հայտնաբերած նաեւ դրական արդյունքներն է նշել, իսկ խախտումներն արձանագրելով՝ կարծես թե այնքան էլ չի հետեւել կառավարության արգելքին եւ որոշակի գնահատականներ, այնուամենայնիվ, հնչեցրել է: Օրինակ՝ «Գնումների համակարգում տեւական ժամանակ առկա մեծ թվով խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաեւ անարդյունավետ բյուջետային ծախսերը վկայում են, որ համակարգը լիովին չի արդարացնում սպասելիքները, արդյունքում առաջանում են անցանկալի հետեւանքներ: Այդ առումով Վերահսկիչ պալատը շարունակելու է հետեւել համակարգում ընթացող բարեփոխումների ընթացքին: Գնումների ոլորտը, որպես վերահսկողական առաջնահերթություն, մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում»:

Ինչ վերաբերում է ՎՊ-ի ուսումնասիրության բուն արդյունքներին, ապա առայժմ ներկայացնելով առողջապահության ոլորտը՝ նշենք, որ որոշ բուժհիմնարկներում պալատը, այսպես ասած՝ «կեղծ» պետպատվեր է հայտնաբերել: «Արմենիա» ԲԿ-ում 7 դեպք է հայտնաբերվել, երբ սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը տվել է իրականից բարձր անապահովության միավորի վերաբերյալ տեղեկանք, 3 դեպք էլ՝ տեղեկանքը հավաստի չի եղել կամ տրվել է այլ անձի անունով, 5 անձ էլ անվճար բուժում է ստացել, բայց նպաստառու չի եղել, դեպք է եղել, երբ հիվանդը պետպատվերով բուժվել է, սակայն նման բուժման համար որեւէ տեղեկանք չի ներկայացվել: Նմանատիպ դեպքեր են հայտնաբերվել նաեւ «Նորք-Մարաշի», «Հրազդանի», «Վանաձորի», «Սպիտակի» եւ «Մալայանի անվ. Հ.Ա. կենտրոն» բուժհիմնարկներում: «Արդյունքում պետական բյուջեի որոշ միջոցներ օգտագործվել են ոչ նպատակային եւ ոչ հասցեական»,- նշված է ՎՊ-ի հաշվետվությունում:

Տուբերկուլյոզի ծառայությունների գծով ՎՊ-ն հայտնաբերել է դեպքեր, երբ ծառայություն չմատուցելու դիմաց գումարներ է փոխանցվել պետբյուջեից: Բացի այս՝ պետական գնումների մասով, ըստ հաշվետվության, Տուբերկուլյոզի դիսպանսերը սննդի գնումներ է կատարել շուկայականից բարձր գներով. «Մակարոնեղենը գնվել է 630 դրամով` 350 դրամի փոխարեն, շաքարավազը՝ 595 դրամով` 410 դրամի փոխարեն, սպիտակաձավարը՝ 594 դրամով` 350 դրամի փոխարեն, բրինձը՝ 604 դրամով` 400 դրամի փոխարեն, ձուն՝ 60 դրամով` 50 դրամի փոխարեն, տավարի միսը՝ 3240 դրամով` 2300 դրամի փոխարեն եւ այլն»,- գրված է հաշվետվության մեջ: Ուշագրավ է, որ ՎՊ-ն նաեւ արձանագրել է տուբերկուլյոզով հիվանդների նվազեցում, սակայն ֆինանսավորման ծավալը տարիներ շարունակ չի փոփոխվել, այսինքն՝ ենթադրվում է, որ եթե հիվանդները պակասում են, ապա պետբյուջեի փոխանցումներն էլ պետք է որ նվազեն, իսկ այս հիվանդանոցում դեռ մի բան էլ ավելացել է ֆինանսավորումը: Ըստ ՎՊ-ի. «Հիվանդների շարժի՝ ընդունելության եւ դուրսգրման ցուցանիշների ընտրանքային ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին Դիսպանսերում հաշվառված հիվանդների եւ ճաշացանկ-պահանջագրերում արտացոլված սնվողների թվերի միջեւ առկա են զգալի տարբերություններ: Ակնհայտ է, որ ֆինանսավորման նպատակով ներկայացվող հաշվետվություններում հիվանդների թվին վերաբերող տվյալների ներկայացման գործընթացը ռիսկային է»:

Այս հիվանդանոցը ֆինանսավորվում է նաեւ Գլոբալ հիմնադրամի կողմից, եւ հիմնադրամի միջոցներով 2012 թվականին ձեռք բերված մի շարք սարքավորումներ, ըստ ՎՊ-ի, մինչ օրս չեն էլ շահագործվում:

Հեմոդիալիզի անցկացման ծառայություններն ուսումնասիրելով՝ ՎՊ-ն ոչ պակաս աղաղակող խախտումներ է հայտնաբերել. «Հեմոդիալիզի ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական հաստատությունների կողմից հեմոդիալիզատորների (ֆիլտր) բազմակի օգտագործման դեպքեր են հայտնաբերվել: Տվյալ դեպքում թեեւ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մեկ սեանսի ընթացքում ֆիլտրի բազմակի օգտագործումը, առողջական անվտանգությունից ելնելով, արգելված է, եւ ֆինանսավորումը կատարվել է «մեկ սեանսի համար՝ մեկ ֆիլտր» սկզբունքով, այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները փաստացի գնելով ավելի քիչ ֆիլտրներ՝ դրանք օգտագործել են բազմակի: Ուշագրավ է նաեւ այն, որ բժշկական հաստատությունների ձեռք բերած ֆիլտրների վերջնական գները մի քանի անգամ գերազանցում են դրանց ներմուծման հաշիվ-ապրանքագրերում նշված արժեքը: Միայն հեմոդիալիզատորների բազմակի օգտագործման հետեւանքով հաշվետու ժամանակաշրջանում «Վանաձորի բ/կ» եւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների դեպքում ոչ նպատակային ծախսը կազմել է համապատասխանաբար՝ 23,586.0 եւ 20,874.0 հազ. դրամ»:

Պետական գնումներով դեղերի ձեռք բերման մասով էլ ՎՊ-ն տվել է հետեւյալ գնահատականը. «Եթե Գլիկլազիդ (հնդկական արտադրության Դիազոն ՄՌ 60 մգ) եւ Գլիմեպիրիդ (հնդկական արտադրության Դիամառ Մ) տեսակի դեղերը գնվեին բանակցային ընթացակարգով, ապա այդ դեպքում կարելի էր խնայել ավելի քան 200.0 մլն դրամ: 2012թ. միայն երկու տեսակի դեղերի 2013թ. գներով ձեռք բերելու դեպքում կտնտեսվեր ավելի քան 55.0 մլն դրամ: Եթե 2012թ. գնվում էր եվրոպական արտադրության որեւէ դեղամիջոց, իսկ այժմ գնվում է նույնի ասիական (հնդկական) տարբերակը, եւ արդյունքում որոշ գումարներ խնայվում են, ապա հստակ հիմնավորված չէ տվյալ դեղորայքի էֆեկտիվության ապահովման խնդիրը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930