Եվ երբ սուլթան Մուրադի եղբայրասպան որդի Մուհամմեդ Երկրորդ տաղանդավոր զորավարն ու նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոստանդնուպոլիս արեւելյան քրիստոնեության մայրաքաղաքը, կարելի է ասել՝ աշխարհը միանգամից փոխվեց: Այլեւս ոչինչ չարժեին Հռոմի պապի ուշացած հորդորները, եվրոպական տերությունների ճառերն ու հայտարարությունները, ինչպես նաեւ ոչինչ չարժեր վենետիկյան ապաշնորհ նավատորմը, որ եկել էր քաղաքին օգնության:
Ուշ էր: Քրիստոնյա թագուհին արդեն բռնաբարվել էր սուրբ Սոֆյա տաճարում, եւ այո՝ աշխարհը փոխվել էր: Հայտնի չէ՝ ով էր բաց թողել Կոստանդնուպոլսի բազմաթիվ դարպասներից ամենափոքրը՝ Կերկապորտ կոչված դուռը, որտեղից ներս խուժեցին թուրք սելջուկները, եւ ամեն ինչ ավարտվեց: Չքնաղ Բոսֆորն ու իր հզորությունը արդեն մոռացած Բյուզանդական կայսրությունը այնուհետեւ մտան ընդամենը պատմության գրքեր, հետագայում, իհարկե, նաեւ դասագրքեր:
Սուլթան Մուհամմեդ Նվաճողը մայիսի 29-ին գրավելով արեւելյան քրիստոնեության մայրաքաղաքը՝ տարօրինակորեն իշխեց 29 տարի. հետաքրքիր զուգադիպություն. սուլթանն ապրեց իր կյանքն ու անցավ, անցան նաեւ Հռոմի պապեր այդ ընթացքում, եվրոպական հզոր տերությունների թագավորներ, բոլորն անցան, բայց Կոստանդնուպոլիսը մնաց, մնաց թուրքական Ստամբուլ անունով, հիմա էլ է թուրքական մեծ ու հրաշալի քաղաք:
Այդպես ժամանակին մեր եկեղեցու կողմից երեւելի հռչակված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ որպես Կերկապորտ դուռ, Անին վաճառեց Բյուզանդիային, քաղաք, որ չկարողացավ գրավել նույնիսկ Արեւելքի մեծ զինվոր Լենկ-Թեմուրը, զորավար, որի առաջ սասանվում էր ամբողջ Արեւելյան աշխարհը: Երբ Բյուզանդիան փողով գնում էր Անին՝ չհասկացավ, սակայն, որ թուլացնելով Հայաստանը՝ սելջուկների դեմ ճանապարհ բացեց դեպի Կոստանդնուպոլիս:
Կարդացեք նաև
Եվ դա տեղի ունեցավ ընդամենը 500 տարի առաջ, այնինչ Կոստանդնուպոլիսը հազարամյակների պատմություն ուներ, եւ քաղաքակիրթ աշխարհը այդպես էլ չհասկացավ իր մեծ կորուստը։
Ցավոք, այսօր էլ չեն հասկանում, ինչպես որ չեն հասկանում Հայոց Կիլիկիայի վերջին արձագանք Քեսաբ քաղաքի ողբերգությունը: Չհասկացան եւ կորցրեցին Բյուզանդիան, Արեւմտյան Հայաստանը, հունական Պոնտոսը, Հայոց Կիլիկյան թագավորությունը, իսկ այսօր՝ փոքրիկ Քեսաբը, որ հայկական բնօրրան է հազար տարի:
Այնինչ, կարծում եմ, եթե քաղաքակիրթ աշխարհը իրեն հռչակում է արդարության եւ իրավունքի պաշտպան, պիտի այսօր ձայն բարձրացնի եւ Կոստանդնուպոլիսը հռչակի Թուրքիայից անկախ քաղաք-պետություն՝ նեղուցներին տիրելու իրավունքով, ինչպես անկախ է Վատիկանը:
Այդպես կարծում եմ, մտածում եմ սակայն, որ քաղաքակիրթ աշխարհի հետնամուտքում մի ճակատագրական դուռ կա՝ Կերկապորտ անունով, որտեղից ներս է հոսում մեծ տերությունների մշտական շահը՝ թուրքերի կերպարանափոխված տեսքով:
Այդպես մտածում էի ու վախենում մեր մեծ ժողովրդի ու մեր փոքր երկրի համար։ Տեր Աստված, զգույշ լինենք ու փակ պահենք մեր երկրի Կերկապորտ դուռը, քանզի ամեն երկիր իր Կերկապորտ դուռն ունի…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ