Թուրքական կառավարությունն ամեն կերպ փորձում էր ստիպել Միացյալ Նահանգներին ռազմական հարձակում սկսել Սիրիայի դեմ, բրիտանական London Review of Book’s հանդեսում նման սենսացիոն բացահայտմամբ է հանդես եկել հայտնի ամերիկացի հետաքննող լրագրող, պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը:
Իր ծավալուն հոդվածում նա մանրամասն ներկայացնում է 2013 թվականի օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցած քիմիական հարձակմանը նախորդած և հաջորդած դեպքերը՝ պնդելով, որ անցած տարվա աշնանը Մերձավոր Արևելքը հրաշքով խուսափեց լայնածավալ պատերազմից:
Հերշի պնդմամբ՝ արևմտյան պետություններին պատերազմական գործողությունների էր մղում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նպատակն էր «Սիրիայում Թուրքիային ենթակա պետության ձևավորումը»:
Ամերիկացի լրագրողի խոսքով՝ թուրքական կառավարությունը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ակտիվորեն աշխատում էր սիրիացի ծայրահեղականներ, մասնավորաբար, Ալ-Քաիդայի հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ Ան-Նուսրա» խմբավորման հետ:
«Թուրքական հետախուզությունը` MIT-ը, զբաղված էր իսլամիստների հետ քաղաքական կապերի ամրապնդմամբ, իսկ թուրքական ռազմական ոստիկանությունը զբաղվում էր նրանց ենթակառուցվածքային խնդիրներով, մարզում էր զինյալներին, սովորեցնում՝ ինչպես կիրառել տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ քիմիական զենքը»,- Հերշին փոխանցել է ամերիկացի պաշտոնաթող հետախույզներից մեկը:
Որպես հետևանք՝ 2013-ի գարնանն արդեն Հալեպի մերձակայքում քիմիական հարձակումներ արձանագրվեցին, որոնց իրական հեղինակները, Հերշի խոսքով, արևմտյան հետախուզական հանրությանը հայտնի էին: «Ձեռքի տակ ունենք 2013-ի հունիսին գրված մեկ զեկույց և առնվազն ևս 5-6 զեկույց` թվագրված գարնան ամիսներով: Դրանցում հստակ նշված է զարին գազի կիրառման շուրջ կապված վտանգների մասին և [այդ հարձակումներում] թուրքական ներգրավվածության մասին»,- նշում է Հերշը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ամերիկացի լրագրողի խոսքով՝ պաշտոնական Անկարան 2013-ի գարնանը ակտիվորեն փորձում էր համոզել նախագահ Օբամային` ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ` ասելով, թե քիմիական հարձակումների հետևում Բաշար Ասադի վարչակազմն է: Մայիսի 16-ին Սպիտակ տանը կայացած ճաշկերույթի ժամանակ թուրքական և ամերիկյան պատվիրակությունների միջև կրքերն այս առթիվ նույնիսկ թեժացել էին:
«Էրդողանը մատ էր թափ տալիս նախագահի վրա Սպիտակ Տան ներսում»,- նկարագրելով այդ օրվա քննարկումները՝ Հերշին պատմել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Թոմ Դոնիլոնը:
2013-ի օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած հարձակումից հետո, սակայն թուրքերի երազանքը, կարծես, իրականություն էր դառնում:
«Հարձակումից մի քանի օր անց Օբաման հրահանգում է կազմել Սիրիայում գտնվող այն թիրախների ցանկը, որոնք պետք է ենթարկվեին հրթիռակոծման: Առաջին նման ցանկը Սպիտակ Տնից հետ ուղարկվեց Պենտագոն` պատճառաբանությամբ, թե այն բավականաչափ ցավոտ հարված չի նախատեսում Ասադի ռազմական կառույցի համար: Հետագա օրերին ցանկը գնալով մեծանում էր, հստակեցվել էր նաև հարձակման օրը` 2013 թվականի սեպտեմբերի 2-ը»:
Վերջին պահին, սակայն, Ռուսաստանի ռազմական հետախուզությունը կարողանում է ապացույցներ հայտնաբերել, որոնք վկայում են, որ օգոստոսի 21-ի քիմիական հարձակումն իրագործել էին ընդդիմադիրները: Այդ ապացույցները ռուսները փոխանցում են բրիտանացի զինվորականներին, որոնք հետազոտում են դրանք «Փորթոն Դաուն» ռազմական լաբորատորիայում:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ -ի կայքում