Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը երեկ թողարկեց իր հերթական քաղաքական Արմենիկումը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 11,2014 10:58

Եկեք ուրեմն, փորձենք հասկանալ, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը։

1. Այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար

– Առաջիկա նախագահական ընտրությունները նախատեսված են 2018 թվականին, եւ գործող Սահմանադրությամբ արդեն Սարգսյանը չի կարող առաջադրվել այդ ընտրություններում, որովհետեւ երկու ժամկետ անցկացրել է Բաղրամյան 26-ում։ Ինչ վերաբերում է երբեւէ չառաջադրվելուն, այս հարցը հիմա հրատապ չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանի ասած «երբեւէ»–ն սկսվում է 2022 թվականից, երբ նա դե յուրե կրկին կարող է նախագահի թեկնածու առաջադրվել։ Բայց նման վաղեմության խոստումներ տալը լուրջ չէ. մինչեւ 2022 թվականը, ինչպես ասում են, կամ էշը կսատկի, կամ էշատերը։

2. Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին

– Այս հայտարարությունն էլ ինքնին ոչինչ չի նշանակում, որովհետեւ կառավարման խորհրդարանական համակարգ կոչվածը շատ լայն հասկացություն է, եւ այս պարագայում էլ դեռ պետք է ճշտվի՝ ինչ է նշանակում, օրինակ, Ազգային ժողովի նախագահի կարգավիճակը։ Բայց երեկ արդեն խորհրդարանական կառավարման անցման ջատագովներից մեկը՝ ԲՀԿ-ն, հայտարարեց, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին, ինչը նշանակում է, որ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կարող է եւ չկայանալ։ Այս պարագայում արդեն, եթե նկատեցիք, Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Նա ասում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու պարագայում չի հավակնի վարչապետի պաշտոնին, չի ասում, որ գործող համակարգի պահպանման դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Եվ ի դեպ, հենց մեր այսօրվա օրենսդրությամբ խորհրդարանական ռեալ մեծամասնություն ունեցող վարչապետը ավելի զորեղ դեմք է, քան նախագահը։

Այնպես որ, գործող համակարգի պարագայում Սերժ Սարգսյանը ինքն իր համար չի բացառում, որ Բաղրամյան 26-ում չի լինի, բայց կշարունակի սեփական ձեռքերում պահպանել իշխանությունը։ Ինչպե՞ս։ Արժե հիշել 1999 թվականը, երբ «Միասնություն» դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Կարեն Դեմիրճյանը դարձավ ԱԺ նախագահ, Վազգեն Սարգսյանը՝ վարչապետ։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Բաղրամյան 26-ում, հայտնվել էր անգլիական թագուհու կարգավիճակում։

Սերժ Սարգսյանի ասածներից, այսպիսով, չարժե առանձնապես հուզվել։ Առավել իրատեսները նույնիսկ չեն էլ վերլուծում նրա խոսքը՝ պարզապես արձանագրելով՝ սուտ է ասում։ Ի վերջո, եթե փնտրենք-հանենք, թե ինչեր է ասել Սերժ Սարգսյանը, եւ այդ ասածները ինչ արտացոլում են ունեցել իրականության մեջ, խայտառակ պատկեր կստանանք։ Արմենիկումը հերիք չէ՞։ Սերժ Սարգսյանը երեկ թողարկեց իր հերթական քաղաքական Արմենիկումը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930