Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի երկրորդ անակնկալը «ոչ իշխանական ուժերին»

Ապրիլ 11,2014 14:35

Եթե Սերժ Սարգսյանն արդեն ունի ընտրած իր իրավահաջորդին
Խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերը վարչապետի հրաժարականից հետո երեկ, կարելի է ասել, ապրեցին երկրորդ շոկը. Սերժ Սարգսյանը նրանց մատուցեց նոր անակնկալ` ի հայտ եկավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը` խորհրդարանական ուժերի հետ նախագահականում նախանշված հանդիպման նախաշեմին:

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ասել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձեւավորել միասնական եւ վերջնական դիրքորոշումներ:

Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը պետության կառավարման ձեւին անդրադառնալով՝ նախ կարծիք է հայտնել, թե գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է համարում, սակայն նաեւ հավելել է, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված հարցը պետք է դառնա հանրային քննարկումների առարկա. «Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»: Սերժ Սարգսյանն այնուհետեւ արել է «առաջին քայլը»` սահմանադրական բարեփոխումների քննարկումները անկաշկանդ հունի մեջ դնելու նպատակով, ասելով. «…Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:

Հայեցակարգի հանրային քննարկումները` մասնագետների, քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կարելի է ենթադրել, որ կձգվեն երկար ժամանակ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ 2015թ. վերջին կամ 2016թ. սկզբին այն կդրվի հանրաքվեի: Մինչ այդ՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը սահմանադրական բարեփոխումները պատրաստող հանձնաժողովը պիտի նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը, որը նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում պետք է պատրաստվի բարեփոխումների փաթեթը, անցնի քննարկումների եւ փորձագիտական զննության փուլ եւ, ամենայն հավանականությամբ, 2015թ. վերջին կամ ամենաուշը 2016թ. սկզբում դրվի հանրաքվեի:

Այսինքն՝ նոր վարչապետի նշանակումից առաջ հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որի արդյունքում նախագահը դառնում է խորհրդանշական պաշտոնյա, քանի որ իրական իշխանությունը պատկանելու է վարչապետին, որի պաշտոնում նշանակվելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ: ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետեւի օրենսդրի եւ գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։ Վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն:

Նման համակարգում.
ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարեւորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը եւ պաշտպանությունը,
բ) չի կարող լինել խորհրդարանի եւ հանրապետության նախագահի միջեւ առճակատում, քանի որ հանրապետության նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
գ) «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը եւ իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ եւ հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը,
դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջեւ,
ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ էականորեն կուժեղացվի ընդդիմության դերը,
է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը եւ երկրում աստիճանաբար երկբեւեռ դասական քաղաքական համակարգի ձեւավորմանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին, ապա դրանցից կարելի է եզրակացնել հետեւյալը` անգլիական թագուհու կարգավիճակում նրան նախագահի պաշտոնը չի հետաքրքրում: Իսկ հնարավոր վարչապետության թեմայի առումով նա խոսել է ընդամենը` «եթե»-ով. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:
Բացի այդ, եթե Սերժ Սարգսյանը վերջին անակնկալի բացահայտմամբ մտքում ունի արդեն ընտրած իր իրավահաջորդին, ապա կնշանակի, որ սահմանադրական բարեփոխումները հենց կոչված են իշխող համակարգի պահպանմանը` Սերժ Սարգսյանի պատկերացրած իրավահաջորդի պարագայում, որի շուրջ նա, անշուշտ, կարող է պայմանավորվել նաեւ «ոչ իշխանական» ուժերի հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վրույր says:

    Երրորդ անակնկալը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականը 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930