Ապրիլի 10-ին Իջեւանում կայացան «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի հետ կապված հասարակական լսումներ: Մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, որոնց մեծ մասը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի բարեկամներն էին: Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն՝ այդ ՀԷԿ-ը փաստացի Վ. Ներսիսյանի սեփականությունն է: ՓՀԷԿ-ի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԷԿ-ի նախագիծը կազմած «Գիդեպինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Նրա ասաց, որ «Իջեւան-1» ՓՀԷԿ-ի աշխատանքի համար օգտագործվող ջուրը վերցվելու է «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի աջ մասից , ժայռերի հատվածից , այնտեղ կառուցվելու է ճնշումային ավազան, ճնշման խողովակաշարի երկարությունը 330 մետր է,որից 70-80 մ-ը ձգվելու է Աղստեւ գետի աջ ափով: Ելույթ ունեցավ նաեւ բնապահպանության նախարարության փորձագետ Նազիկ Մկրտչյանը:
«Գիդեպինվեստ» ՍՊԸ-ի տնօրենին տողերիս հեղինակը հարցրեց` իր ղեկավարած ընկերությունը կատարել է «Խաչաղբյուր-2» Փոքր ՀԷԿ-ի նախագծումը, որտեղ բնապահպանական խախտումներ են թույլ տրվել, ի՞նչ երաշխիք կա, որ«Իջեւան-1» ՓՀԷԿ-ի նախագծում եւս նման խախտումներ չեն լինի: Ա. Գրիգորյանն ասաց, որ «Գիդեպինվեստը» «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի սկզբնական նախագիծը չի արել, իրենք կազմել են այդ ՓՀԷԿ-ի փոփոխված նախագիծը, իրենց ընկերությունը 2013թ. մայիս-հունիս ամիսներին «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի ամբողջ տեղանքը դիտարկել եւ բնապահպանական նորմերը պահպանել է , շինարարության տեխնիկական հսկողություն են իրականացրել եւ ներկայումս այդ ՀԷԿ-ը շահագործվում է: Հավելենք, որ «Գիդեպինվեստի» կազմած, փոփոխված նախագծից հետո, «2013թ. հունիսի 4-ին «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարության ժամանակ 26-ամյա էքսկավատորավարը իր տեխնիկայով մնացել է փլուզված ժայռի տակ , զոհվել:
«Ջրալույս» ՍՊԸ-ի տնօրեն, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աներ Արամայիս Ամիրյանին հարցրինք՝ ինքը տեղյա՞կ է, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ապրիլի 10-ին անվավեր է ճանաչել «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Նա ասաց, որ ինքը մեկ ամիս առաջ փաստաթղթերն ուղարկել է քաղաքապետին, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Իջեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկություններով՝ քաղաքապետ Վ. Ղալումյանը ճարտարապետահատակագծային առաջադրանքը չեղյալ է համարել 2 պատճառով: Նախ` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրվում է անշարժ գույքի իրավունքի վկայականի առկայության դեպքում, վկայականի տվյալները նշվում են այդ առաջադրանքի մեջ: Մեր տվյալներով՝ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տվել է 2011թ., իսկ անշարժ գույքի իրավունքի վկայական ձեռք է բերվել 2012 թվականին: Երկրորդ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է երկու տարի ժամկետի համար, որի ընթացքում շինարարությունը պետք է կատարվի: «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվել է 2011 թվականին:
Կարդացեք նաև
«Իջեւան-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումների ավարտին տհաճ միջադեպ եղավ: Երբ «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակիցը Արամայիս Ամիրյանին հարց ուղղեց, թե ովքե՞ր են փոքր ՀԷԿ-ի մյուս բաժնետերերը, վերջինս ասաց, որ դա նրա գործը չէ, իսկ Արամայիս Ամիրյանի կողքին կանգնած երիտասարդը՝ Վարուժան Ներսիսյանի եղբոր՝ Վրեժ Ներսիսյանի որդի Վարդան Ներսիսյանը լրագրող աղջկան կոպիտ ձեւով ասաց.՝ « Շատ հարցեր ես տալիս», լրագրողը ցանկացավ իմանալ, թե ո՞վ է նա, երիտասարդն ասաց. «ձեր հարցերին չունեմ պատասխանելու»: Լրագրողը հակադարձեց, ասելով,որ ոչ ոք չի կարող նման կերպ իրեն պատասխանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ