Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի և կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ կառավարության ձևավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ներկա են եղել նաև խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հանրապետության Նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի