Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտական 10-ամյակի» ու լեգենդար մանկավարժի հոբելյանները համընկել են

Ապրիլ 11,2014 13:45

Ամեն ինչ սկսվեց իսկապես կենսական անհրաժեշտությունից. այսօր 90 տարին բոլորած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային անհրաժեշտ էր պրոֆեսիոնալիզմի որոշակի տարրերով, «դպրոց» հասկացության լիարժեք յուրացմամբ երիտասարդություն: 75 տարի առաջ նման կրթօջախ հանդիսացավ կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը: Նույն դասախոսներն ու պրոֆեսորներն էին դասավանդելու թե կոնսերվատորիայում եւ թե դպրոցում, եւ այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր: Կարճ ասած՝ կատարվելու էր մեկ ընդհանուր գործ, գերնպատակը՝ պատրաստել պրոֆեսիոնալ երաժիշտներ: Այս կրթօջախը հիմնադրման օրվանից մինչ այսօր ունեցել է 8 տնօրեն՝ Կոնստանտին Սարաջեւից, որի անվան հետ են կապված բազմաթիվ խոշոր նախաձեռնություններ Մոսկվայի կոնսերվատորիայում եւ հայաստանյան երաժշտական կյանքում ընդհանրապես, մինչեւ այսօր՝ Մարտուն Կոնստանդյան:

Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կամ ինչպես ընդունված է ասել՝ երաժշտական տասնամյակի հոբելյանը կնշվի ապրիլի 19-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

«Առավոտը» հանդիպեց երաժշտական տասնամյակի տնօրեն Մարտուն Կոնստանդյանի հետ: Չենք կարծում, թե կարիք կա ներկայացնելու այս տարիներին դպրոցում աշխատող պրոֆեսորներին, դասախոսներին, շրջանավարտներին, որոնք տասնամյակների ընթացքում եղել ու մնում են հայ երաժշտարվեստի սյուներ: Այնուամենայնիվ, պարոն Կոնստանդյանից հետաքրքրվեցինք, թե վերջին 4 տարիներին՝ ինչ նա ստանձնել է այդ պաշտոնը, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվել դպրոցում:

«2010թ. դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ստեղծվեց դպրոցի կամերային նվագախումբը, որը 2010թ. արժանացավ Պրահայում անցկացված միջազգային մրցույթի Գրան պրիի: Վերջին տարիներին դպրոցում հիմնվել է փողային նվագախումբը (ղեկավար՝ Ջոն Սարգսյան), ջազ-բենդը (ղեկավար՝ Արմեն Հյուսնունց) եւ այլն: Ի դեպ, դպրոցին կից գործում է վոկալ ստուդիան՝ Հայկ Հակոբյանի (Հայկո) ղեկավարությամբ»,- հակիրճ ներկայացրեց պարոն Կոնստանդյանը: Տնօրենը հավելեց, թե համալրվել են որոշ դասարաններ, այդ թվում՝ փողային գործիքների (գալարափող, հոբոյ), լարային (կոնտրաբաս), երգչախումբը վերակազմավորվեց Սարինա Ավթանդիլյանի ջանքերով, երաժշտական տասնամյակի հանրահայտ «Ունիսոնը», որը ժամանակին հիմնադրել էր Գեւորգ Աճեմյանը, այսօր այդ աշխատանքը շարունակում են Աննա Աճեմյանն ու Էմմա Լալայանը: «Էլ չեմ խոսում պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որը պրոֆեսիոնալներից կազմված լուրջ ու կարող ուժ է, որն ունի դպրոցը: Նշեմ նաեւ, որ ձեռք ենք բերում երաժշտական գործիքներ, անվճար տրամադրում մեր սաներին՝ մշակույթի նախարարության, «Հայաստան» համահայկական եւ «ԵրազԱրտ» հիմնադրամների միջոցներով»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հատուկ շեշտեց այսօր դպրոցում դասավանդող եւ տնօրենի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող լեգենդար մանկավարժ Տատյանա Հայրապետյանի անունը, նշելով, իր խոսքերով՝ «Տիկին Հայրապետյանի, որը դպրոցը ղեկավարել է 1978-2005թթ., այսօր դպրոցում լինելը պարզապես պարծանք է թե ինձ եւ թե դպրոցի համար»:

1379576957-19Հարցին՝ ըստ մեր տեղեկությունների, այս տարին հոբելյանական է նաեւ դպրոցի խորհրդանիշը հանդիսացող Տատյանա Բագրատովնայի համար: Մարտուն Կոնստանդյանն ասաց. «Այո, այդպես է: Նա անկրկնելի վառ անհատականություն է, ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին ու ներքին միասնության մեջ, ում երբեմնի սաներն այսօր ճանաչված ջութակահարներ են, սկսած անվանի ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի կոնցերտմայստեր Էդուարդ Թադեւոսյանից մինչեւ… նաեւ պրոֆեսորներ՝ ոչ միայն մեր կոնսերվատորիայում: Ի դեպ, անցյալ տարի ճանաչված մանկավարժի սանը՝ Մարիամ Վարդանյանը, հայ երաժիշտներից առաջինը մասնակցեց Շվեյցարիայում ավանդաբար անցկացվող Verdier փառատոնին: Ավելին, նրան ընտրեցին իբրեւ փառատոնի բազմազգ նվագախմբի կոնցերտմայստեր»:

Հիշեցնենք, որ Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը դեռ չավարտած՝ Տատյանա Հայրապետյանը ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիան, սակայն ճակատագիրը հարված է հասցրել. քիչ անց սկսվել է պատերազմը, եւ նա ստիպված էր վերադառնալ Երեւան: Նշենք, որ այդ տարիներին Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների մի շարք պրոֆեսորներ էվակուացվեցին Երեւան: Մոսկվայում ուսանելու տարիներին տիկին Հայրապետյանի դասընկերներն են եղել հայ երաժշտարվեստի այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գերոնտի Թալալյանը, Ադամ Խուդոյանը:
Իր գրքում Տատյանա Բագրատովնան գրում է. «Այդ տարիներին Մոսկվայի հայ մշակույթի տան հանրակացարանում օթեւանել էին հայ արվեստի այլ բնագավառների ապագա հեղինակություններ՝ Երվանդ Քոչարը, Յուրի Երզնկյանը, Նիկողայոս Նիկողոսյանը, Լաերտ Վաղարշյանը եւ այլն, իսկ կոնսերվատորիայի փորձասենյակներում պարապում էին ոչ միայն հայ մշակույթ, այլեւ հայ ազգ ներկայացնող Արամ Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրներից Ավետ Գաբրիելյանը…»:

Անդրադառնալով «երաժշտական տասնամյակի» հոբելյանին, կարելի է կրկնել վերջինիս տնօրեն Մարտուն Կոնստանդյանի խոսքը. «Տատյանա Բագրատովնան պարծանք է, որ ժամանակին հանրահայտ Ավետ Գաբրիելյանի, Ռաբինովիչի, Յամպոլսկու եւ մեծն Խաչատրյանի սանը այսօր էլ դպրոցում է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930