Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն քննարկել է աղանդների դեմ պայքարի հարցը

Ապրիլ 10,2014 19:55

Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվեց քայքայիչ աղանդների դեմ պայքարն ու անչափահասներին  աղանդների  մեջ ներքաշելու անթույլատրելիության հարցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել  այդ թեմայով ելույթի իր տեքստը, ուր ասվում էր.

«Հարգելի գործընկերներ, քանի՞ ընտանիք  պիտի կործանվեր, քանի՞ անչափահաս պիտի կործանվեր, որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնար  քայքայիչ աղանդներին եւ նրանց կործանարար հետեւանքներին։ Ես ողջունում եմ մեր գործընկերոջ՝  Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, եւ լինեմ անկեղծ՝ այն համարում եմ շատ ուշացած։ Երկու տարի առաջ, ես որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իմ մի քանի   գործընկերների հետ մեր խորհրդարանում նմանօրինակ նախագիծ ներկայացրեցինք, որը տալիս էր  «հոգեորսության»  սահմանումը եւ որը հնարավորություն կտար օրենքի ուժով  մեր քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից։ Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովը անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ՝ այն  համարելով խղճի ազատության ոտնահարում։ Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով եւ աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել եւ դա միանգամայն ողջունելի է։

Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից ու չենք պայքարում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում  ստրուկ, ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա մենք ուղղակի զբաղվում ենք երեսպաշտությամբ։ Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից՝ ընտանիքներին, անչափահասներին, տանում են դեպի երաշխավորված կործանում։ Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պատիժ են նախատեսում մարդկանց եւ առաջին հերթին  անչափահասներին տարբեր ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցությունների միջոցով՝ այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը։ Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես եւ իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավճիռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ  աղանդների դեմ։ Ես հույս ունեմ, որ այսօր իրավիճակ է փոխվել, տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները։ Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների եւ կրոնի ազատության միջեւ։ Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարեւոր զեկույցին եւ  կոչ անել ազգային խորհրդարաններին՝ անհապաղ  ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930