Aravot.am-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչից` Գևորգ Ալեքսանյանից, որը չեմպիոնի հարազատ հայրն է, հետաքրքրվեց, թե ի վերջո ե՞րբ են վերանորոգելու Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը, մի՞թե այդքան ծախսատար է: Արթուր Ալեքսանյանը ու նաև դպրոցի այլ սաներ շարունակում են պատիվ բերել հայրենիքին` չեմպիոնի տիտղոսը նվաճելով, սակայն մարզվում են ողբալի պայմաններում, փաստացի նրանց անտեսում են: Կառավարությունը կես լումա անգամ չի ծախսում դպրոցի պայմանները փոքր-ինչ նորմալացնելու համար:
Ի պատասխան մեր հարցի, Գևորգ Ալեքսանյանը իր սրտե նեղվեց` ասելով. «Ծիծաղելի կլինի, եթե ասեմ, որ մի դպրոց վերանորոգելու համար մեր երկրի գումարները չեն հերիքում: Գիտեք ինչ, ես միշտ բարձրաձայնել եմ` մեծ սպորտը սկսվում է մանկապատանեկան սպորտից, եթե մենք մարզադպրոցներին չնայենք, մարզադպրոցից չսկսենք աշխատանքը, աշխարհի չեմպիոնները չեն լինելու: Չի կարող 20 տարեկան տղան գնալ աշխարհի առաջնության`իր հետևում չունենալով 10-15 տարվա աշխատանք: Իսկ դա մի քիչ անտեսված է, ես շուրջ 6-7 տարի անընդհատ դիմել եմ նախարարություն, տարբեր ատյաններ, որպեսզի վերանորոգման աշխատանքը կատարվի: Իսկ դա մի 1000-2000 դոլարի պատմություն չէ, որ ընկերներով հավաքվենք, անենք էդ ամեն ինչը, սա գլոբալ, մեծ թվերի հետ է կապված, կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ, որը պիտի կատարվի բյուջեի հաշվին: Ես միշտ փորձել եմ անել, միշտ պատասխանները հետաձգվել են` հաջորդ տարի, հաջորդ տարի… Հիմա խոստումներ էլ են տալիս, ես արդեն չեմ հավատում ոչ կառավարությունից, ոչ նախարարությունից, չեմ հավատում, որովհետև մարդուն մի անգամ, երկու անգամ խաբելուց հետո մարդ պիտի չխաբվի: Կհավատամ էն դեպքում, երբ որ պատրաստ կտեսնեմ դահլիճը, որտեղ կարող են երեխաները գալ ու ես չամաչեմ, որ ծնողը գա մտնի դահլիճ ու տեսնի, թե ինչ պայմաններում են իրենց երեխաները պարապում: Ես ամաչում եմ ծնողներից»:
Վերջինս ասաց, որ թեև ինքը շինարար չէ, սակայն իր հաշվարկներով մոտավորապես 400 հազար դոլար կպահանջվի դպրոցի վերանորոգման համար: «Մենք ծրագիր ենք ներկայացրել, չենք ասում լինեն իդեալական պայմաններ, մենք գնում ենք Եվրոպայի, աշխարհի դահլիճներն ենք տեսնում, էդ պայմանները չենք ուզում, մինիմալ պայմաններ ենք ուզում, որպեսզի դահլիճը տեսք ունենա, ջեռուցված, հարդարված լինի, բաղնիք ու շոգեբաղնիք ունենա: Սրանք մինիմալ պայմաններ են: Իսկ մեր դահլիճը էնպիսին է, դուք շատ եք տեսել, նկարահանել եք, երբ որ ես անգամ նկարահանված վիճակում եմ տեսնում, շատ վատ եմ զգում, տեղս չեմ գտնում», -ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ