Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ Կովսականում

Ապրիլ 10,2014 22:43

Քաշաթաղի շրջանում բնակարանների խնդիրը  լուծելու նպատակով բնակչությանը հատկացվում է շինանյութ, բազմազավակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվում են բնակելի տներ: Վերջերս Կովսական քաղաքում կառուցվեցին 2 բազմաբնակարանոց շենքեր: Առաջին 6-բնակարանոցը շահագործման հանձնվեց անցյալ տարի, իսկ ապրիլի 10-ին իրենց նոր բնակարանների բանալիներ ստացան քաղաքի 12 ընտանիք, ովքեր պատսպարվել էին ժամանակավոր կացարաններում: Բնակարանների բանալիների հանձնման արարողությանը ներկա էր նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նորակառույցի մոտ երկրի ու շրջանի ղեկավարությանը տոնականորեն՝ եռագույն դրոշակները ծածանելով, դիմավորեցին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Այստեղ էին քաղաքի բնակիչները և հյուրեր հարևան համայնքներից: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին 1-ին դասարանի աշակերտ Սարգիս Մարգարյանը, ով հաստատեց, որ ինքն է հայրենիքի զինվորը, 7-րդ դասարանցի Ռազմիկ Քարամյանն ու 11-րդցի Եվա Տոնապետյանը: Այնուհետև ազգագրական պարերի շարանով հանդես եկան Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի Կովսականի մասնաճյուղի «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի համույթի պարուհիները:

IMG_0097

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը շնորհավորելով բնակարանների տերերին, ասաց, որ բազմաբնակարանոցը կառուցվել է ԼՂՀ կառավարության, Մեծի  Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, ՀՀ ԱԺ աշխատակազմի հատկացումներով ինչպես նաև «Թուֆենկյան», «Հայրենիք», «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին», «Օգնիր եղբորդ», Ֆրանսիայում գործող «Աջակցություն ինքնորոշված Արցախին», «Ագապե» բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների, Մամուզյան եղբայրներին, այլոց օժանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով բոլորից՝ ասաց, որ միասնությունն ավելի է զորացնում Կովսականը, հարակից բնակավայրերը:

IMG_0228

Կովսականի հիվանդանոցի բժիշկ, սիրիահայ  Մուշեղ Աթոյանը շնորհավորեց համաքաղաքացիներին՝ բնակարանամուտի առթիվ, շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության իշխանություններին, Քաշաթաղի շրջանի ղեկավարությանը՝ քաղաքի բնակչությանը նման նվեր հատկացնելու և սիրիահայերին սրտաբաց ընդունելու, աշխատանք ու կացարան հատկացնելու համար:

«Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն Մարո Մաթոսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ  1996 թվականից սկսած՝ ինքը ծրագրեր է իրականացրել Քաշաթաղի շրջանում: «Չէի հավատում, որ տարիներ անց նման առաջընթաց կգրանցվի, չէի մտածում, որ նաև Սփյուռքից այստեղ բնակություն կհաստատեն մեր հայրենակիցները: Մենք պետք է միասնաբար գործենք, որ հասնենք հաջողությունների», -եզրափակեց խոսքը Մարո Մաթոսյանը, ով արդեն ավարտել է իր առաքելությունն Արցախում:

1-ին և 2-րդ բնակարանների բանալիները հանձնեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Կարևորելով Քաշաթաղի շրջանի ռազմավարական նշանակությունը՝ երկրի Նախագահը բարձր գնահատեց մեր շրջանի բնակչության ծառայությունը հայրենիքի հանդեպ: «Սիրելի՛ քաշաթաղցիներ, դուք  ընդօրինակելի եք՝ որպես Արցախի քաղաքացիներ: Դուք մեր երկրի հաստատակամ բնակչության շարքում եք: Շրջանում առկա բազում դժվարությունների հաղթահարումը կայանում է ձեր՝ այստեղ ապրելով, արարելով: Այստեղ իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ բնակարանաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»: -Ասաց Բ. Սահակյանը և ավելացրեց, որ արդեն ավարտվել է տարածաշրջանի հիվանդանոցի կառուցումը, և շուտով այն կկահավորվի: Ավարտին է մոտենում նաև մանկապարտեզի շենքի կառուցումը: Այսուհետ ևս ծրագրեր կիրականացվեն՝ տարածքի բարգավաճման համար: Բնակարանների բանալիներ հանձնեցին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: 2 ընտանիքի նվերներ հատկացրեց ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: Նորակառույցի կարմիր ժապավենը կտրեցին տերերը՝ այստեղ բնակվող մանումները: Երեք դուստրերի մայր Նելլի Նիկողոսյանը չէր կարողանում զսպել ուրախությունը. վերջապես ունեն երազած բնակարանը: Երկրի Նախագահը, նրան ուղեկցող պաշտոնյաները՝ կառավարության ու ԱԺ անդամներ, բնակիչներ այցելեցին նոր բնակարաններ, շնորհավորեցին տերերին՝ մաղթելով բարին: Այստեղից ոտքով ուղևորվեցին նորակառույց հիվանդանոց, որտեղ երկրի իշխանավորներին դիմավորեց  անձնակազմը: Բակո Սահակյանը ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին, հիվանդանոցի խնդիրներին, զրուցեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Լուսինե Սարգսյանի, բժիշկների հետ: Հանձնարարեց առողջապահության նախարարին՝ մոտակա օրերին իրականացնել հիվանդանոցի կահավորումը: Առողջապահության նախարարն ասաց, որ շենքը բավարարում է հիվանդանոցի համար: Ինչ վերաբերում է բժիշկ-մասնագետներին՝  կա միայն գինեկոլոգի խնդիր, որը կլուծվի: Հաջորդ կանգառը հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի կառույցն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռ ընթանում են: ԼՂՀ Նախագահը հանձնարարականներ տվեց շինարարներին և քաղաքաշինության նախարարին՝ ժամանակին և որակով ավարտել աշխատանքները:

Եվս մի հաճելի արարողություն կայացավ մեր հայրենի երկրամասում՝ բնակարան ստացան 12 ընտանիք: Ոգևորող է նաև այն, որ շրջանի Աղավնու, Իշխանաձոր համայնքներում նույնպես ընթանում են բնակարանաշինական աշխատանքներ, իսկ շրջանի հոգսերը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են:

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930